Նախագահը հանդիպել է ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ:
Ողջունելով երիտասարդ հյուրերին` նախագահը շեշտել է Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ուժեղ ուսանողական խորհուրդների կայացման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի` ուսանողը սովորելու տարիների ընթացքում ոչ միայն պետք է քայլեր անի գիտության ու գիտելիքի աշխարհում, այլեւ դաստիարակվի որպես ապագայի քաղաքացի: Մեր իրականության մեջ առկա խնդիրներից առանձնացնելով հասարակության ինքնակազմակերպման մեխանիզմների անկատարությունը, ինքնակազմակերպման ավանդույթների պակասը` նախագահը նշել է, որ սա իսկապես կարեւոր ոլորտ է եւ կապվում է նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտության հետ: Ուժեղ ուսանողական խորհուրդների կայացումն ունի հասարակության ինքնակազմակերպումը խթանող գործառույթ: Հենց այստեղ է, որ թերեւս առաջին անգամ երիտասարդները սովորում են ընդհանուր նպատակի շուրջ միավորվել, ինքնակազմակերպվել, համատեղ որոշումներ ընդունել, պայքարել սեփական շահերի համար: Սա առանձին մշակույթ է, որի արմատավորումը մեծապես կարող է նպաստել ամենատարբեր ոլորտներում հասարակության ուժերի համադրման կարողությունների զարգացմանը: Երկրի ղեկավարի խոսքով` «եթե կայանան ուժեղ ուսանողական խորհուրդներ, նշանակում է, որ վաղը հեշտությամբ կարող են կայանալ ուժեղ համատիրություններ, ուժեղ արհմիություններ, եւ ինչու չէ` նաեւ ուժեղ կուսակցություններ»:
Հիշելով հայտնի թեւավոր խոսքը, թե «Ապագան երիտասարդներին է»` նախագահն ասել է. «Մենք չենք ուզում, որ այս պատկերավոր խոսքի տակ մարդիկ հասկանան, որ «ներկան երիտասարդներինը չէ»: Իհարկե, փորձը մեծ բան է, եւ երբեք որեւէ մեկը, եթե նա խելամիտ մարդ է, փորձից չպետք է հրաժարվի: Բայց միեւնույն ժամանակ, մենք պետք է նաեւ հասկանանք, հաշվի առնենք, որ փորձը լինում է ե՛ւ դրական, ե՛ւ բացասական: Փորձառու պաշտոնյան, անշուշտ, մեր երկրի շատ լավ, շատ օգտակար քաղաքացին է: Բայց, ցավոք, շատ պարագաներում փորձված պաշտոնյան փորձված է լինում նաեւ չարաշահումների մեջ: Այնպես որ, ամենից ճիշտ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք հաջողությամբ համադրել փորձն ու երիտասարդական ավյունը: Մենք պատրաստ ենք դա անել, բայց նաեւ պետք է տեսնենք դրան պատրաստ երիտասարդներ»:
Օրինակ բերելով շախմատից` Սերժ Սարգսյանը նշել է. «Մինչեւ վերջին տարիները շախմատում տոն էին տալիս հասուն տարիքի, փորձված գրոսմայստերները: Իսկ այսօր երիտասարդներն իրենց վրա են վերցրել առաջնորդի դերը: Հիմա արդեն ութ, ինը, տասը տարեկան երեխաները հաջողությամբ պայքարում են փորձառու գրոսմայստերների դեմ, աշխարհի առաջնության առաջատարները համատարած երիտասարդներ են, եւ սա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ այսօրվա աշխարհը կարիք ունի թարմ մտքերի, կարիք ունի ոչ ստանդարտ լուծումների: Եւ հենց այս պատճառով երիտասարդների հնարավորությունները դառնում են անսահմանափակ»: Նախագահը նշել է, որ Հայաստանում էլ երիտասարդների համար կա գործելու անսահամանափակ մեծ դաշտ, կարիք կա նախաձեռնող պետական պաշտոնյաների, նախաձեռնող պետական շինարարությամբ զբաղվող մարդկանց, երիտասարդ նախաձեռնող գիտնականների: «Եւ այս խնդիրները դուք պետք է լուծեք: Ձեր նախորդ սերունդները պատվով են կատարել իրենց պատմական առաքելությունը. ձեր պապերի, ձեր տատերի շնորհիվ է, որ Հայաստանը դարձել է համատարած գրագիտության երկիր, որ Հայաստանում մեծ ակնածանքով են վերաբերում կրթությանը եւ կիրթ մարդկանց: Ձեր հայրերը, մայրերն ու քույրերը կարողացել են կառուցել, կերտել ազատ, անկախ Հայաստան, եւ այժմ դուք պետք է կարողանաք շարունակել այդ գործընթացը, իսկ առանց գիտելիքի, առանց ակտիվ հասարակական դիրքորոշման անհնարին է դա անել»,-ասել է Սերժ սարգսյանը:
Նշելով, որ երիտասարդությունը շատ խնդիրներ ունի` Սերժ Սարգսյանը առանձնացրել է դրանցից մի քանիսը:
«Առաջին, երիտասարդները պետք է մշտապես զբաղվի մեր անկախ պետականության ամրապնդմամբ: Առանց ակտիվ երիտասարդության մենք չենք կարող ունենալ ուժեղ պետականություն, իսկ առանց ուժեղ պետականության անհնար է մեր երկրի զարգացումը:
Երկրորդ, երիտասարդները պարտավոր են լինել նոր գիտելիքի ստեղծողներն ու կիրառողները: Բոլոր բնագավառներում` հայագիտությունից մինչեւ ճշգրիտ գիտություններ, մենք երիտասարդ գիտնականների մեծ կարիք ունենք:
Երրորդ, մեր երիտասարդները պետք է լինեն ազատ երկրի ազատ քաղաքացի: Եթե մարդն ինքն իրեն ազատ չի զգում, նա չի կարող մեծ գործեր կատարել, իսկ որ մեր երկիրը մեծ գործերի կարիք ունի, որեւէ մեկը սրանում չի կասկածում»:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահի խոսքից հետո շահագրգիռ քննարկում եւ մտքերի փոխանակություն է ծավալվել ուսանողությանը հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես` անդրադարձ է եղել կրթական ոլորտի բարեփոխումների գործընթացին, պետպատվեր-աշխատաշուկա հարաբերակցությանը, սոցիալական հարցերի, ասպիրանտուրայի ընդունելության եւ կադրերի վերարտադրման խնդիրներին, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ուսանողների խնդրանքով երկրի ղեկավարը խոսել է նաեւ արտաքին քաղաքական հրատապ խնդիրների մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել