HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Մեղրի-Երևան մայրուղով անվտանգ կարող ես անցնել, եթե բախտավոր աստղի տակ ես ծնվել

«Ուզում ես բախտդ փորձել` անցիր Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Գորիսի տարածքով անցնող վթարային հատվածով»,-ահա այսպես են արդեն կատակում թե ուղեւորները, թե պաշտոնյաները: Հիշեցնենք, որ մայրուղու 243 կմ-ի վրա (Քարահունջ գյուղի մերձակայքում) վերջին մեկ ամսվա առատ տեղումներից ակտիվացել են սողանքներն ու ճանապարհն այժմ խիստ վտանգավոր է դարձել երթեւկելու համար: «Գորիսի ՃՇՇ» ԲԲԸ-ն  սկսել է 1.6 կմ երկարությամբ սողանքային հատվածի շրջանցման աշխատանքները: Սողանքային հատվածը շրջանցող ճանապարհի կառուցումն օրակարգային է դարձել դեռևս անցյալ տարի: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի, միջպետական ճանապարհի այդ հատվածում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն` ճանապարհը սպասարկող ճանշին կազմակերպությունների եւ ավտոտեսուչների կողմից: Ճանապարհն ապահովված է նախազգուշական նշաններով: Այս ամենով հանդերձ, չի բացառվում, որ այդ հատվածով անցնող մեքենաները ցանկացած պահի գահավիժեն գետը: Հողի սողքի հետ միասին հսկայական ժայռաքարեր են գլորվում: Մի հսկա ժայռաբեկոր ներկայումս զբաղեցրել է վթարային այս հատվածի գրեթե մեծ մասը, որի հետեւանքով երթեւկությունը դարձել է միակողմանի: Երթեւեկը հատկապես վտանգավոր է դարձել բեռնատար մեքենաների համար ու արդեն վթարներ գրանցվել են:  Նշենք, որ այս հատվածով են երթեւկում նաեւ Իրանի իսլամական հանրապետության հսկա բեռնատարները: Վերջին մեկ շաբաթում ամեն օր ճանապարհը մի քանի ժամով փակ է լինում: Ստիպված պետք է օգտվել Գորիսից Կապան տանող երկու այլընտրանքային` Գորիս-Տաթեւ-Աղվանի կամ Գորիս-Խոտ-Որոտան ճանապարհներից: Սակայն վերջիներս ավելի անմխիթար վիճակում են ու նախընտրելի է մի քանի ժամ սպասել, քան փորձել բախտը` օգտվելով այլընտրանքային երթուղիներից: Դեռեւս ապրիլի 18-ին տեղի ունեցած փլուզումից հետո կապի եւ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները պետք է մարզ գործուղվեին ու  տեղում ուսւոմնասիրություններ կատարեին: Սակայն այդպես էլ նրանք չեկան: Խնդիրը խիստ մտահոգել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ու նրա ահազանգով հիշյալ նախարարության հանձնախումը առաջիկա 2 օրում կգա Սյունիք: Առաջին հերթին մասնագետները պետք է լուծեն ջրահեռացման հարցը, մասնավորապես պետք է պարզվի ճանապարհը ողողած ջրի աղբյուրը, որից հետո որոշվի մայրուղին ջրազերծելու ամենահարմար տարբերակը: Բացի սրանից նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելիս, չի նախատեսվել շրջանցիկ ճանապարհի կառուցման  նպատակով տասը ընտանիքի այգիների իրացման փոխհատուցման հարցը, ինչը, պատասխանատուների հավաստմամբ, լուծելի է և չի կարող խոչընդոտել մեկնարկվելիք աշխատանքներին: Նախագծային մոտ 1 մլրդ դրամի այդ աշխատանքներից ընթացիկ տարում կկատարվի 225 մլն դրամի աշխատանք, իսկ պետբյուջեից արդեն 250 մլն դրամ է հատկացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter