Կոռուպցիայի դեմ պայքարի ղարաբաղյան փորձը
2006-ի նոյեմբերին շրջանի Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի գյուղապետ Գառնիկ Չոբանյանը` համապատասխան պայմանագրով գնում է Բերձոր, որպեսզի ստանա կառավարության կողմից հատկացված 2 տոննա 560 լիտր դիզվառելիքը: Փաստաթուղթը ստորագրելուց հետո Գառնիկին հայտնում են, որ դիզվառելիքը վերջացել է եւ ընդամենը 400 լիտր է մնացել: Գառնիկ Չոբանյանին խորհուրդ են տալիս այդ 400 լիտր դիզվառելիքը վերցնել` խոստանալով որոշ ժամանակ հետո տալ մնացածը: Օրերս Հակարի գյուղ մեր այցելության ժամանակ Գառնիկ Չոբանյանը պատմեց, որ քանի տարբեր ժամանակահատվածներում բազմաթիվ անգամ գնացել էր դիզվառելիքը ստանալու` չէին տվել:
Բերձորի վարչակազմում նրան հավաստիացրել են, որ ոչ մի խնդիր չի ունենա, քանի որ ինքն իրականում 400 լ դիզվառելիք է ստացել: Դրանից հետո երկու վարչակազմի ղեկավար է փոխվել, եւ ահա վերջինի(այսինքն` գործողի) օրոք` 2008 թվականին պարզվեց, որ դատարանի միջոցով փորձում են Գառնիկ Չոբանյանից վերցնել նաեւ դիզվառելիքի մյուս՝ չստացած մասի, գումարը: Բարեբախտաբար, գյուղապետը կարողացավ դատարանին ապացուցել, որ ընդամենը 400 լ դիզվառելիք է ստացել, ու նրանից չգանձեցին գումարը:
Այս ամենի արդյունքում, սակայն, պետությանը հասցված վնասը, չի վերականգնվել, դեռ մի բան էլ՝ դատական ծախսերը, ավելացել է: Իսկ թե դիզվառելիքի մյուս մասն ով է յուրացրել, չի պարզվել: Բայց որ այն նպատակային չի օգտագործվել, այսինքն Հակարի գյուղ չի հասել փաստ է:
Նման օրինակներ կարելի է շատ բերել, երբ այս կամ այն մարմնի ղեկավարի սխալի կամ ոչ բարեխիղճ գործունեության պատճառով փորձ է արվում պատասխանատվության ենթարկել այն անձին, ով հնարավոր է դրանում մեղավոր չէ, կամ շատ ավելի քիչ է մեղավոր:
Վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը նման մի փաստի մասին էլ տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել Քարվաճառի համայնքի ղեկավար Ժորա Գրիգորյանի նկատմամբ, ով միաժամանակ «Տրանս-քար» ՓԲԸ-ի տնօրենն է եղել: Նրա խոսքերով, Քարվաճառի քաղաքապետը պետության կողմից ծրագրված շինարարական աշխատանքներն իրականացրել է իր իսկ ընկերության միջոցով, որի արդյունքում շուրջ 6 մլն դրամի չափով յուրացում է կատարել: Համայնքի ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ այժմ կալանավորված է:
Դատախազի նշած «Տրանս-քար» ՓԲԸ-ն պետական հիմնարկ է, բնականաբար, Ժորա Գրիգորյանը իրավունք չուներ միաժամանակ լինել եւ քաղաքապետ, եւ պետական ընկերության տնօրեն: Եւ դրա համար պատասխանատու է ոչ թե ինքը` Ժորա Գրիգորյանը, այլ լիազոր մարմինը, ով նշանակել է նրան այդ պաշտոնում:
Կամ նույն գործի մեկ այլ հանգամանք. յուրացումները կապված են երկու ջրագծերի շինարարության հետ: Երկու օբյեկտներն էլ ժամանակին շահագործման է ընդունվել «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ի համապատասխան հանձնաժողովի կողմից, սակայն հետո պարզվել է, որ այդ նույն ջրագծերի շինարարության ընթացքում յուրացումներ են եղել, որի համար պատասխանատվության են ենթարկում միայն այն ընկերությանը, որն իրականացրել է աշխատանքը: Իսկ այդ աշխատանքները ընդունող հանձնաժողովը պարզվում է, որ դարձյալ կապ չունի եւ պատասխանատվություն չպիտի կրի: Այս դեպքում սռացվում է, որ վերահսկող մարմինը կամ չի իրականացնում վերահսկողություն, կամ էլ ինչ-ինչ պատճառներով չարաշահումները չնկատելուն է տալիս:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Ղարաբաղում հարուցվել է կոռուպցիոն բնույթի 11 քրեական գործ:
Դրանցից մեկն էլ Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանի կողմից` վարչակազմի հաշվեկշռում գտնվող տեխնիկական միջոցները եւ ապրանքանյութական արժեքները օտարելու մասին որոշում կայացնելու փաստի առնչությամբ հարուցված քրեական գործն է: Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը չի բացառում, որ այս գործով հնարավոր է պատասխանատվության ենթարկվեն շրջվարչակազմի նախկին ղեկավարներից յուրաքանչյուրը` եւ Էռնեստ Ղեւոնդյանը, եւ Համլետ Խաչատրյանը, եւ մյուսները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել