
«Չեք գտնի մի զինվորական, որը կողմ լինի Ադրբեջանին հողի մի կտոր անգամ հանձնելուն»-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության համահեղինակ, ԽՍՀՄ Զինված ուժերի գեներալ մայոր, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը` պատասխանելով ազատագրված յոթ շրջանների հանձնման վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը` Գ. Դալիբալթայանը, ով ռազմական գործողության ժամանակ զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասաց, որ քաղաքը ազատագրել է հայ ժողովուրդը: Ռազմական գործողությունը մի ամբողջ շտաբ ծրագրել և մշակել է դարձյալ ժողովրդի օգնությամբ, որը, լինելով սոցիալական ծանր կացության մեջ, նյութապես օգնում էր հայկական ուժերին:
«Ես հպարտ և երջանիկ եմ , որ այդ իրադարձությունների մասնակից եմ: Մենք ազատագրում էինք մեր քաղաքը: Իսկ նրանք օկուպանտներ էին: Այնպես որ, այդ մարտերին մեր զինվորներին մասնակցության ագիտացիա անելու հարկ չկար: Յուրաքանչյուր զինվոր, գիտակցաբար իմանալով իր դերը, գնում էր առաջ: Դա է կարևորը»,- նշեց Գ. Դալիբալթայանը:
Գեներալի խոսքերով, Շուշիի ազատագրումից բացի` հայկական ուժերը ևս մեկ առաջադրանք պետք է իրականացնեին, որը այդպես էլ չհասցրին. «Այնպես որ, թող ադրբեջանցիները չաղմկեն և մեզ չվախեցնեն: Եթե նրանք հանկարծ որոշեն պատերազմի դիմել, դա առիթ կլինի, որ մենք իրականացնենք մեր այդ վերջին գործողությունը: Այ, այդ ժամանակ մենք երջանիկ կլինենք. ժողովուրդը անվտանգության մեջ կլինի»:
Գեներալի համոզմամբ` Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի միայնակ հակահարված տալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ռազմակական գործողություններ սկսելուն, ապա, ըստ գեներալի, Հայաստանը կարող է պաշտպանվել, իսկ ակտիվ ռազմական գործողություններ մղելը կլինի դժվար, քանի որ թշնամին ուժեղ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել