HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի դերը` Հայաստան-Վրաստան հարաբերությունների դաշտում

Ախալքալաք. 8 մայիսի «Ա-ԻՆՖՈ»- Տարիներ շարունակ յուրաքանչյուր ջավախահայ ընտանիքի համար, թերեւս, միշտ էլ ամենաառաջնայինն է եղել հայկական մշակույթի ու հայեցի լեզվամտածողության պահպանումը: Ապրելով ու արարելով մայր հայրենիքից դուրս, տեղացիների հիմնական նպատակներից է այս կամ այն չափով զգալ Հայաստանի ներկայությունն իր կողքին, համոզված լինել, որ անհրաժեշտության դեպքում հայրենակիցներն անպայման կօժանդակեն ու եթե հարկ լինի օգնության ձեռք կմեկնեն իրենց: Բոլորը հուսով են, սակայն… դա իրականում արդյո՞ք այդպես է: Կարծում ենք` հարցին պատշաճորեն պատասխանելու համար, նախեւառաջ անհրաժեշտ է «թափանցել» հայ-վրացական քաղաքական դաշտ` մասնավորապես դիտարկելու Ջավախքի առնչությամբ առկա համաձայնագրերը: Այսպիսով, ոչ հեռավոր 1995 թ. Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքվեց համագործակցության եւ փոխադարձ անվտանգության, ինպես նաեւ ազատ առեւտրի մասին պայմանագրեր: 2002 թ. ՀՀ եւ ՎՀ կառավարությունները ստորագրեցին Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացմանը` Հայաստանի մասնակցության մասին փաստաթուղթը եւ այլն: Սակայն Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նորմատիվ ակտերն ու կարգադրություններն այդպես էլ էական փոփոխություն չբերեցին ջավախահայերի կյանքում, քանի որ, փաստորեն, դրանում շահագրգռված չէր Վրաստանը, իսկ Հայաստանն էլ այս գործում անհրաժեշտ հետեւողականություն չցուցաբերեց: Սակայն իրավիճակն այժմ նկատելիորեն փոխվել է: Վերջին դեպքերի զարգացումներից հետո, Անդրկովկասում ստեղծվել է ուժերի նոր հավասարակշռություն: Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ-ից, ինչը նշանակում է, որ այդ կազմակերպության հետ ունեցած պայմանագրերը Վրաստան-Հայաստան հարաբերություններում այլեւս չի գործում: Ջավախքում գործող որոշ հասարակական-քաղաքական կազմակերպություններ գտնում են, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ նոր պայմանագրի ստորագրումը վաղուց արդեն հասունացել է, որում պետք է հստակ ամրագրվեն երկու երկրների իրավունքները Ջավախքի նկատմամբ: Նրանց կարծիքով, ասվածը պետք է իրականացվի այն գիտակցումով, որ Ջավախքի դերը Հայաստան-Վրաստան հարաբերություններում առանձնահատուկ է` անկախ ամեն ինչից: Որպես լավագույն օրինակ, հատկապես մատնանշվում է այն, որ Ջավախքը Հայաստանի համար արտաքին աշխարհի հետ կապող կարեւոր ուղի է, եւ բնականաբար, տարածաշրջանի հայաթափումը կործանարար կլինի նաեւ Հայաստանի համար: Անդրադառնալով Ջավախքում տիրող իրավիճակին, շատերն արձանագրում են, որ վերջին քսան տարիները Հարավային Վրաստանի հայ ազգաբնակչության համար եղել է փորձությունների ժամանակաշրջան: Այսօր, առավել քան երբեւէ, հրատապ է դարձել Հարավային Վրաստանի հայկական համայնքների, մասնավորապես Ջավախքի ինքնակազմակերպման, եղած ուժերի միավորման խնդիրը: Ջավախահայ շատ հասարակական-քաղաքական գործիչների տեսանկյունով, Ջավախքին սպառնացող իրավիճակն ավելի քան լուրջ է, որը ոչ միայն պետական, այլեւ համազգային նշանակության խնդիր է: Այս իսկ պատճառով, այդ կառույցներն անհրաժեշտ են համարում, որպեսզի Հայաստանի պետբյուջեով միջոցներ տրամադրվեն Վրաստանի հայկական դպրոցներին` հատկապես դոտացիոն դպրոցներին, ծախսերը հոգալու համար, որոնք փակման վտանգի տակ են: Հիշյալ կազմակերպությունների կողմից ողջունելի է համարվում նաեւ այն, որ ջավախահայ ուսանողները բարձրագույն կրթություն են ստանում հենց Հայաստանում, սակայն մտահոգիչ է, որ տվյալ բուհն ավարտելուց հետո շատ քչերն են վերադառնում հայրենիք` կամա թե ակամա համալրելով զանգվածային արտագաղթի դիմող ջավախահայերի շարքերը: Այսպիսով, ի նկատի ունենալով տարածաշրջանի հայ բնակչության ձգողական ուժը դեպի Հայաստանն ու հայկականը` շատերը հույս ունեն, որ ՀՀ կողմից Ջավախքը եւս պատշաճ ուշադրության կարժանանա: Եվ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, պետք է հավատալ, որ երկու պետությունների համատեղ ջանքերով, ի վերջո, վերջ կտրվի տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային եւ այլ բնագավառերում առկա բազմամյա հիմնախնդիրներին, եւ որ Ջավախքը կդառնա հայ-վրացական բարեկամության հարատև խորհրդանիշը: Արթուր Գաբրիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter