
Երբեմն իսկապես ուզում ես հասկանալ` արդյոք լո՞ւրջ են խոսում իշխանական ու կոալիցիոն այն դեմքերը, ովքեր պնդում են, թե ստեղծված են բավարարար պայմաններ` Երևանի քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար և հավասար պայմաններում անցկացնելու համար: Հարցադրումը, իհարկե, հռետորական է: Որովհետև Երևանի քաղաքապետի ընթացիկ ընտրություններում ստեղծված վիճակը դժվար է ազատ, արդար և հավասար մրցակցային որակել այն պարագայում, երբ քաղաքապետի հիմնական թեկնածուներից մեկի թիմի զգալի մասը գտնվում է ազատազրկման վայրերում, քննչական մեկուսարաններում և ընդհատակում: Բայց եթե իշխանությունն իրոք ուզում է հավասար մրցակցային ընտրություններ անցկացնել, դա առանձնապես մեծ բարդություն չի ներկայացնում: Հարկավոր է, որ Հայ ազգային կոնգրեսը ընտրական գործընթացին մասնակցի ամբողջ թիմով:
Թող ուրեմն քաղբանտարկյալներին հնարավորություն տան մասնակցել ընտրական գործընթացներին: Ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման վայրերում գտնվող քաղանտարկյալներին, օրենքը թույլ է տալիս, կարող են արձակուդ տալ, որպեսզի այդ մարդիկ իրենց քաղաքական թիմի քարոզարշավին մասնակցելու հնարավորություն ստանան: Ինչ վերաբերում է դատաքննության ու նախաքննության փուլում գտնվող գործերին, իշխանությունը թող փոխի այդ գործով անցնող քաղբանտարկյալների խափանման միջոցը: Ընդ որում` ՀԱԿ-ի` ազատության մեջ գտնվող լիդերները կարող են հանդես գալ հրապարակային երաշխավորի դերում, որ այդ անձինք չեն խուսափի քննությունից:
Ինքս` որպես «քննությունից վաստակավոր խուսափող», հանդես եմ գալիս հրապարակային ինքնաերաշխավորմամբ. նախաքննության մարմինը հանում է իմ (Նիկոլ Փաշինյան) նկատմամբ հայտարարված հետախուզումը, իմ խափանման միջոցը փոխարինվում է չբացակայելու երաշխավորությամբ, ես իմ ընկերների հետ մասնակցում եմ Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, և ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո նախաքննության մարմինը թող ինձ ձերբակալի: Բայց միայն ընտրությունների արդյունքերը ամփոփելուց հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել