HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանակից թուրքերն ուզում են դեպի Հայաստան տանող դուռը փակ պահել

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացման նախագծերը գրեթե չեն ողջունվում թուրքական սահմանամերձ քաղաքներում և գյուղերում: Սաբուհի Մամմադլի, Իգդիր, Թուրքիա (CRS No. 491, 1-May-09) Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի հնարավոր վերաբացման մասին խոսակցությունները սահմանամերձ թուրքական քաղաքների բնակիչների մոտ տարակուսանք են առաջացրել, թե արդյո՞ք այսպիսի զարգացումն այն է, ինչ իրենց հարկավոր է: Շատերն ասում են, որ նույնիսկ եթե դա տնտեսապես ձեռնտու է, միեւնույն է, իրենք, այնուամենայնիվ հայ հարևանների հետ ընկերանալու պատրաստ չեն: Իգդիրը փոքր քաղաք է Թուրքիայում: Չնայած իր գավառական լինելուն, այն շատ մեծ ռազմավարական կարևորություն ունի Թուրքիայի համար, քանի որ գտնվում է Ազդրբեջանի, Հայաստանի և Իրանի սահմանների խաչմերուկում: Իգդիրի տեղացի բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են, ովքեր այստեղ են եկել Լեռնային Ղարաբաղից կամ հարակից տարածքներից: Թուրքիան փակել է իր սահմանը Հայաստանի հետ 1993 թվականին` ի աջակցումն Ադրբեջանի, քանի որ վերջինս շատ պարտություններ էր կրել Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Երկու երկրների միջև դեռ չկա ոչ մի դիվանագիտական հարաբերություն, քանի դեռ գոյություն ունեն Ղարաբաղի չկարգավորված հակամարտության խնդիրը, Հայաստանի` 1915թ. հայերի զանգվածային կոտորածները Օսմանյան կասրությունում ցեղասպանություն ճանաչելու պահանջները և մի քանի հայկական քաղաքական կուսակցությունների պահանջները` վերադարձնել Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող վեց գավառները: Սահմանի բացումը այն 35 պահանջներից մեկն է, որ Թուրքիան պետք է իրականացնի Եվրոպական Միությանը անդամակցելու համար: Հայաստանը և Թուրքիան, իսկ Շվեյցարիան` որպես միջնորդ, փակ բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ դեռ 2002թ-ից: Այն նախանշանները, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները,  առաջացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունը: Նա իր դժգոհությունն արտահայտել է Անկարայում տեղի ունեցած միջազգային գիտաժողովին այցելելու մերժումով` այսպիսով զոհաբերելով իր հնարավորությունը հանդիպել Օբամայի հետ, ով այլ բարձրաստիճան հյուրերի հետ մասնակցում էր միջոցառմանը: Չնայած Ադրբեջանի դեմարշերին` թուրք-հայկական ճանապարհային քարտեզը արդեն նախատեսում է երկու երկրների սահմանների միջև երկու անցակետերի վերաբացում: Մեկը գտնվում է Իգդիրի Ալիջան գյուղի շրջակայքում, իսկ մյուսը` Կարսի Ակյակա գյուղում: Իգդիրի Ազգային Շարժում կուսակցության (Թուրքիայում հայտնի որպես MHP) նախագահ Ջահիդ Էրոլը մտահոգված է այն ազդակներով, որոնք տանում են դեպի սահմանի վերաբացումը: Նա վախենում է, որ Իգդիրի քուրդ քաղաքապետի ընտրությունները կարող են ունենալ արագացված և անցանկալի գործընթաց; Վերջերս Էրոլը պարտություն էր տարել տեղական ընտրություններում` Քրդական Ժողովրդավարական Հասարակական կուսակցության թեկնածու Մեհմետ Գյունեշի հետ մրցելիս: Էրոլը պնդում է, որ վերջինս աջակցում է Քրդական Աշխատավորների Կուսակցությանը` PKK, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: «Հիմա, ցավոք, նրանք նշանակել են PKK-ի անդամին ղեկավարել քաղաքապետարանը», - բողոքում է Էրոլը: Նա անհանգիստ է, որ նորանշանակ քուրդ քաղաքապետը կբացի սահմանը Հայաստանի հետ: Ընտրվելուց հետո Գյունեշը տեղական թերթին տված հարցազրույցում ասել է, որ «կբացի Ալիջանի դարպասները», որը առաջարկված անցակետերից մեկի մոտ տնվող գյուղերից է: «Սա կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը», - ասել է նա նույն թերթում: Էրոլին դուր չի գալիս Թուրքիայի դաշինքը Ադրբեջանի հետ առուծախ անելու գաղափարը` փոխարինելով այն «զարգացման» հեռանկարով: «Մեր կողմից հարգված [կուսակցության] նախագահ Դեվլետ Բահչելին ասում է. “Մենք հետ չենք կանգնի Ղարաբաղից, նույնիսկ եթե Ադրբեջանը հետ կանգնի”», - առարկել է նա: «Մենք ուրախ կլինենք, եթե Ադրբեջանը խիստ դիրքորոշում պահպանի Թուրքիա-Հայաստան սահմանի վերաբացման հարցում, և եթե [նախագահ] Ալիևը խափանի Օբամայի և Էրդողանի նախագծերը»: «Մեր կուսակցությունն իր դիրքորոշումը հստակ ասել է: Սահմանը երբեք չի բացվի, կամ նրանք ստիպված կլինեն անցնվել մեր դիակների վրայով»: Իգդիրի բնակչության կարծիքները շատ տարբեր են: Սակայն շատերը նույնքան թշնամաբար են տրամադրված սահմանի վերաբացմանը, որքան Էրոլը: Իգդիրի կենտրոնում գտնվող Բարբարոսսա հյուրանոցի աշխատակից Նուրին ասում է, որ նման զարգացումները բիծ կթողնեն Թուրքիայի հեղինակության վրա: «Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ հայերը հանգիստ ճանապարհորդեն Թուրքիայով: Ինչպե՞ս է դա հնարավոր», - ասում է նա: Տեղացի գործարար Էկրեմ Յեսիլն ընտրել է նույն ուղին: Նա ասաց, որ Էրզրումի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը վերջերս անցկացրել է սոցոլոգիական հարցում, որին մասնակցած 10.000 հարցվածների մեծամասնությունը դեմ է հաշտմանը: «Պատասխանողների 97 տոկոսն ասել է, որ չեն ցանկանում, որ սահմանը վերաբացվի», - ասաց Յեսիլը: «Մնացած երեք տոկոսը կառավարությանը սատարող Արդարություն և Զարգացում կուսակցության անդամներ էին»: Մուրատ Քարադեմիրը` ընդդիմական Հանրաճանաչ Հանրապետական Կուսակցությունից, նույնպես խստորեն դեմ է հաշտությանը: Նա Իգդիրն անվանում է «դեպի Կովկաս տանող դուռ»` մի դուռ, որը պետք է պինդ փակ պահել Հայաստանի դեմքի առջև: «Հայերի համար այս քաղաքը դեպի Եվրոպա տանող ճանապարհ է հանդիսանում Թուրքիայի միջով, կարճ ասած, այն ռազմավարական տարածք է», - ասաց նա: «Այս դուռը բացել հայերի առջև կնշանակի աղետ Թուրքիայի համար, վտանգ նրա անվտանգությանը»: «Բացի այդ PKK-ն շատ ակտիվ է այս տարածաշրջանում, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ PKK-ի շատ անդամներ պատրաստվել են Հայաստանում և օկուպացված Ղարաբաղում»: «Հենց այնտեղ է, որ ահաբեկիչները “բուժում են իրենց վերքերը”: Արդեն իսկ շատ բարդ է [կանխել] նրանց մուտքը Հայաստան: Իսկ սահմանը բացելով` ավելի կհեշտացնենք նրանց շարժը»: Ալիջանում ծնված, իսկ ներկայումս Իգդիրում բնակվող Մեհմետ Այդինն ասել է, որ Անկարան վերջերս խոսել է այն մասին, որ դիվանագետներ ուղղարկի այդ գյուղը` սահմանի վերաբացումը կանխելու: «Նրանք ասում են. “Տեսնո՞ւմ եք, թե ինչ է դառել Իգդիրը մի փոքրիկ գյուղից Ադրբեջանի սահմանը բացվելուց հետո: Նույնն էլ սպասում է Ալիջանին [եթե Հայաստանի հետ սահմանը բացվի]”»: «Ոմանք հավատում են այս քարոզչությանը և սպասում [սահմանի] վերաբացմանը, իսկ շատերը` ոչ»: Բայց ոչ բոլորն են Իգդիրում ուզում մշտապես փակ սահման ունենալ Հայաստանի հետ: Ահմետ Սահինը` տեղական Ժողովրդավարական Հասարակական կուսակցության ակտիվիստը, կարծում է, որ այսօր Իգդիրում շատ բիզնեսներ կանգ են առել տնտեսական բարդությունների պատճառով, սակայն կարող են նորից թափ առնել, եթե սահմանը բացվի: «Ես ինքս ձեռնարկատեր եմ: Իմ գործարանում արտադրվող քիմիկատները փոշու մեջ կորել  են պահեստներում», - ասում է նա: «Ինչո՞վ վատ կլիներ, եթե արտադրանքս իրացնեի հայկական շուկայում»: «Սահմանը պետք է բացվի, քանի որ Թուրքիայում գործազրկություն է», - համաձայնվում է տեղաբնակ ուսուցիչ Մեհմետ Բրոին: «Առևտուրը նույնպես պակասել է: Իսկ Հայաստանը մեզ համար շահութաբեր տարածք է»: Այստեղի նահանգապետ Մեհմետ Քարահիսարլին նույպես լավատես է սահմանի հնարավոր վերաբացման հարցում: «[Այն] կնպաստի Իգդիրի և ամբողջ տարածքի բիզնես գործունեության զարգացմանը», - ասաց նա Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին (IWPR): Բայց թուրք ազգայնամոլները շարունակում են կրկնել, որ նրանք կթույլատրեն սահմանի բացում միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի մի շարք նախապայմաններ: Դրանք սկսում են Լեռնային Ղարաբաղից: «Առաջին հերթին Հայաստանը պետք է ազատի Ղարաբաղի տարածքը», - ասում է Էրոլը: «Երկրորդ հերթին նրանք պետք է մտքներից հանեն ցեղասպանության վերաբերյալ իրենց պահանջները: Երրորդ` պետք է դադարեն Թուրքիայից փոխհատուցում պահանջել: Չորրորդ` չպետք է պահանջեն, որ Թուրքիան վերադարձնի տարածքները: Հինգերորդ` պետք է ընդունեն [1992թ.փետրվարի] [ադրբեջանցիների] կոտորածները Խոջալիում»: «Երբ հայերը կատարեն բոլոր այս պայմանները, Էրդողանը և Գյուլը նույնիսկ կարող են բարեկամանալ [Հայաստանի նախագահ Սերժ] Սարգսյանի հետ»: «Մինչև չանեն, մենք խոսելու ոչինչ չունենք»: Սաբուհի Մամմադլին անկախ լրագրող է Բաքվում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) «Կովկասյան լրատու» պարբերականից www.iwpr.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter