Ռոտերդամից մինչեւ Կանն
«Ոսկե Ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը 2009-ը հայ կինոյի համար բեղմնավոր տարի է համարում: «Եթե հաշվի առնենք, որ տարին դեռ նոր է կիսվում, եւ մենք այսքան նվաճումներ ենք ունեցել համաշխարհային կինոյի շուկայում, կարելի է հուսալ, որ լավագույն հաջողությունները դեռ առջեւում են»,-ասաց նա լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ այս տարի Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել արտերկրում: Ֆիլմի գլխավոր հերոսը` գոմեշը, հատում է հայ-ադրբեջանական սահմանը. դրանով գոմեշը բարձրացնում է երկու հարեւանների միջեւ առկա խնդիրները, ներկայացնում է սահմանամերձ գյուղերի վիճակը, մարդկանց կենցաղը եւ կրոնական առօրյան:
Ըստ ռեժիսորի` ֆիլմի հիմնական գաղափարը բոլոր տեսակի սահմանների վերացումն է: Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ցուցադրվել է միշտ լեփ-լեցուն դահլիճներում, դարձել մեծ քննարկումների առարկա հանդիսատեսի, կինոքննադատների շրջանակներում եւ մամուլի էջերում:
«Սահման» ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 24-ին Ռոտերդամի փառատոնի շրջանակներում:
Ապրիլի 17-26-ը Հյուսթոնի 42-րդ համաշխարհային կինոփառատոնին կայացել է ֆիլմի ցուցադրությունը ԱՄՆ-ում: «Սահմանը» ընդգրկված էր նաեւ փառատոնի ՌԵՄԻ մրցանակին հավակնող ֆիլմերի շարքում եւ արժանացել Պլատինե մրցանակի, իսկ ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 13-ը Սիրակուզայի միջազգային փառատոնի շրջանակներում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին:
«Սահման» ֆիլմը նաեւ ցուցադրվել է Փարիզում` Ժորժ Պոմպիդուի մշակութային կենտրոնում որպես Cinema’ du Reel միջազգային ամենամյա կինոփառատոնի բացման ֆիլմ:
Սիրակուզայի միջազգային կինոփառատոնի եւ «Ոսկե Ծիրանի» համագործակցությամբ այս տարի արդեն 3-րդ անգամ է Սիրակուզայում ցուցադրվում հայկական ֆիլմերի ծրագիր: Բացի «Սահման»-ից, այս տարի այդ փառատոնին ներկայացվել են Արտակ Մովսիսյանի Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին 10 րոպեանոց «21-րդ դարի վանդալները» վավերագրական ֆիլմը: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ասաց, որ այդ ֆիլմը մեծ քննարկումների առարկա էր դարձել:
«Կոնկրետ ինձ համար ամենակարեւորն այն էր, որ մարդիկ հարցնում էին, թե ի՞նչ է խաչքարը, որտե՞ղ է Նախիջեւանը: Եւ այս ամենի մասին նրանք տեղեկանում էին մեր ֆիլմի միջոցով: Բացի այս հաջողություններից, մեզ սպասվում է մի այլ շատ կարեւոր միջոցառում, այս տարի ոտք ենք դրել Կաննի փառատոն»,- ասաց Գ.Գեւորգյանը:
Կաննի 62-րդ Կինոշուկայում Հայաստանը կներկայանա 2006 թ.-ից մինչեւ հիմա ստեղծված մոտ 20 հայկական ֆիլմերով ` կարճամետրաժ, լիամետրաժ, խաղարկային, մուլտիպլիկացիոն եւ վավերագրական:
Կաննի կինոփառատոն կմեկնեն Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի», Հարություն Խաչատրայնի «Սահման», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» եւ մի շարք այլ աշխատանքներ:
«Մենք Կանն մեկնում ենք ոչ թե հաղթելու, ֆիլմ վաճառելու, այլ սովորելու: Սա մեր առաջին փորձն է, եւ մենք շատ բան ունենք սովորելու»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
Հայկական պատվիրակությունը մեկնելու է մայիսի 11-ին, Կաննում մեր պատվիրակությունն ունենալու է իր առանձին տաղավարը: Կաննից վերադառնալուց հետո ֆիլմերը դիտելու հնարավորություն կունենա նաեւ հայ հանդիսատեսը:
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի 6-րդ անգամ` հուլիսիս 12-19-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել