HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Բաբայան. «Ղարաբաղի ժողովուրդը կըմբոստանա ու ոչնչի չի ենթարկվի»

«Ղարաբաղի խնդիրը լուծվելու է միայն ու միայն Ստեփանակերտում, որովհետև նրանք են ապրում այնտեղ, դա նրանց ճակատագիրն է: Երևանում նստած ոչ ոք չի կարողանալու լուծել ղարաբաղյան հարցը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարություն արեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացից ինքը որևէ մտավախություն չունի, քանի որ Ղարաբաղի ժողովուրդը հենց վտանգ զգաց, ոչնչի չի ենթարկվելու: «Ըմբոստանալու է ամբողջ մի ժողովուրդ, որոնք կրել են մեծ կորուստներ: Ես չեմ խոսում ո’չ Ղարաբաղի ընդդիմության, ո'չ իշխանության մասին, ժողովրդի մասին եմ խոսում: Ես վստահ եմ դրանում: Դրա համար անիմաստ եմ համարում ամեն արտահայտություն լուրջ ընդունել: Ղարաբաղի ոչ թե իշխանություններին, այլ ժողովրդին շատ դժվար կլինի համոզել այն փոխզիջումների համար, որոնց մասին խոսվում է: Դա ուղղակի անհնարին է լինելու»,- ասաց նա: Մինչև 1997-98 թթ Ղարաբաղը ռազմա-քաղաքական միավոր էր տարածաշրջանում ու նրա հետ հաշվի էին նստում բոլորը: Այսօր նման բան չկա: Ս. Բաբայանի կարծիքով, սակայն, այս իրավիճակի հեղինակն այն մարդիկ էին, ովքեր 1999թ. մասնակցել են իր դեմ արշավին` թե’ Հայաստանից, թե’ Ղարաբաղից: «Մի՞թե պետք է 9-10 տարի անցներ, որ դա հասկանային: Այդ խնդիրները տեղափոխվեցին Երևան ու վերջ: Ղարաբաղցիներն են այդ դիրքերը հանձնեցին` իրենց ամբիցիաների ապահովման համար, ու այսօր էլ պետք չի գոռգոռալ: Թող հանգիստ նստեն սպասեն, տեսնեն` ինչ է որոշում Երևանը( գոռգոռալ ասելով նկատի ունեմ Ղարաբաղի իշխանություններին, ոչ թե ժողովուրդին)»,- ասաց նա: Արդյոք Ս. Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի՞ն է մեղադրում իր խոսքով: Լրագրողների այս հարցին ի պատասխան` նա նշեց, որ ինքը Ռ. Քոչարյանի հետ որևիցե խնդիր չի ունեցել: Ավելին` նրա խոսքով` 1999-ին Ռ. Քոչարյանի վիճակն ավելի վատ էր, քան իրենը: «Նա այն ժամանակ ոչինչ չէր կարող անել: Անողների անուննե՞րն եք ուզում: 1999թ. դեկտեմբերի 15-ի անվտանգության խորհրդի կազմը հանեք, բոլորի անունները կան: Այսօրվա ընդդիմության շարքերում եղող մարդիկ էլ պարոն Քոչարյանի առջև դրել են խնդիր` ազատել Սամվել Բաբայանին պաշտոնից, որ իրենք իրենց իշխան զգան: Հիմա էլ մայթին կանգնել, գոռում են: Թող էդպես շարունակեն գոռալ»,- ասաց նա: Իսկ մինչև ո՞ւր կարող են հասնել փոխզիջումները Ղարաբաղի հարցում, որպեսզի այնտեղի ժողովուրդը չըմբոստանա: Ս. Բաբայանը վստահ է, որ փոխզիջում պետք է լինի, եթե կողմերը նստում են բանակցությունների` ազգային խնդիրներ լուծելու համար: «Եվ հայկական կողմը վաղուց փոխզիջման է գնում` սկսած պատերազմի տարիներից և դրանից հետո էլ բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել: Բայց այդ փոխզիջումները պետք է չափ ունենան: Պետք է մասնագետներ աշխատեն` հնարավոր փոխզիջման համար, նոր միայն գծեն այդ քարտեզը, որով կարելի է գնալ փոխզիջման: Բայց երբ Երևանի հրապարակից այն կողմ չճանաչող անձը հայտարարում է փոխզիջման մասին, դա անընդունելի է»,- ասաց նա: Ղարաբաղի ազատագրված տարածքներում 1990-ականների կեսերին ավելի շատ մարդ էր բնակվում, քան այսօր: Մասնավորապես` եթե 1995-ին ազատագրված տարածքներում կար մոտ 13 000 բնակիչ, այսօր այն կազմում է մոտ 7 000: Ս. Բաբայանի հավաստմամբ`իշխանությունները որևէ քայլ չեն անում` ազատագրված տարածքները բնակեցնելու համար, չնայած նրանք պարտավոր են քաղաքականություն մշակել, բնակեցնել, կառուցապատել, ապրելու համար պայմաններ ստեղծել: «Քելբաջարը վերաբնակեցնելու համար հատկացված բյուջեն աստիճանաբար նվազեց: Պարզապես, իշխանությունները չեն հավատում իրենց իսկ կողմից որդեգրած ծրագրին»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ իշխանությունը չի հավատում, որ ինքն այդ տարածքը պահելու է: Եվ եթե մտայնություն կա, որ կարող է հետ տան այդ տարածքները, ինչո՞ւ բնակեցնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter