HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Բոյկոտում են նիստերը, քվեարկում միաձայն

Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը ապրիլի 30-ին ավագանու հերթական նիստն էր հրավիրել, սակայն նիստը չկայացավ: Ավագանու անդամները չներկայացան ու չապահովվեց քվորումը: Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին երկու ղեկավարները մեզ հետ ունեցած զրույցում նման դեպք չհիշեցին: Չկայացած նիստը գումարվեց մայիսի 7-ին: Ավագանու 11 անդամներից նիստին մասնակցեցին 10-ը: Քաղաքապետը իր խոսքում ոչ մի անդրադարձ չկատարեց ավագանու անդամների չներկայանալուն: Ինչու՞ ավագանու անդամները բոյկոտեցին նիստը: «Ի՞նչ բոյկոտ, պարզապես ես քաղաքում չէի, «Գանձասարը» դրսում խաղում էր այնտեղ էի` Երեւանում»,-ասաց ավագանու անդամ,«Գանաձասար» Ֆ/Ա գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը: Վերջինս նաեւ խոսոտվանեց, որ ամենաշատն ինքն է գործի բերումով հաճախ բացակայում նիստերից: «Որպես նիստ այդպիսին չկար: Ես օրինակ եկա, առաջարկությունների փաթեթ բերեցի, ու քաղաքապետն էլ ասաց, որ ժամանակ է պետք է ուսումնասիրելու եւ  օրակարգ մտցնելու համար»,-ասում է ՕԵԿ-ական ավագանու անդամ Գարիկ Միրոզոյանը: «Բոյկոտ չկար, պարզապես սպասեցինք մեր առաջարկություններն ընդունվեն, նոր քննարկենք»,-ասաց դաշնակցական Ստեփան Բալայանը: Հետքի հետ զրույցում ավագանու տարիքով ավելի երիտասարդ անդամներն անկեղծ խոստովանեցին, որ իրենք պատրաստ չէին նիստի, այդ իսկ պատճաոռվ չեն ներկայացել: Կապանի ավագանու  նիստերի արձանագրության մատյանում էլ գրված է, որ «Ապրիլի 30-ի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ավագանու անդամներ Գ. Միրզոյանն ու Է. Մարտիրոսյանը ներկայացրել էին առաջարկների փաթեթ»: Հենց այս պատճառաբանությունն են բերում ավագանու անդմաները: Սակայն, նույն Գարիկ Միրզոյանը մայիսի 7-ին կայացած ավագանու նիստում առաջարկությունների մի երկար ցանկ էր ներկայացրել` հայտարարելով, որ բոլորի անունից է խոսում: Ավագանու անդամ, ՀՀԿ-ական Մուրադ Մելիքյանը նշեց, որ դրանք կապ չունեին նախորդ առաջարկությունների հետ: Մեր այն հարցին, թե նախորդ առաջարկություններից ինչ հարց է մտցվել օրակարգ` ավագանու անդամները չհիշեցին: Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայան, ավագանու անդամները փորձել են համայնքի ղեկավարի հետ իրենց անձնական խնդիրները ճշտել, որից հետո քվեարկել այս կամ այն հարցի շուրջ: Կապանի ավագանու անդամները,  կտրականապես հերքեցին նման  փաստը: Իսկ ավագանու նիստի օրակարգում 13 հարց էր ընդգրկված`  նախկինում ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելու մասին, համայնքային սեփականություն հանդիսացող գույքը օտարելու մասին եւ այլն: Բոլոր որոշումները ընդունվեցին միաձայն: Ավագանու անդամները հատկապես աշխուժացան համայնքային ենթակայության հաստատությունների  հաստիքացուցակում  փոփոխությւոններ մտցնելու նախագծի քննարկմանը: Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Արզումանյանի, 5-ամսյա աշխատանքը ցույց տվեց, որ առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտությւոն են, այս անգամ ոչ թե կրճատում, այլ` հաստիքների ավելացում: Կապանի կոմունալ տնտեսության 105  հաստիքին ավելացվեց 5-ը, մշակույթի կենտրոնի 102 հաստիքին` 14-ը եւ այսպես շարունակ` համայնքային ենթակայության այլ հաստատություններում: Ընդհանուր առմամբ ավելացավ  53,285 միավոր հաստիք` 1 մլն 893 հազար դրամ աշխատավարձի ֆոնդով: Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե բյուջեի որ տողի հաշվին են կատարվում փոփոխությունները: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Իվետա Թադեւոսյանը պարզաբանեց, որ բյուջեով մասսայական ու սպորտային միջոցառումների համար գումարներ են նախատեսված: «Դրանց մի մասը հիմնականում կատարվել է հովանավորների միջոցով, ինչը  հնարավորություն է ստեղծել այդ միջոցները տեղաբաշխել բյուջեի այլ տողերի միջեւ»,-ասաց Ի. Թադեւոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter