HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գյուղացին չի կարողանում եւ չի ուզում մշակել հողը

sox_070509 Գետաշենցի Սարգիս Խշտոյանը իր հողամասից ստացած մի քանի տոննա սոխը թափել է գյուղի աղբանոցը: Աղբանոցում էլ սոխը ծլել է: Այստեղ միայն Սարգիս Խշտոյանի սոխը չէ: Ուրիշ գետաշենցիներ էլ սոխը թափել են աղբանոց: Երեւանի խանութներում, շուկաներում հիմնականում Իրանից ներկրված սոխը վաճառվում  է 200-300 դրամով: Կարեւոր էլ չէ, թե որ օլիգարխը կամ պատգամավորն է այն ներկրում Իրանից: Պարզելն ու անուն գրելն այնքան էլ դժվար չէ: Դրանից որեւէ բան չի փոխվի: Փաստն այն է, որ  հայ գյուղացին չի կարողանում իր սոխը վաճառել 40 դրամով: Փաստն  այն է, որ ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք Հայոց աշխարհը դրախտի վերածելու ծրագրերի մասին: Ամեն օր, սակայն, զուգահեռաբար մենք «սպանում» ենք  գյուղացուն եւ անում ամեն ինչ` վերացնելու հայ գյուղը: (Խմբ. կողմից)

Գետաշենը հայ-թուրքական սահմանից կես կմ հեռավորության վրա է, զբաղեցնում է Արարատյան դաշտավայրի վարելահողերի 786.4 հա տարածքը: Այստեղ հիմնվել են Սուրմալուից գաղթածները: Սարգիս Խշտոյանի նախնիներն էլ Սուրմալուից են: gyughaci_070509Սարգիսը պատմում է, որ իր նման` սոխը աղբանոց է լցրել գյուղի հողագործների մեծ մասը, քանի որ անցած տարվա սոխը չի վաճառվել նույնիսկ 30-40 դրամով: Մոտ երկու տոննա սոխ էլ Սարգիսը հողից չի հանել, քանի որ անիմաստ է համարում: Եվ հողամասում մնացած սոխն արդեն ծիլ է տվել, ու Սարգիսը պարզապես որոշել է այս տարի չմշակել իր մեկ ու կես հա սեփականաշորհված հողը: Սարգիսին հանդիպեցինք իր դաշտում աշխատելիս: Նա ջրում էր հողատարածքի այն հատվածը, որտեղ խաղողի որթերն են: Չնայած անցած տարի ջրի վարձը չի վճարել, բայց ջուրը տարվա այս եղանակին այնքան շատ է, որ թույլատրում են օգտագործել: Սարգիսի անցած տարվա ջրի պարտքը կազմել է 80 հազար դրամ: aygi_070509 «Ինձ դատի են տվել անցած տարի, որ չեմ մուծել, դատարանից եկել են հետեւիցս, սաղ գյուղացիքին դատի են տվել, մի 100 հոգի կա, որ բերքը ստանայի, վաճառեի, չէի՞ տա»,- զարմացած ուսերն է թոթվում արդեն մեջքից կորացած 49-ամյա Սարգիս Խշտոյանը: Ջրի պարտքին գումարվել է նաեւ 6 պարկ պարարտանյութի ու եղբորից վերցրած պարտքը: «Ես անցած տարի պարկին 11 հազար դրամ պարարտանյութի փող եմ տվել, հիմա նիսյա եմ վերցնում, այ սենց կուտակվում, մնում է վրես: Պետությունն էլ վարկ էր տվել, բայց չկարողացա փակել, էլ չտվեցին: Ախպերս զոռով իրա հարսի ոսկիքը դրեց, իմ տեղը փակեց, բայց ես ընդամենը 10 օր ուշացրեցի: Բանկի էդ 230 հազար դրամն էլ չկարողացա տալ, որովհետեւ սոխը դաշտի մեջ ծլավ, մայրս մահացավ, խառնվեցի իրար, նախանցած տարվանից վարկ չեն տալիս: Գյուղում ինձ նմանները լիքն են»,- ասում է Սարգիսը: Նրա ձայնն այնքան հանգիստ է, այնքան անտարբեր: sokh_070509Ըստ մեր զրուցակցի` բանկերը գյուղացուն վարկը տալիս են ութ ամսով, եւ գյուղացին, դեռեւս բերքը չհավաքած, կանգնում է փաստի առաջ: Սարգիսը մտածում է, որ դա հատուկ տարվող քաղաքակություն է` գյուղացին պատանդ է դառնում: Այս տարի գետաշենցիները հույսը դրել են ծիրանի ու խաղողի վրա: Ծիրանենիները Գետաշենում չեն ցրտահարվել: Խաղողի իրացման համար Սարգիսը մտավախություն ունի արդեն: «էս տարի պայմանագիր չեն կնքում խաղող առնողները, քանի որ փող չունեն, ժողովուրդը շիվարել, մնացել է»,- պատմում է Սարգիսը եւ ավելացնում, որ հույս ունի գոնե ծիրանը վաճառել քաղաքի շուկայում: Չնայած, Սարգիսի ասելով, գյուղացուն չեն թողնում մտնի շուկա: sox2_070509 «Քաղաքի շուկան էլ որ գնում ես, քաղաքացին ասում է` էս իմ տեղն ա, հնարավորություն չկա վաճառելու ապրանքը»,- նորից անտարբեր ասում է Սագիսը: «Լավ, ելքը դուք ինպե՞ս եք տեսնում, էս վիճակից դուրս գալ հնարավոր չէ՞»,- հարցնում ենք: Սարգիսն առաջարկում է պետությանը երեք տարով ու ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել գյուղացուն: Գյուղացիների մի մասը, պարտքերի տակ կքած, պատրաստ է այսօր վաճառել իր միակ հարստությունը՝ հողը, քանի որ արդեն այն մշակելու, ինչպես Սարգիսն է ասում, «սեր ու հավես չունի»: «Ես հողագործությանը զուգահեռ շոֆերություն եմ արել, մեքենաս էլ վաճառեցի, դրեցի էս հողում, տանն էլ մենակ մնացի, կինս Երեւանում է, հացթուխ է աշխատում ու նրա ստացած էդ 60 հազար դրամն էլ դնում եմ հողում»,- ասում է Սարգիսը: Նա արդեն սովորել է մենակությանը, քանի որ կինը շաբաթը կամ ամիսը մեկ է տուն գալիս. «Ճաշը ես եմ սարքում, լոբի-մոբի եմ եփում, ձվածեղ, ձու եմ խաշում, հարմարեցնում եմ, միայն մաքրելը չգիտեմ, էն էլ կամաց-կամաց կսովորեմ, երեք աղջիկներս էլ ամուսնացած են, բայց իրանք էլ են ծանր վիճակում, դրա համար ինձ չեն օգնում»: marg-400 Սարգիսն իր փրկությունը համարում է կամ տրակտորը, որի պարագայում հնարավոր կլինի հողը մշակել առանց հավելյալ գումար վճարելու, կամ էլ հողը վաճառելը. «Հենց նոր մի փողատեր եկավ, իմ հողը տեսավ, ասում է` 2 մլն դրամ կտամ, բայց վրես 600 հազար պարտք կա, տակը ինձ ի՞նչ կմնա:  Էդ մարդն արդեն մի 70 հա առել է մեր գյուղում: Երեւի ծախեմ, հետո տեսնեմ` ինչ կլինի: Երեք տարի է մարդկանց խաբում եմ, թե խաղողը լավ կլինի, թե ծիրանը լավ կլինի, կտամ ու սուտասան եմ դարձել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter