HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Արգելոցի աշխատակցին տեսնելով շնագայլը մոռացավ այծյամին

aycyam_070509

Շիկահողի պետարգելոցի աշխատակից Նորայր Դանիելյանը արդեն 7-րդ օրն է եվրոպական այծյամ է խնամում իր գոմում: Ներքին Հանդ գյուղի 57-ամյա բնակիչը մայիսի 1-ի երեկոյան գյուղի վերին բացատներից մեկն է գնացել` այնտեղ կապած իր ձիուն տուն բերելու: Հանկարծ գետի մյուս ափին շնագայլ է նկատել` եվրոպական այծյամը բերանում:

«Գետն էլ վարար էր, ինքս էլ չիմացա, թե ինչպես անցա այն կողմ: Երևի ինձ տեսնելով, առանց որևէ բանի, մեր լեզվով ասած` չախկալը գցեց այծյամին ու փախավ»,-պատմում է Նորիկ Դանիելյանը: Շնչափողից վնասված, մոտ 2 տարեկան եվրոպական այծյամին արգելոցի աշխատակիցը տուն է բերել, անմիջապես տեղեկացրել Բնապահպանության պետական տեսչության Սյունիքի բաժնին: Եվրոպական այծյամը կարմիր գրքում գրանցված չէ ու եթե արգելոցի տարածքից չի բերվել, ապա պարտադիր պայման չէր բնապահպաններին զգուշացնելը: «Բայց ես արգելոցի աշխատող եմ, անտառաբույծ եմ, մտածեցի, որ ճիշտը դա կլինի»,-ասաց Ն. Դանիելյանը: Այծյամի խնամքով սկսում են զբաղվել Նորիկն ու նրա ընկերները: Անասնաբույժի կարիք, ըստ մեր զրուցակիցների, չկար: Իրենք մշակեցին վերքն ու կերակրեցին այծյամին: «Չոր տերևներ ենք բերել, խոտ ենք տվել, որպեսզի ինքը իրեն ինչպես անտառում զգա»,- ասում է Ն. Դանիելյանը: Շնագայլերը սովորաբար որսում են վայրի խոզերի: Սակայն վերջին շրջանում աֆրիկյան ժանտախտի հետևանքով մոտ 500 գլուխ  խոզ է ոչնչացել: «Արդյունքում, շնագայլերը քաղցը հագեցնելու նպատակով հարձակվում են այծյամների վրա: Շատացել են նաև գայլերի հարձակումները հոտերի կամ նախիրների վրա:

aycyan_070509

«Գայլերը նույնիսկ գյուղ են իջնում, մարդաբնակ վայրեր»,- ասում է Շիկահողի պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը` ավելացնելով, որ օրեր առաջ գայլերի մի ոհմակ Ներքին  Հանդ գյուղում հարձակվել է հոտի վրա: Հովիվը հասցրել է բարձանալ ծառն ու այդպես փրկվել: Տարածաշրջանի գյուղական բոլոր համայնքների ղեկավարները դիմել են Սյունիքի մարզպետարան` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Ռուբիկ Մկրտչյանի համոզմամբ` համապատասխան միջոցը գայլերի ու շնագայլերի որսն է: Իհարկե, միայն արգելոցի տարածքից դուրս պետք է կատարվի այդ գործողությունը: Ինչ վերաբերում է այծյամի կյանքը փրկողին, ապա Բնապահպանության տեսչության Սյունիքի բաժնի պետ Լևոն Պետրոսյանի փաստմամբ` անպայման շնորհակալագրի արժանանալու է: Միջոցներ են փնտրվում նաև դրամական պարգևատրման համար: Բաժնի պետի խոսքով, ճիշտը այծյամին գոմում մի քանի օր պահելն էր:

«Վիրավոր կենդանին չէր կարող ազատ գոյատևել անտառում: Անպայման կխոշտանգվեր գիշատիչների կողմից»,-ասաց Լ. Պետրոսյանը: Իսկ արդեն 2 օրից եվրոպական այծյամը բաց կթողնվի անտառ: Այն, մասնագետների կարծիքով,  լիովին ապաքինվել  է: Այծյամի փրկիչ-խնամակալ Ն. Դանիելյանի ցանկությամբ այծյամն իր ցեղակիցների մոտ կգնա մայիսի 9-ին` ի նշան Հաղթանակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter