Ս. Բաբայանի կարծիքով` Թուրքիան ինքն է վիժեցնելու Հայաստանի հետ հարաբերությունները
«Նախ ես չեմ տեսնում հայ-թուրքական հարաբերությունների նորմալ ընթացքը, դրա համար այդ հարցում խորանալու իմաստն էլ չեմ տեսնում: Այդ հարաբերություններն ի վերջո վիժեցնելու է հենց Թուրքիան, իսկ թե ինչպե՞ս և ե՞րբ, կսպասենք, տեսնենք: Դրա համար էլ չէի ցանկանա մեծ աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին` այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Իսկ թե ինչու է հենց ինքը` Թուրքիան վիժեցնելու այդ հարաբերությունները, Ս. Բաբայանի խոսքով` պատճառը պարզ է. դա Թուրքիային ձեռնտու չէ:
«Ասենք` բացվել է ճանապարհը, գնացքը եկել է Գյումրի, Երևան, հետո ո՞ւր է գնալու: Կարո՞ղ է Բաքուն թողնի, որ գնացքն իր տարածքով մտնի , էնտեղից էլ գնա Թուրքմենստան, Ղազախստան և այլն: Ստացվում է` Թուրքիան կզրկվի այդ ամբողջ թուրքալեզու ժողովրդի շուկայից, նրանց վրա քաղաքական ազդեցությունից: Թուրքիան պետք է ընտրի` որն է իր համար առաջնային` 3 միլիոնանոց հայ ժողովրդի հետ բարեկամանալը՞, թե՞ կորցնելը նույն Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանից մինչև Ուզբեկստան: Այո, այդ ճանապարհով Հայաստանի համար դուռ է բացվում դեպի Եվրոպա, բայց արդյո՞ք Թուրքիան մտածում է Հայաստանի համար: Ես դա չեմ տեսնում: Կարող է` ինչ որ գաղտնի բաներ կան, որոնց մասին ես չգիտեմ, բայց տրամաբանության շրջանակներում այդ ճանապարհի բացումը չի տեղավորվում: Ես տեսնում եմ, որ Թուրքիան խաղում է ու փորձում է ձգել ու վիժեցնել` բայց ի օգուտ իրեն»,- ասաց նա:
Այն որ «Ճանապարհային քարտեզի» փաստաթուղթը ստորագրվեց հենց ապրիլի 23-ին, Ս. Բաբայանը պատահական չի համարում: Որքան էլ իշխանությունները փորձեն մեկնաբանել, թե դա ոչ մի կապ չուներ ապրիլի 24-ի հետ, Ս. Բաբայանը դրան չի հավատում:
«Թուրքիան մի ինչ որ փաստաթղթի տակ պետք է ստորագրեր ապրիլի 24-ից առաջ` այն վիժեցնելու համար ԱՄՆ-ի կողմից, որպեսզի Օբաման չհայտարարեր ցեղասպանության մասին»,- ասաց նա:
Ս. Բաբայանի հավաստմամբ` Թուրքիան արդեն իսկ նախապայմանով է սկսել բանակցային գործընթացը, հետևաբար` չի կարելի օգտագործել «առանց նախապայմանների» արտահայտությունը:
«ճանապարհը փակել է, ասում է` ճանաչեք տարածքային ամբողջականությունը, հետո կբացեմ: Դա արդեն պայման է, ինքը փակ պահում է սահմանը, ու թելադրում, որ ճանաչես»,- ասաց նա:
Որոշ քաղաքագետներ տեսակետ են հայտնել, որ այս պայմաններում Կարսի պայմանագրի ստորագրելը մեզ համար նույնիսկ օգտակար կարող է լինել` Նախիջևանի իմաստով, իսկ ինչ վերաբերում է հետագայում տարածքների համար պահանջներ ներկայացնելուն, ապա դա կարելի է անել նաև մասնավոր հայցերի միջոցով: Սակայն Ս. Բաբայանը դա ռեալ չի համարում, ինչ է թե` մի կետում Նախիջևանի հարցը նշված է, քանի որ, ըստ նրա` մենք խնդիր չունենք ոչ Կարսի, ոչ որևէ այլ պայմանագրի վերադառնալու:
«Մենք խնդիր ունենք պետությունը զարգացնելու, ուժեղացնելու: Վերջիվերջո, եթե մեր հզոր տնտեսական տեղը չգտնենք, միշտ էլ պրոբլեմ ենք ունենալու ու գնանք «մեծ պապաների» դուռը, խնդրենք, որ միջնորդեն և այլն: Իսկ դա ոչնչի չի բերելու»,- ասաց նա:
Անգամ փակ սահմաններով էլ, Ս. Բաբայանի կարծիքով, հնարավոր է հզորացում:
«Փակ սահմաններով Թուրքիան այսօր ողողել է մեր շուկան իր ապրանքներով` երրորդ երկրի միջոցով: Մենք ինչո՞ւ դա չենք կարող` նույն երրորդ երկրի միջոցով: Ուղղակի պետք է վերանայել մեր տնտեսական քաղաքականությունը»,- ասաց Ս. Բաբայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել