
«Ամերիկայի և եվրոպական կառույցների ազդեցության տակ Սահակաշվիլին գրեթե մի ամսվա ընթացում փորձել է չանել այն, ինչ որ նման դեպքերում արվեցին Մոլդավայում և Հայաստանում, այսինքն` չօգտագործել ուժ ըննդիմության հանրահավաքների նկատմամբ»,- այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա` նախագահ Մ. Սահակաշվիլին հույս ուներ, որ եթե երկար սպասի, հանրահավաքների ալիքը կթուլանա: Սակայն, երբ իշխանությունը մի ամբողջ ամիս թույլ է տալիս, որ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունենան հանրահավաքներ, դա հանգեցնում է իշխանական կառույցների թուլացմանը, ուժային կառույցներում խնդիրներ են սկսվում:
«Բայց եթե իշխանություններին հաջողվի ըննդիմության հանրահավաքներին մեղմ ռեակցիա ցույց տալ և ուժային կառույցները վերահսկողության տակ պահել, ապա ոչ մի բան էլ տեղի չի ունենա»,- ասաց նա:
Ս. Մինասյանի խոսքերով` վստահությունն արևմուտքի կողմից շատ քիչ է Սահակաշվիլիու նկատմամբ, սակայն Սահակաշվիլին նրանց համար չարյաց փոքրագույնն է, քանի որ արևմուտքը չգիտի, թե իշխանափոխությունն ինչի կհանգեցնի:
«Ներկայումս արևմտյան երկրները փորձում են ինչքան հնարավոր է չեզոք դիրք ունենալ այս հարցում: Իրականում իշխանափոխության խնդիրը ներկա փուլում լուծվում է Վրաստանում, և դա կախված կլինի նրանից, թե Վրաստանի հասարակությունը և քաղաքական էլիտան պատրաստ է իշխանափոխության, թե ոչ»,- ասաց նա:
Սերգեյ Մինասյանի համոզմամբ` Վրաստանի ընդդիմությանը հիմա ձեռք է տալիս, որ կոնֆլիկտներ լինեն հանրահավաքների մասնակիցների և ուժային կառույցների միջև, որոնք ավելի կբարձրացնեն ընդդիմության կշիռը:
Արդեն մեկ բախում եղել է ըննդիմության և ուժայինների միջև, բացի այդ, մի քանի օր առաջ ռազմական ստորաբաժանումներից մեկը խռովություն էր բարձրացրել: Սերգեյ Մինասյանը նշեց, որ վերոնշյալ իրադարձությունները նոր դինամիկա կմտցնեն ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել