
Այսօր Պրահայում կայանալիք եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս հանդիպմանը գրեթե բոլորը վերաբերվում են «մեծ լավատեսությամբ»` սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ԱՄՆ Պետքարտուղարությունից, վերջացրած Ադրբեջանով: Բոլորը` բացի Հայաստանից: Նշված ուղղություններից լավատեսական հայտարարությունների ֆոնին երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակն ընդամենը հերքել է վերջին օրերին թուրքական ու ադրբեջանական մամուլում հրապարակվող լուրերը, որոնց համաձայն` Պրահայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ հանդիպում:
Խնդիրն այս դեպքում իհարկե այն չէ` կոնկրետ Պրահայո՞ւմ նման հանդիպում տեղի կունենա, թե՞ առաջիկայում մեկ այլ վայրում: Խնդիրն այն է, որ «համընդհանուր լավատեսությունը» (որի ֆոնին հայկական պաշտոնական քարոզչությունը ռեպորտաժներ է ցուցադրում Հայաստանի` «աճող միջազգային հեղինակության մասին») պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների զուգահեռ ընթացքով: Եվ այս խաղի մեջ մտած Հայաստանի իշխանություններին, դժբախտաբար, մնացել է առավելագույնը հանդիպման վայրը փոխելու կամ ժամկետը փոքր-ինչ երկարաձգելու հնարավորությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել