
Քաղաքական կայունության հիմնախնդիրն ավանդաբար ամենաառանցքայիններից մեկն է մեր իրականության մեջ: Մանավանդ ներկայումս, երբ երկիրը դեռ լիովին ուշքի չի եկել նախագահական ընտրություններից և «մարտի 1»-ից, հասարակությունը պառակտված է, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նահանջելու ցանկություն չունի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը մտնում է վճռորոշ փուլ, մայիսի 31-ին կայանալու է Երևանի ավագանու ընտրությունները, իսկ արմատական ընդդիմությունն ամեն ինչ անում է` իրադրությունը սրելու համար:
Քաղաքական կայունություն ասելով` սովորաբար հասկանում են բազմաթիվ ու տարբեր բաներ, այդ թվում նաև` սխալմամբ: Օրինակ, համընդհանուր տարածում ունեցող պատկերացումն առ այն, թե գործադուլների, ցույցերի միտինգների և բողոքի այլ ձևերի բացակայությունը պետք է դիտել որպես կայունության դրսևորում, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը:
Արևմտյան երկրներում մշտապես կազմակերպվում են գործադուլներ, բողոքի ցույցեր, այդ թվում նաև` անկարգությունների վերաճող: Սակայն այդ ամենն այնտեղ համարվում է որպես առօրեականություն, խաղի կանոնների մաս: Ուստի ոչ մի ազդեցություն ներդրողների վրա այդօրինակ գործողությունները չեն ունենում:
Այլ բան է ճգնաժամի պայմաններում, երբ քաղաքական կայունությունը հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին մերն է, կարող է ունենալ տնտեսական մեծ նշանակություն:
Փող ներդնելուց առաջ մասնավոր ներդրողները գնահատւոմ են ոչ միայն տնտեսական պայմանները, այլև քաղաքական վտանգները:
Ճգնաժամի շրջանում միտինգների, ցույցերի և համանման գործողությունների հավանականությունն աճում է: Եվ այնտեղ, որտեղ այդ հավանականությունն ավելի մեծ է, միջոցներ ներդնելը ծայրաստիճան վտանգավոր է: Բայց քանի որ ներդրումներից ընդհանրապես ձեռնպահ մնալ հնարավոր չէ, ընտրվում են առավել հուսալի տարբերակները:
Դրա համար էլ հայրենի տնտեսության աճի վերականգնումը, դրա քաղաքական ու որակական բնորոշիչները, իրականացման ժամկետները, բացի ամենայնից, կախված են նաև կառավարության կարողությունից` համոզելու հավանական ներդրողներին, որ չնայած տնտեսական ճգնաժասմին` քաղաքական անկայունությունից վախենալ պետք չէ, ըստ որում` բավական տևական հեռանկարով:
Կկարողանա՞ իշխանությունը զսպել տնտեսական ճգնաժամի հետևանքով բնակչության շրջանում առաջացած դժգոհությունը: Ի՞նչ կերպ է անելու դա: Սրանք իրենց պատասխանին սպասովող հարցեր են:
Իսկ ընդհանրապես կայունության համար ցանկացած իշխանության մշտական պայքարը հիշեցնում է ձեռնամարտ ուրվականների հետ: Այդ պայքարում չկան հիմքեր ոչ հույսերի, ոչ էլ մտավախությունների համար
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել