
Երևանի քաղաքապետի դաշնակցական թեկնածու Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե անհայտ անձինք շրջում են քաղաքացիների տներով, փորձում պարզել նրանց նախընտրական տրամադրությունները, երբեմն էլ մարդկանց հորդորում ՀՅԴ-ի թեկնածուին ձայն տալու փոխարեն ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին:
«ՉԻ» - Շատ ապրի դաշնակցությունը: Փաստորեն, այդ կուսակցությունը երկարատև որոնումներից հետո «բացահայտել է» ընտրակեղծարարներին և «պարզել է», որ հիմնական մեղավորը Հայ ազգային կոնգրեսն է: Ուշադրություն դարձրեք, եթե նույնիսկ Արծվիկ Մինասյանի ասածը ճիշտ է, դրանում բացարձակապես կրիմինալ չկա: Մարդիկ ցուցակներ չեն կազմում, անձնագրային տվյալներ չեն հավաքում, պարզապես քարոզում են իրենց թեկնածուի օգտին:
Բայց հիմնական «նրբությունը» դա չէ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զավեշտական բան կստացվեր, եթե Կոնգրեսի նկատմամբ նման մեղադրանքներ ներկայացներ Գագիկ Բեգլարյանը: Կարգին կզվարճանայինք: Դրա համար էլ այդ «նուրբ առաքելությունն» իրենց վրա են վերցրել դաշնակները: Իբր` ահա իրենք ընդդիմություն են և պայքարում են կեղծիքների դեմ: Ընդ որում` հիմնականում հենց ընդդիմության «կազմակերպած» կեղծիքների դեմ: Ըստ երևույթին` ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական պաշարում նոր տերմին հայտնվի. «Գեղամյանիզացիա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել