HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ. Կարապետյանն այլընտրանքներ է առաջարկում

Երևանի ավագանու ընտրություններում Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողներին ներկայացրեց նախընտրական իր ծրագրերը, ինչպես նաև` քաղաքապետ դառնալու դեպքում իր անելիքները: Տ. Կարապետյանը նշեց, որ իրենք ունենալու են համայնքային և բակային հանդիպումներ: «Երեք կարգախոս ունենք` «սեր», «երաշխիքներ երևանցիներին» և «վեհ քաղաքին վեհ մոտեցում»: Մենք համարում ենք, որ չի կարելի քաղաքապետին կապել աղբահանության հետ: Սեր ասելով էլ` ի նկատի ունենք նախ մեր հավատքի մոտեցումը` սիրեք միմյանց: Եվ երկրորդ` սիրո պակաս ունենք, այսօր քաղաքական դաշտում անհանդուրժողական մթնոլորտ է, ատում են միմյանց: Մենք երրորդ ուժն ենք: Մենք չենք ատում ո’չ իշխանությանը, ո’չ ընդդիմությանը, մենք նրանց սիրում ենք»,- հավաստիացրեց նա` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, նախկին և ներկա իշխանավորներ չկան, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է իշխանավոր, Սերժ Սարգսյանն էլ, նրանք իր համար նույնն են: Իսկ ինքը` Տ. Կարապետյանը, իշխանավոր չէ, ինքը ոչ մի աթոռ չի զբաղեցրել: «Այսօր ես ավելի սուր եմ քննադատում, քան կոնգրեսականները, նրանք գուցե իմ կարգախոսին են հետևել, սեր ունեն միմյանց հանդեպ ընդդիմությունն ու իշխանությունը»,- ասաց նա: Տ. Կարապետյանի հավաստմամբ` ոչ մի թեկնածու իր մոտեցումները չունի: Ըստ նրա` երևանցին չունի այլընտրանք: «Օրինակ` հեռուստատեսության դաշտում ես եմ իրենց համար այլընտրանք, տարբերվում եմ Հ1-ից: Այսպիսով, կա երթուղի` 100 դրամով, ես առաջարկում եմ այլընտրանք` 50 դրամանոց, ու ասեմ` ինչպես: Բերում են ավտոբուսներ, տալիս մասնավորին ու ասում` ութ ժամ աշխատիր քո համար, ութ ժամ` պետության: Եվ սարքին պահիր ավտոբուսները, դու ես հոգում, մենք ծախս չենք անում: Ես համոզված եմ, որ հիմա հայտարարություն տամ, հերթ կկանգնեն: 100 դրամանոցներն ամեն տեղ կանգնում են, որտեղ ձեռք են բարձրացնում, իսկ 50-անոցները հստակ պետք է կանգառում կանգնեն: Ու արդեն բնակչի որոշումն է`իր ոտքի կողքը՞ կանգնի մեքենան, թե՞ կանգառում»,- ասաց Տ. Կարապետյանը: Իր ծրագրի 120 կետերից մեկն էլ, Տ. Կարապետյանի խոսքերով, մեկ հացի գործարան բացելն է: «Հացը պետք է ունենա ստանդարտ, այդ մի հացի գործարանը ստանտարտը պետք է պահպանի` քաշը, տեսքը, մնացածն էլ հետևեն այդ ստանդարտներին: Որ դա լինի այլընտրանք»,-ասաց նա: ԺԿ նախագահն անհանգստացած է նաև գիշերելու տեղ գտնելու խնդրով: «Այսօր եթե որևէ մեկը նեղացել է իր կնոջից կամ տեղ չունի քնելու, որտե՞ղ պետք է գիշերի: Հյուրանոց կա` 100-200 դոլարով, բայց կացարան, որ 500 դրամ տա, քնի, չկա: Ճաշարաններ չունենք: Ճաշարան, ոչ թե ռեստորան, որ մի աման ճաշ տան, վերջում էլ` կոմպոտ: Մշակույթը, երգը, պարը էլիտար պետք չէ դարձնել: Ինձ ժամանակին քննադատում էին, որ ես գյուղերից մարդկանց էի բերում, այնինչ պետությունը պետք է դա անի: Պիոներպալատները ես կրկին կբացեմ` իրենց խմբակներով»,- ասաց նա: ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն առաջարկում է Նորքում մետրոյի կայարան բացել: Տ. Կարապետյանը, սակայն, գտնում է, որ Արծվիկ Մինասյանը նախ պետք է մտածեր` ինչու է խախտել օրենքը և դարձել թեկնածու` չլինելով երևանցի: «Հետո էլ` մետրո որտեղ էլ լինի, ընդհուպ` Շորբուլախում, կողմ եմ, բայց դա պետք է ռեալ լինի, ասելով չի: Տեսեք, վերջերս սարքած բոլոր թունելները կաթում են»>,- ասաց նա: Նախընտրական շրջանում թեկնածուների միջև քաղաքական բանավեճերը Տ. Կարապետյանն անվանում է «սուտ գործ»: «Նստում են գեղեցիկ դեմքերով, չեն էլ ամաչում, քննադատում են կաշառք տվողին: Փող բաժանողին քննադատում են ու իմ վրա են նայում: Ես չեմ բաժանում, ի սեր Աստծո: Իրենք մտնում են տները, հարցնում են` պարտք ունե՞ք: Ասում են` հա: Բա` ո՞ւմ ես ընտրելու, բնակիչն էլ թե` Կարապետյանին: Ասում են` ինչո՞ւ ես նրան ընտրում, մենք պարտքդ կմարենք: Իսկական կոլխոզ-շուկա է: Բա ամոթ չի՞: Ու տենց մարդկանց հետ էլ նստի ու բանավիճի: Էն օրը առյուծ տիկնոջը լսում եմ (խոսքը Հեղինե Բիշարյանի մասին է - Ն.Հ.), ասում է` մենք սկզբունքային ենք, մեր պես սկզբունքային չկա: Տո նոր պղծեցիր»,- նշեց ԺԿ նախագահը: Իր ընտրվելու դեպքում Տ. Կարապետյանը կադրային ջարդ չի իրականացնելու: Իր խոսքով` իրենք 20 հոգանոց ցուցակ ունեն և չեն ուզում մենաշնորհ ունենալ քաղաքապետարանում: «Մենք ուզում ենք աշխատել բոլորի հետ: Այսօր ինչքան կուսակցություններ կան, բոլորի հետ միասին կաշխատենք: Իսկ եթե մենք չլինենք, ուրիշը լինի, մեզ բանի տեղ էլ չի դնի: Այ դա է տարբերությունը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter