«Երկիր» միության հայտարարությունը
Երեկ Թբիլիսիում կայացած ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի գրանցման մերժման բողոքարկման գործով առաջին դատալսման վերաբերյալ «Երկիր» միությունը իր մտահոգություններն է հայտնում.
«2009թ. մայիսի 7-ին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում կայացած ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանի որպես ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման Վրաստանի արդարադատության նախարարության որոշման բողոքարկման դատավարության առաջին նիստն ավարտվեց անարդյունք: Դատավորը ստուգեց կողմերի փաստաթղթերը, ընդունեց հայցը, հայտարարեց դատավարությունը բացված եւ անմիջապես դրանից հետո հետաձգեց դատալսումները մինչեւ մայիսի 29-ը»,-ասված է միության հաղորդագրության մետ:
«Երկիր» միությունը արձանագրում է, որ վրացական իշխանությունները Պ. Արապյանի գրանցման հարցում ընտրել են լուծումը հնարավորինս ձգձգմելու մարտավարությունը:
«Երկիր» միությունը հայտարարում է, որ ինչ նպատակներ էլ ընկած լինեն այդ մարտավարության հիմքում, միեւնույնն է, վրացական իշխանություններին չի հաջողվելու հասնել դրանց, քանի որ Պ. Արապյանը ներկա դրությամբ ըստ էության ստանձնել է Վահագն Չախալյանի շահերի պաշտպանությունը եւ մտադիր է շարունակել իր այդ առաքելութունը բոլոր համապատասխան միջազգային ատյաններում եւ մասնավրապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ վրացական իշխանությունների համաձայնությունը չի պահանջվում:
«Երկիր» միությունը միեւնույն ժամանակ ափսոսանք է հայտնում, որ վրացական իշխանություններն ըստ էության չեն կատարել Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավայի միջոցով ս.թ. ապրիլի 14-ին եւ 28-ին Փարիզում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի կայացած ցույցերի մասնակիցներին տրված իրենց խոստումն առ այն, որ դրական լուծում կտան Պ. Արապյանի գրանցման խնդրին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել