HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԳՄ նախագահի թեկնածուն

hj2Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աղվան Հովսեփյանը ընդամենը վերջրես խոստովանեց, որ իր համար քրեական գործի քննությունը ստեղծագործական պրոցես է, և ահա այս լավատեսական ֆոնի վրա դարձավ Հայաստանի նկարիչների միության պատվավոր նախագահ: Աղվան Հովսեփյանը ոչ թե նկարիչների, այլ գրողների միության նախագահ պետք է դառնար: Եվ այս եզրակացությանը հանգեցի այն բանից հետո, երբ գլխավոր դատախազությունը վերջերս հաղորդագրություն տարածեց «Յոթի գործով» քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի դատավարության ընթացքում հանդես եկած վկաների ցուցմունքների կապակցությամբ: Թվում է, թե այդ հաղորդագրությունների մեջ արտառոց ոչինչ չկա: Իրականում, սակայն, դա նոր խոսք է համաշխարհային դատաիրավական պրակտիկայում: Ընդհանրապես ո՞նց է ընդունված: Վկաները ներկայանում են դատարան, ցուցմունքներ տալիս, պատասխանում կողմերի հարցերին, այդ ցուցմունքները, հարցերը, պատասխաններն արձանագրում են, և դատարանը, դրանց վրա հիմնվելով` անում է համապատասխան եզրակացություններ: Վկաների ցուցմունքները կարևորագույն նշանակություն ունեն որևէ գործի ելքի տեսակետից: Եվ ահա, թվում է, թե հայտնի վկաները եկել են, ցուցմունքներ են տվել, պատասխանել են կողմերի հարցերին, և այդ ամենն արձանագրվել է և անցել դատարանի տրամադրության տակ, այսինքն` այլևս դատարանը պետք է գնահատական տա այդ ցուցմունքներին: Բայց` աչքիդ է երևում: Ահա այստեղ է մտնում Աղվան Հովսեփյանը` սպիտակ կաստում-շըլվարով: Նկատի ունեմ` դատախազությունը հաղորդագորություն է տարածում, որն այն մասին է, թե դատարանում ցուցմունք տված վկաները ինչ նկատի ունեին, երբ տալիս էին այս կամ այն ցուցմունքը: Դատարանը, դատավարության մասնակիցները, մամուլը, հանրությունն ի վիճակի չեն ինքնուրույն ընկալել, թե ինչ նկատի ունի վկան, երբ ասում է, թե ինքը և մասնակցել է մարտի 1-ի հանրահավաքին, երբ նույն բանը և տեսել է, և չի տեսել, և երկարատև կոմայի մեջ գտնված ` աչքերով տեսել է այն, ինչ հնարավոր չի տեսնել նույնիսկ աստղադիտակի և ռենտգենային ճառագայթի միջոցով: Եվ ահա բոլոր այն «գեղցիների» համար, ովքեր այս ամենը կարող են և չհասկանալ, դատախազությունը պարզաբանում է` դա, ախր, կոչվում է արվեստ, ստեղծագործական պրոցես, դրանք, ախր, հանճարեղ գլուխգործոցներ են, քրեաիրավական տեղծագործության լավագույն նմուշներ, որտեղ կենտրոնացել են սյուր ռեալիզմի, իմպրեսիոնիզմի, կուբիզմի և աբսուրդի թատրոնի լավագույն ավանդույթները: Երբ 1874թ.-ին իմպրեսիոնիստները Փարիզում կազմակերպեցին իրենց հայտնի ցուցահանդեսը` նրանց ոչ ոք չէր հասկանում: Եվ ինչպես ժամանակակիցներից շատերը չէին հասկանում Կաֆկային և նրան գնահատեցին միայն հետագայում, այնպես էլ Աղվան Հովսեփյանին և նրա ստեղծագործական խմբին կգնահատեն միայն որոշ ժամանակ անց` երդվյալ ատենակալների դատարանում: Այդ ստեղծագործությունները կգնահատվեն որպես հանճարեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter