
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի վերջին մի քանի ամիսների գործունեության ընթացքում դարձյալ սկանդալային բացահայտումներ են եղել: Բայց այս անգամ ոչ թե Աղվան Հովսեփյանի մտերիմ Արայիկ Հայրապետյանի` «Լավանդայի Արայիկի» նման «մանր ժուլիկների» մասին է խոսքը, այլ մի ողջ ավիաընկերության:
Թերթի տեղեկություններով, ՎՊ-ն բացահայտել է, որ երկրում մոտ երկու տարի է, ինչ գոյություն ունի մի ավիաընկերություն, որին պատկանում է 24 ինքնաթիռ` ուղևորատար և բեռնատար, սակայն որևէ պետական ատյանում այս ավեիաընկերությունը գրանցված չէ: Իսկ եթե գրանցված չէ, բնականաբար 24 ինքնաթիռներով գործունեություն ծավալող այդ ընկերությունը մի լումա անգամ չի վճարում պետությանը:
ՎՊ աշխատակիցներն ուսումնասիրել են այդ ոլորտը և պարզել, որ եթե նման ընկերություն գրանցվեր Անգլիայում, ապա պետք է միայն գրանցման համար 1 մլն 800 հազար ֆունտ ստերլինգ վճարեր. Իսկ եթե գրանցվեր Արաբական էմիրություններում, որը համարվում է ամենաէժան երկրներից մեկը, ապա կվճարեր 1 մլն ԱՄՆ դոլար: Իսկ Հայաստանում այդ ընկերությունը վճարել է 0 դրամ, էլ չենք խոսում հարկերի, տուրքերի մասին, որոնք ևս երբեք չեն վճարվել: Թե ում է պատկանում ընկերությունը, ՎՊ աշխատակիցները դեռ չեն ցանկանում գաղտնազերծել, բայց շատ շուտով դա էլ կբացահայտվի:
Թվանկարչության առաջին փուլը
Ըստ Ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալների, 2008թ.-ի յոթ ամիսների ընթացքում Երևանում հաշվառված քաղաքացիների թիվն ավելացել է ընդամենը 4.2 հազարով, իսկ 2009թ. հունվարից մինչև ապրիլի 21-ը` մոտ 7,5 հազարով:
«ՉԻ» - Հասկացա՞ք, թե ինչպես է պատահել, որ հունվարից թիվը կտրուկ ավելացել է: Չէ, ուրիշ բան չմտածեք, պարզապես հազարավոր մարդկանց մեջ միանգամից բուռն ցանկություն է առաջացել անպայման հաշվառվել Երևանում: Եվ անպայման` մինչև քաղաքապետի ընտրությունները: Բայց այդ ամենն ընտրությունների հետ կապ չունի, պարզապես հաճելի է գարնանը Երևանում հաշվառվելը:
Ի դեպ, անցած երեքուկես ամիսների ընթացքում Երևանում հաշվառված փախստականների թիվն ավելացել է 2.5 հազարով: Որքան հիշում ենք, 1992թ-ից հետո դեպի Հայաստան փախստականների ալիք չի եղել: Հարց է ծագում` բա որտե՞ղ էին այդ փախստականները 17 տարի շարունակ, և ինչո՞ւ որոշեցին հաշվառվել հենց հիմա: Այնպես որ, ըստ երևույթին, Երևանում հաշվառվելու ցանկությունն այնքան էլ ինքնաբուխ չի եղել: Ոստիկանությունը թաղայինների միջոցով պարզապես «հայտնաբերել է» մարդկանց և ստիպել անպայման հաշվառվել ու մասնակցել ընտրություններին, որպեսզի հետո «պրոբլեմներ չունենա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել