
Գեղեցիկ և շատ ճիշտ ավանդույթի համաձայն` մենք Հայաստանում և Ղարաբաղում մայիսի 9-ին մեծարում են թե' Հայրենական մեծ պատերազմի, և թե' Արցախի ազատամարտի վետերաններին: Ավանդույթը ճիշտ է, որովհետև երկու դեպքում էլ հերոսը Հայ զինվորն է, երկու դեպքում էլ նրա պայքարն արդար էր ու ազնիվ:
Երկրորդ աշխարհամարտի վետերանների հետ կապված ամեն ինչ միանշանակ է. նրանք հիմնականում 80-անց մարդիկ են, և այդ մի քանի հազար հայաստանցիներին պետությունը պետք է ապահովի եթե ոչ բարեկեցիկ, ապա գոնե արժանապատիվ կյանք: Ինչը, հատկապես վերջին 20 տարիների ընթացքում «համառորեն» չի անում:
Արցախյան պատերազմի դեպքում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Նախ` այդ պատերազմը դեռ չի ավարտվել: Ի տարբերություն Երկրորդ աշխարհամարտի, որտեղ մեր (խորհրդային և այդ թվում` հայկական) զենքի հաղթանակը ամրագրվել է հակառակորդի լիակատար կապիտուլյացիայիով, այս դեպքում 15 տարի առաջ միայն զինադադար է կնքվել, և մեզ ոչ ոք թույլ չի տա (եթե նույնիսկ ռազմական տեսակետից դա հնարավոր լինի) հասնել Բաքու և ստիպել Ադրբեջանի իշխանություններին կապիտուլյացիայի մասին ակտ ստորագրել: Հետևաբար, արցախյան պատերազմում մենք չենք հաղթել, ընդամենը մեծ և տպավորիչ հաջողություններ ենք ունեցել, որոնցով, բնականաբար, իրավամբ հպարտանում ենք:
Երկրորդ` եկեք ընդունենք, որ այս մի պատերազմի վետերանների նկատմամբ հասարակության վերաբերմունքն անվերապահ չէ, և դրա պատճառն էլ հայտնի է. 94-ի զինադադարից հետո այդ վետերանների որոշ մասը, որը մոտ էր կանգնած իշխանություններին, կոչվեց «երկրապահ», և նրանց տրվեցին տնտեսական ու քաղաքական լծակներ, տոնավաճառներ, բարդակներ ու այլ բիզնեսներ: Երկրապահներին հնարավորություն տրվեց խախտել օրենքները, անպատժելիորեն ծեծել մարդկանց, խլել ունեցվածքը, մասնակցել ընտրությունների կեղծմանը, նրանք սկսեցին շրջել ջիփերով ու արհմարհել մնացած քաղաքացիներին: 98-ի սկզբին երկրապահները դարձան պալատական հեղաշրջման «շարժիչ ուժը», երբ մի գիշերում խորհրդարանի բոլոր պատեհապաշտները «գրվեցին երկրապահ»: 99-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, փաստորեն, տեղի ունեցավ ևս մի հեղաշրջում, և երկրապահները նոր իշխանությանն այլև պետք չեկան. Նրանք դադարեցին ռեժիմի հիմնասյունը լինելուց` իրենց տեղը զիջելով թիկնապահներին, սափրագլուխներին և այլ քրեական տարրերին: Օրինաչափ է, որ այսօր մի քանի երկրապահներ դատվում են կամ դատապարտված են շինծու, անհիմն մեղադրանքնեով:
Նսեմացնո՞ւմ է արդյոք այդ ամենը ղարաբաղյան պատերազմի վետերանների, այդ թվում` երկրապահների հերոսությունը: Իհարկե, ոչ: Հերոսությունների մասին պետք է հիշել միշտ: Չարագործությունների մասին` ժամանակ առ ժամանակ: Որպեսզի դրանք չկրկնվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել