Տեղաբաշխվել է մոտ 400 մլն դրամի բաժնետոմս
Շարունակվում է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որի արդյունքում հավաքագրված միջոցներն ուղղվելու են Թարթառ գետի եւ Թրղե գետից Թարթառ թափվող ջրատարի վրա երեք հիդրոէլեկտրակայանի կառուցմանը: Բաժնետոմսերի տեղաբաշխման առաջին փուլը կավարտվի մայիսի 10-ին:
Այսօրվա դրությամբ, ինչպես «Հետքին» տեղեկացրել է «Արցախ ՀԷԿ» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը, թողարկված բաժնետոմսերի բաժանորդագրման ընդհանուր ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ այսօրվա դրությամբ տեղաբաշխվել է մոտ 400 մլն դրամի բաժնետոմս:
«Բաժանորդների մեծամասնությունը` շուրջ 650 բաժանորդ, Ղարաբաղից են, 20-30-ը` Հայաստանի հանրապետությունից: Արտասահմանից մեկ խոշոր բաժանորդ էլ նախնական պայմանավորվածության համաձայն մոտակա օրերին ձեռք կբերի 400-450 մլն դրամի բաժնետոմս»,-նշել է ընկերության գլխավոր տնօրենը: Նրա խոսքերով, գործընթացը դեռ շարունակվում է եւ հնարավոր է բանկերն էլ մասնակցեն բաժնետոմսերի տեղաբաշխմանը: Վերջիններիս հետ բանակցություններ են ընթանում:
Ընկերության բաժանորդները տարբեր խավի մարդիկ են`գործարարներից մինչեւ թոշակառուներ: Մեկ արժեթղթի տեղաբաշխման գինը 1050 դրամ է: Բաժնետոմս կարող է ձեռք բերել ցանկացած երկրի քաղաքացի, իսկ հսկիչ փաթեթը` 51 տոկոսը, ամեն դեպքում պետությանն է, քանի որ ռազմավարական նշանակության օբյեկտ է:
Վահրամ Բեգլարյանը տեղաբաշխման առաջին փուլը բավարար է գնահատում, քանի որ սպասվածից ավելի շատ գումար է հավաքվել Ղարաբաղում: Հաջորդ տարի նախատեսվում է ավելի ակտիվ աշխատանքներ իրականացնել արտասահմանյան ներդրողների շրջանում: «Մեծ սպասումներ ունենք` եւ հայ գործարարներից, եւ մյուսներից: Հենց հիմա էլ աշխատանքներ տարվում են մի շարք խոշոր բանկերի հետ»,-մեր զրույցի ժամանակ տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրենը::
«Արցախ ՀԷԿ»-ի ղեկավարի հավաստմամբ` տեղաբաշխման արդյունքում հավաքագրված շուրջ 900 մլն դրամը լրիվությամբ բավարարում է իրականացնել նախատեսված Թրղե 1 ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը, որի արժեքը շուրջ 800 մլն դրամ է: Նշված ՀԷԿ-ի կառուցումը նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին: Շինարարական աշխատանքներ են ընթանում նաեւ մյուս երկու` Մատաղիս 1 եւ Մատաղիս 2 ՀԷԿ-երի կառուցման ուղղությամբ` ինչպես «Արցախ ՀԷԿ»-ի, այնպես էլ փոխառու միջոցներով: Վերջին երկու հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախնական հաշվարկներով նախատեսվում է ավարտել 2010 թվականին:
Ընկերության գործունեության շահութաբերության առումով նույնպես կասկածներ չունի Վահրամ Բեգլարյանը` հաշվի առնելով Ղարաբաղում էլեկտրաէներգիայի պահանջարկի տարեցտարի նկատվող աճը եւ արտահանման հնարավորությունները: Տեղական շուրջ 230 մլն ԿՎտ/ժամ-ի չափով պահանջարկի միայն 40 տոկոսն է այժմ բավարարվում արտադրված էլեկտրաէներգիայի հաշվին, մնացածը ներկրվում է Հայաստանից: Նոր 3 ՀԷԿ-երի կառուցումը հնարավորություն կտա բավարարել պահանջարկի շուրջ 80 տոկոսը, իսկ հետագայում նախատեսված շուրջ 20 փոքր ՀԷԿ-երի կառուցումը թույլ կտա նաեւ էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան, որը միացված է Վրաստանի, Իրանի եւ Թուրքիայի էլեկտրացանցերին: Շահույթի հեռանկարի մասին է, ըստ զրուցակցիս, խոսում նաեւ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը, որը այժմ 1ԿՎտ/ժամ-ի համար կազմում է 9 դրամ, իսկ նոր ստեղծվող ՀԷԿ-երի համար նախատեսվում է սահմանել 15 դրամ: Վերոնշյալ փաստերը խոսում են նաեւ տնտեսության զարգացման վրա ազդեցություն ունենալու մասին:
Ընկերությունը 2010-ին էլ է նախատեսում իրականացնել եւս մեկ թողարկում` երկու նոր` Թրղե 2 եւ Թրղե 3 ՀԷԿ-երի կառուցումը ֆինանսավորելու նպատակով: Այս ՀԷԿ-երի կառուցման ուղղությամբ ներկայումս իրականացվում են հետազոտություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել