
Մայիսի 1-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը դարձավ անցած երկու ամիսների ընթացքում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում արձանագրված փոփոխությունների յուրահատուկ ստուգատեսը, իսկ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը` այդ ամենը գնահատելու առաջին փորձը:
Ակնհայտ է, որ չնայած մայիսի 1-ի հանրահավաքը կայացավ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ, բայց այն նկատելիորեն ավելի սակավամարդ էր մարտի 1-ի միջոցառումից: Ավելին` զգացվում էր մասնակիցների տրամադրությունների անկում և ընդհանուր անտարբերության աճ:
Միտինգավորների ակտիվ մասը Տեր-Պետրոսյանից ակնկալում էր ոչ երկրի ներքին ու արտաքին կացության «խոր գիտական վերլուծություն» և ոչ էլ անգամ` իշխանությունների քաղաքականության «ջախջախիչ քննադատություն»: Մեծամասնությանը հետաքրքրում էր ընդամենը մեկ հարց. ու՞նի առաջնորդը այդ ամենի հաղթահարման ուղիների հստակ պատկերացումը:
Սակայն ելույթ-դասախոսությունը ցույց տվեց, որ վերջինս ոչ միայն զուրկ է այդ ամենից, այլև անգամ մտադիր էլ չէ դիմելու հեռուն տանող քաղաքական քայլերի ու տեսանելի հեռանկարում հակված է որոշակի կոմպրոմիսի գնալ իշխանության հետ:
Իշխանության ու նրա առաջին դեմքին ուղղված Լ. Տեր-Պետրոսյանի «թափանցիկ ակնարկները» գալիս են հաստատելու, որ նա փնտրում է քաղաքական ասպարեզից «պատվով հեռանալու» մի այնպիսի եղանակ, որը թույլ կտա գոնե պահպանել սեփական դեմքը:
Լինելով հաշվենկատ ու միաժամանակ խիստ զգուշավոր անձնավորություն, Տեր-Պետրոսյանը ներքուստ համոզվել է.
Առաջին` 2008թ. նախագահական ընտրությունների և դրանց հետևած` մարտի 1-ի իրադարձությունների խաղարկման ներքաղաքական ռեսուրսներն արդեն սպառվել են:
Երկրորդ` Հայաստանի շուրջ սկսել են զարգանալ այնպիսի բուռն ու հակասական իրադարձություններ, որ այսուհետ Արևմուտքը «լավ աչքով» չի նայի մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները «գունավոր հեղափոխության» նոր սցենարի վերածելու ընդդիմության ցանկությանը:
Երրորդ` երկրի արտաքին քաղաքականությունը քննադատող արմատական-ազգայնականի գործառույթը, թեև ներկայումս ակնհայտորեն` «պահանջված է» Հայաստանի ներքաղաքական կյանքում, բայց լիովին հակասում է ոչ միայն Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի էությանը, այլև չի տեղավորվում Երևանի քաղաքապետի աթոռի համար պայքարի ընդհանուր տրամաբանության մեջ:
Արդյունքում` Լ. Տեր-Պետրոսյանը սկսել է հրաշալի գիտակցել, որ ինքը վաղ թե ուշ պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, և խնդիրը միայն այն է, թե ի՞նչ հիմնավորումով է կատարելու այդ ճակատագրական քայլը: Հեռանալ պայքարի թեժ պահին, առվել ևս` պարտվածի կարգավիճակով, նա չի կարող, իսկ մնալ ու նորից պարտվել` չի ցանկանում:
Մնում է մի տարբերակ. օգտագործել Երևանի քաղաքապետի աթոռի համար սկիզբ առնող ընտրապայքարը, շիկացնել ներքաղաքական մթնոլորտը և այն հասցնելով համապատասխան «կոնդիցիայի», վճռական պահին փոխզիջման գնալ իշխանության հետ` երկրի ներքաղաքական կայունության ապահովման և արտաքին-քաղաքական «ընդհանուր նպատակներին» իրագործմանը նպաստելու «ծանրակշիռ փստարկներով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել