S.O.S. Սեւանը հանդիպում է Սեւանի ավազանի բնակչության հետ
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
S.O.S. Սեւան հասարակական շարժման՝ «ԷկոԼուր» եւ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ների ներկայացուցիչներն ապրիլի 30-ին Սեւան քաղաքում հանդիպեցին տեղի համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Սեւանի՝ ձկնորսությամբ զբաղվող ամենամեծ գյուղերի՝ Ծովագյուղի եւ Նորադուսի բնակիչների հետ:
Սեւան քաղաքում հանդիպումն անցավ տեղի ՀԿ-ների, «STV1» հեռուտաստուդիայի, Կանաչների միության Սեւանի մասնաճյուղի, Սեւանի քաղաքապետարանի, «Սեւան» ազգային պարկի, «Սեւան» երիտասարդական ակումբի, «Սեւան» թերթի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ:
Ծովագյուղում հանդիպման մասին նախօրոք պայմանավորվածություն կար, սակայն գյուղապետը մինչ հասարակական կազմակերպությունների ժամանելը հանկարծակի մեկնեց: Հանդիպմանը մասնակցեցին գյուղի բնակիչները, երիտասադությունը, տեղի մտավորականության ներկայացուցիչները:
Նորադուսում հանդիպմանը մասնակցեցին տեղի ձկնորսները, գյուղապետարանի ներկայացուցիչները:
S.O.S. Սեւան խումբը հանդիպումների ժամանակ ներկաներին ծանոթացրեց ՀՀ նախագահին եւ լայն հասարակայնությանն ուղղված դիմումների հետ, որոնցում կոչ է արվում կանգնեցնել Սեւանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության եւ պոչամբարի կառուցումը եւ երաշխիքներ ներկայացնել, որ «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, որն արգելում է հանքարդյունաբերական գործունեությունը Սեւանի ավազանում, մնա անփոփոխ:
Ներկայացվեցին նաեւ S.O.S. Սեւան կամպանիայի մանրամասները, մասնավորապես, թե ինչ տեսակետներ են հրապարակայնորեն հնչել բնապահպանական ոլորտի եւ Սեւանա լճի էկոհամակարգի համար պատասխանատու գերատեսչությունների՝ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ ԱԺ-ի Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաեւ մտավորականության ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական կազմակերպությունների (բոլոր նյութերը հրապարակվել են www.ecolur.org <http://www.ecolur.org> կայքի «Սեւան» «թեժ կետ»-ում ) կողմից:
Հանդիպան ժամանակ ակնհայտ դարձավ, որ Սոտքի նախագծի մասին շշուկները հասել են սեւանցիներին: Տեղի բնակիչներն անհանգստացած են. շատերն են հիշում Սոտքի հանքավայրի վթարի արդյունքում 1984-85թթ.Սեւանա լճի եւ ձկների թունավորումը: «Ով չի հիշում…. երբ ջուրը Զոդից հոսեց, ողջ ձուկը սատկեց, երկար ժամանակ ծով դուրս չէինք գալիս…»,- ասում է ծովագյուղցի մի ծեր ձկնորս:
Եւս մեկ ծովագյուղցի. «Իհարկե, մենք Սեւանի հետ ենք, այլ կերպ լինել չի էլ կարող, բայց ո՞վ մեզ կլսի, մենք հասարակ մարդիկ ենք, մեզ ոչ ոք ուշադրություն չի դարձնի, ոնց վերեւներում կասեն, էդպես էլ կանեն»:
Ավելի վճռական էին տրամադրված Նորադուսի բնակիչները, ովքեր մեզ հանդիպան համար լճի ափ էին հրավիրել: «…Սեւանը մեր ջուրն է, մեր կյանքը… մենք էստեղ ապրում ենք: Ձուկ կա, որսում ենք, ձուկ չկա, մեկ է, չենք հեռանում էսեղից: Սա մեր հայրենիքն է… Սեւանը կա, մենք կանք, Սեւանը չկա, մենք էլ չենք լինի, մենք կպաշտպանենք Սեւանը… »:
Սեւան քաղաքում հանդիպման մասնակիցները S.O.S. Սեւան շարժման ներկայացուցիչներին խնդրեցին Սեւանի շուրջ կատարվող իրադարձությունների մասին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել:
Շատերն անհրաժեշտ էին համարում տեղի բնակչությանը տեղեկացնել Սեւանա լճին սպառնացող վտանգների եւ ռիսկերի մասին, որոնք կապված են Սոտքի նախագծի հետ: «STV1» հեռուտաստուդիայի նկարահանող խումբը տեսանյութ պատրաստեց հանդիպման վերաբերյալ եւ «Համայնապատկեր» ծրագրի շրջանակներում S.O.S. Սեւան շարժման ներկայացուցիչների հետ հեռուստահարցազրույց անցկացրեց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել