Տիգրան Կարապետյանն այսօր դիմելու է Սահմանադրական դատարան
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հայցը, որ ներկայացվել էր Վարչական դատարան, մերժվել է, և հիմա կուսակցությունը պատրաստվում է այն վիճարկել Սահմանադրական դատարանում:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնեց Տ. Կարապետյանը` նշելով, որ այդ դատավարությունը մի էպիզոդ էր, որը պատիվ չի բերում ԿԸՀ-ին կամ դատարանին, որովեհետև «ակնհայտ ձգտում են ի սկզբանե ստեղծել այնպիսի հանգամանքներ, որոնցից կարող են որոշ ուժեր օգտվել»:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 10-ին կայացրել էր համապատասխան որոշում, ըստ որի` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նաեւ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք` մայրաքաղաքում 15 օր առաջ հաշվառում ստանալուց հետո: Ժողովրդական կուսակցությունը որոշումը բողոքարկելու հայցով դիմել էր Վարչական դատարան:
«Ես ասում էի ու հիմա էլ եմ ասում, որ տեղական ինքնակառավարման կառույցների ընտրությունը միայն պետք է կատարեն տեղի բնակիչները, որովհետև դա տեղի գործոն է, համապետական ընտրություն չի: Որևէ մեկը, ով չի բնակվում Երևանում, ինչո՞ւ պետք է քաղաքապետ կամ ավագանի ընտրի: Ես համարում եմ, որ դա ակնհայտ սադրանք է ընտրություններին»,- ասաց նա` ավելացնելով, որ մեր դատավորները վախից ի նպաստ իշխաննությունների են վճիռ կայացնում, բայց, ի վերջո, դա արդարադատության ինստիտուտ է և պետք է բարձր պահի իր հեղինակությունը: Տ. Կարապետյանը շեշտեց, որ ինքը շատ հիասթափված է, ու հենց այսօր իրենք գործը կհանձնեն Սահմանադրակաան դատարան:
Տիգրան Կարապետյանը նախապես հայտարարել էր, թե ինքը համոզված է, որ հայցը մերժվելու է: Այնուամենայնիվ, նա դիմեց դատարան, իր խոսքով` սկզբունքի համար, քանի որ իր համար սկզբունքն ավելի բարձր է, քան ինչ-որ մեկի վճիռը:
«Համոզված էի, որ կմերժեին, որովհետև կոնգրեսականների նույն հայցը վարչական դատարանը մերժել էր, և ԿԸՀ-ի ներկայացուցիչը դատավորին հուշեց, որ անցյալ նիստում արդեն մերժել են, իբր` դու էլ մերժի: Ինչը և արեց դատավորը»,- ասաց նա:
Դատարանի վճիռը Տիգրան Կարապետյանն իբրև իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք չի ընդունում: «Ես համարում եմ, որ այդ անձնավորությունը ստորադաս է ու կատարեց հերթական հրահանգը: Սահմանադրական դատարանի համար էլ ես մի անգամ ասել եմ, որ ՍԴ-ի դատավորի աթոռը 20 սմ բարձր է մյուսներից, և ես փորձելու եմ այնպես անել, որ ինքն ընկնի այդ աթոռից, եթե մերժի»,- հավաստիացրեց Ժկ նախագահը:
Անդրադառնալով ՀՅԴ-ի` կոալիցիայի կազմից դուրս գալուն, Տ. Կարապետյանը նշեց, որ ինքը միշտ էլ լավ է վերաբերվել Դաշնակցությանը, բայց զարմանում է 150 տարվա պատմություն ունեցող այդ ավանդական կուսակցության վրա: «Կուտը տվեցին, կերավ` դուրս եկավ, ներս մտավ` կորցրեց իր հեղինակությունը հենց նախընտրական շրջանում: Միակ մարդը, ով անհատական հեղինակություն ձեռք բերեց, Արթուր Աղաբեկյանն էր, ով մինչև վերջ որպես տղա մնաց, ասաց` չեմ ընդունի: Այստեղ անձնական կամ կուսակցական շահի խնդիրն է, չեն կարում կտրվեն կերակրատաշտից: Բայց կան մարդիկ, որոնք ամեն ինչի վրա թքած ունեն, եթե դա վերաբերում է իրենց սկզբունքներին: Ես համարում եմ, որ Դաշնակցությունը հիմա իրենց «մահ կամ ազատություն» այդ կարգախոսի մեջտեղում են»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել