Կարեն Բաբուրյան. «Թուրքիան երբեք չի դադարել պատերազմել հայ ժողովրդի ու հայկական պետության դեմ»
«Ցավոք, ներկայումս բանակցային գործընթացի ուրվապատկերը էական փոփոխություններ է կրել, ըստ որում` մեզ համար ոչ ավելի լավ ուղղությամբ: Ինչպես հայտնի է, մինչեւ 1997 թվականը Լեռնային Ղարաբաղը բանակցություններում միշտ հանդես է եկել որպես լիիրավ կողմ: Այդպես է եղել եւ Բիշքեկում, եւ` ավելի ուշ` ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերին համապատասխան, որը ճանաչել է հակամարտության երեք կողմեր: Այսօր բանակցային գործընթացը գնում է հատած ձեւաչափով, այսինքն` նրանից Լեռնային Ղարաբաղը փաստորեն դուրս մղված»,-նշել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախկին ղեկավար, ներկայումս ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը` «Ազատ Արցախ»-ին տված հարցազրույցում:
Նա մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները, նշեց, որ վերջին ժամանակներս ակտիվանում է Անկարայի միջնորդական դերը, նույնիսկ խոսվում է, որ մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վեցակողմ բանակցություններ են սպասվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Շվեյցարիայի մասնակցությամբ: Կարեն Բաբուրյանի կարծիքով, ըստ էության, իրացվում է Ադրբեջանի մտադրությունը` փոխել գոյություն ունեցող ձեւաչափը եւ նրանից դուրս մղել Ֆրանսիան, որին կփոխարինի Եվրոպական միությունը կամ Թուրքիան:
«Գտնում եմ, որ ստեղծված ոչ դյուրին իրադրությունում հայկական դիվանագիտությունն ավելի հարձակողական պետք է լինի: Չէ որ ըստ էության, Հայաստանի շրջափակումը, որն առայսօր այդպես էլ չի վերացված, ոչ այլ ինչ է, եթե ոչ` թշնամական գործողություն, չհայտարարված պատերազմի տարր եւ ցեղասպանության քաղաքականության շարունակում: Ըստ երեւույթին, ժամանակն է` հայկական երկու պետություններն ու Սփյուռքը դադարեն հայոց ցեղասպանության մասին խոսել միայն Օսմանյան կայսրության վերաբերմամբ, քանզի խոսքը կարող է գնալ Թուրքիայի մասին` որպես այդպիսին, այդ թվում եւ ներկայիս թուրքական պետության, որը ժխտում է այդ հրեշավոր ոճրագործության բուն փաստը: Պետք է միջազգային ընկերակցության աչքերը բացել այն բանի վրա, որ Թուրքիան երբեք չի դադարել պատերազմել հայ ժողովրդի ու հայկական պետության դեմ եւ ճնշում գործադրել նրանց վրա: Իմ կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ է ՄԱԿ-ում բարձրացնել շրջափակման հիմնախնդիրը եւ հասնել այն բանին, որ այդ միջազգային կազմակերպությունը բանաձեւ ընդունի տվյալ հարցի վերաբերյալ: Դա են հրամայաբար պահանջում հայ ժողովրդի շահերը»,-ավելացրել է Կարեն Բաբուրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել