HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Պետք է բոլորս պահանջենք գլխավոր դատախազի հրաժարականը»,- ասում է Փաստաբանների պալատի նախահգահը

05_05-parkuchԱպրիլի 30-ի լուսաբացին փաստաբան-լրագրող Արգիշտի Կիվիրյանը ենթարկվել էր դաժան ծեծի: Միջադեպից մոտ կես ժամ հետո դեպքի վայր ժամանած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուսանկարներում, արյունոտ փայտե ձողից բացի, ֆիքսվել են նաեւ հանցագործների կրակած գնդակների պարկուճները: Սակայն փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Քր.օր.-ի 117-րդ հոդվածի հատկանիշներով` «Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը»: Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի գնահատմամբ` սա ոչ միայն վրդովեցուցիչ է, այլեւ զարհուրելի: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վերջինս դժվարացավ իրավապահների հիշյալ արարքին կոնկրետ որակում տալ: Նա տատանվում էր դիտավորության եւ իրավական անգրագիտության միջեւ: Ռ. Սահակյանը մանրամասնեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` Քր. օր.-ի 117-րդ հոդվածով գործ կարող է հարուցվել միայն տուժողի բողոքի առկայության դեպքում, «ինչը կոչվում է ոչ թե հրապարակային մեղադրանքի, այլ մասնավոր գանգատի գործ»: «Եթե գտնում եք, որ անձը ստացել է մարմնական թեթեւ վնասվածք, ինչո՞ւ եք հարուցել քրեական գործ, երբ տուժողը բողոք չի ներկայացրել,- հարցնում է Ռուբեն Սահակյանը: - Սա այբուբեն է: Կարո՞ղ էին այս մասին չիմանալ գործ հարուցող քննիչը, Հետաքննության բաժանմունքի պետը, ոստիկանության բաժնի պետը: Բացի այն, որ նրանք պարտավոր են ծառայել ժողովրդին, դա իրենց աշխատանքն է, նաեւ իրենց հացն է. թող բարի լինեն իրենց հացը մարդավայել վաստակել»: Փաստաբանների պալատի նախագահի խոսքերով` նշյալ այբուբենային իրողության մասին չէր կարող չիմանալ նաեւ դատախազը, որին հետաքննիչը քրեական գործ հարուցելուց հետո ուղարկել է որոշման պատճենը: «Ո՞նց կարող է իրեն պրոֆեսիոնալ համարող մարդը չհասկանալ, որ մարդու գլուխը կյանքի համար կենսական կարեւոր օրգան է, որը բաղկացած է կաշվից, դրա տակ գտնվող ոսկորից եւ ուղեղից` գորշ նյութից: Միայն գորշ նյութ չունեցող մարդը կարող է մտածել, որ գլուխը կենսական կարեւոր օրգան չէ»,- ասաց բանախոսը եւ շեշտեց, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված բռնարարքի փաստով պետք է քրեական գործ հարուցվի 104 հոդվածի 2-րդ մասով` «Սպանության փորձ»: «Շատ վրդոհված եմ հանրապետությունում տիրող իրավիճակից` կապված քրեական գործերի հետ: Մեզ մոտ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում խայտառակ իրավիճակ է տիրում, որի արգասիքն է նաեւ այս փաստը: Որովհետեւ դատախազությունն ասում է` «Ինչ կուզեմ, կանեմ»: Եվ դրա համար չի տեսնում, որ հետաքննության մարմինն իրեն ընդօրինակում է»,- ասաց Ռուբեն Սահակյանը: Նա նշեց նաեւ, որ դատախազությունն իր բացասական ազդեցությունն է գործում նաեւ դատական համակարգի վրա: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի օրոք երբեմն նկատվում էին «փայլատակումներ»` վերջինս կարողանում էր դիմակայել դատախազական որոշակի ճնշումներին եւ բեկանում էր նրանց թելադրանքով կայացված դատավճիռները: Սակայն, բանախոսի խոսքերով` արդեն մեկ տարուց ավելի է` դատական համակարգը դարձել է մեղադրական թեքումով աշխատող, մեղադրական եզրակացությունը դակող համակարգ: «Դատախազությունը ճնշում է բոլոր մարմինների վրա, մենք պետք է բոլորս պահանջենք, որպեսզի գլխավոր դատախազը հրաժարական տա, որովհետեւ այս բոլոր վայրագությունները նրա տակ են: Ինձ կարող են ասել, որ ես իմ սուբյեկտիվ կարծիքը պայմանավորված է նրա նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքով: Բայց այն դրսեւորվել է միայն ու միայն գործերով. անձնական խնդիրներ նրա հետ չունեմ»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter