HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Սոցիոլոգիան դարձել է կռվախնձոր. Գագիկ Ծառուկյանի եւ Ահարոն Ադիբեկյանի հեռակա «մենամարտը»

aibekyan-galstyan_060509Մայիսի 4-ին  «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ հաղորդավար Նվեր Մնացականյանն իր հյուրին` Գագիկ Ծառուկյանին ասել է, որ ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «գործերը ոնց որ թե վատ են գնում», ինչին էլ Ծառուկյանը պատասխանել է, որ եթե այդ հարցումն անցկացնող Ահարոն Ադիբեկյանը իրեն ապացուցի այդ հարցումների ճշմարտացիությունը, ինքը պատրաստ  է նրան նվիրել մեկ միլիոն դոլար: Հակառակ դեպքում Ահարոն Ադիբեկյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը հանդիպել է լրագրողների հետ: Ասուլիսի ժամանակ լրագրողները նաեւ նրան հիշեցրին Գագիկ Ծառուկյանի առաջարկը: Ահարոն Ադիբեկյանը ասաց.«Ես ցավում եմ, որ նման մասշտաբի քաղաքական գործիչը ռեստորանային մտածելակերպով փորձում է մտնել քաղաքական վերնախավի առաջին շարքը, ղեկավարել մի քաղաքական ուժ , որը հավակնում է լինել եթե ոչ առաջինը , ապա երկրորդը, եւ սոցիոլոգիան համեմատում է ռեստորանային նվագախմբի հետ, որը  երգում է  «թագավոր ախպոր մասին»: Եթե նա այդքան «կռուտոյա», որ կարող է ինձ մեկ միլիոն դոլար տա, թող դրա 5 կամ 10%-ը տա «Գելապին» եւ այն թող հաստատի, որ Ծառուկյանը ամենատաղանդավոր քաղաքական գործիչն է, որ նրա «Բարգավաճ Հայաստանը» ամենաբարձր վարկանիշ ունեցողն է, իսկ Քուշկյանն ամենաանցողիկ քաղաքապետն է»: Ասուլիսն անակնկալ կերպով ընդհատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, ով  ասաց, թե Ծառուկյանը սոցիոլոգիան ոչ թե համեմատել է ռեստորանային նվագախմբի հետ, այլ ժողովրդին շատ մատչելի ձեւով հայտնել է իր կարծիքը նման սոցիոլոգիական հարցումների մասին.«Այս հարցումները մարդկանց  գցում են պարզ մոլորախաբման մեջ կամ ազդում են ասոցատիվ ընտրողների ասոցատիվ ընկալման վրա : Երբ մարդկանց ներկայացվում են ինչ որ տվյալներ, դրանց միջոցով կանխակալ կարծիքներ են ծնվում»: Ահարոն Ադիբեկյանը ասաց, որ եթե Ծառուկյանն իր մամուլի քարտուղարի կողմից ճիշտ տեղեկացված լիներ, թե ինչ է նշանակում իր հրապարակած տվյալները, այդպես չէր խոսի. «Նախագահականին էլ Ծառուկյանին խաբում էիք, թե 300.000 անդամ ունեք, նա էլ հավատում էր: Ինչու՞ եք այդ մարդուն ստում»: Խաչիկ Գալստյանը համոզված է, որ Նվեր Մնացականյանի հաղորդման ընթացքում խոսքը վերաբերել է հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշին: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ինքը ոչ մի վարկանիշ չի տվել, որը կասեր, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ինչ հնարավորություն ունի քաղաքապետի ընտրություններում. «Ես 20 վարկանիշից տվել եմ ընդամենը 6-ը, որտեղ մեկում հարցվածների 67 տոկոսը գիտի, որ դուք մասնակցում եք ընտրություններում, մյուսում, որ վստահ են, թե կանցնեք ավագանու ընտրություններում, բայց օրինակ անձամբ Քուշկյանի անհատական ցուցանիշը երեք անգամ ցածր է կուսակցության ցուցանիշից: Իսկ օրինակ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ցուցանիշը Կոնգրեսի նկատմամբ 2 անգամ բարձր է»: Խաչիկ Գալստյանն էլ պնդում էր, որ հարցադրումներից մեկում , որը վերաբերում էր ամենաանցանկալի քաղաքապետին, ամենաքիչ տոկոսը հավաքել է Քուշկյանը, ինչը ապացուցում է հակառակը, որ նա ամենացանկալի քաղաքապետն է: Ահարոն Ադիբեկյանն էլ նշում էր, որ դա այդպես չէ : Խաչիկ Գալստյանը կարծում է, որ սոցիոլոգիական հարցումներում պատվիրատուի երաժշտությունը ամենաերկարն է հնչում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter