HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2010թ. դեկտեմբերին ամեն ինչ կտրուկ փոխվեց

«Ես 31 տարեկան եմ: Մինչ 2010 թ. դեկտեմբերը ապրել եմ ինչպես մեր երկրի բոլոր երիտասարդները. աշխատել եմ, հանդիպել եմ իմ ընկերների հետ, հաճախել եմ համերգների, ցուցահանդեսներ և ուրախացել եմ կյանքով: Բայց 2010թ. դեկտեմբերին ամեն ինչ կտրուկ փոխվեց, ես զգացի անհարմարություն աջ կրծքիս հատվածում: Մամոգրաֆիայի կենտրոնում բժշկական գիտությունների թեկնածու Ա.Խ. Հակոբյանի մոտ տեղեկացա, որ ինձ մոտ քաղցկեղ է…փրկե՜ք իմ կյանքը, խնդրում եմ…». այս տողերը շատերի պես կարդացի «Ֆեյսբուք» սոցիալական կայքում՝http://www.facebook.com/home.php#!/pages/Help-to-Elen-Kalashyan/136144193130792:

 
Նման հայտարարություններ միշտ կարելի է տեսնել թերթերի վերջին էջերում՝ ինչ-որ աննկատ տեղում, փոխարենը առաջին էջերը լցված են քաղաքական, տնտեսական հարցերի լուսաբանմամբ: Հետևաբար՝ ի՞նչ արժե մարդկային կյանքը:
 
… Ինձ դիմավորեց խոշոր, արտահայտիչ աչքերով Էլենը, ուղեկցեց իր բնակարան: Երկար զրուցեցինք, գրեթե առանց դադարների: Իմացա, որ Էլեն Քալաշյանը մոտ է լրագրությանն այն պարզ պատճառով, որ տեխնիկական կրթություն ստանալով՝ աշխատել է հեռուստառադիո ոլորտում՝ որպես հնչյունային օպերատոր:
 
«Հիմա ինձ գրում են և լրագրողներ, և տարբեր մասնագիտության տեր մարդիկ՝  ծանոթ ու անծանոթ: Շնորհակալ եմ մարդկանց, ովքեր օգնում են ինձ: Սոցիալական ցանցում իմ էջի՝ Help to Elen Kalashyan,  ստեղծման հեղինակին անգամ չեմ ճանաչում, միայն վիրտուալ շփում է եղել: Գիտե՞ս՝ իմ էջ այցելել է 32.000 մարդ, չնայած այն մեկ ամսական էլ դեռ չկա»,- պատմում է Էլենը, ում վիրահատությունից հետո նշանակել են 8 կուրս արդյունավետ քիմիոթերապիա`անպայման «Հերցեպտին» թանկարժեք դեղամիջոցով, որը նա պետք է ընդունի մեկ տարի`21-օրյա պարբերականությամբ: Իսկ «Հերցեպտինի» մեկ սրվակն արժե 1.120.000 դրամ: 
 
32.000 այցելուից «Ամերիա» բանկում բացված հաշվեհամարին /1570012274850100 Ելենա Քալաշյանին/ դրամական փոխանցում է կատարել մոտ 30 մարդ, այսինքն՝ այցելուների թվից ավելի քան 1000 անգամ քիչ:
 
Երբ Էլենն ինձ ցույց էր տալիս Հերցեպտինի արդեն դատարկ սրվակը, այն պատահաբար սահեց ձեռքից. «Տեսա՞ր՝ միլիոնն ընկավ, լավ է, որ դատարկ էր», կատակեց Էլենը: «Ի դեպ, առաջին սրվակն ինձ օգնեցին գնել ազգականներս: Մեկ սրվակ ինձ նվիրաբերվեց նախարար Քուշկյանի միջամտությամբ: Ցավոք, նախարարության պահուստային ֆոնդի հնարավորութունները չեն ներում շարունակել ֆինանսավորումը»,- գրում է Էլենը ու SOS ազդանշանը հնչեցնում՝ ցանկանալով լսելի դառնալ տարբեր մարդկանց: Երկրորդ անգամ գնել դեղամիջոցը Էլենին օգնում են ընկերներն և բոլորովին անծանոթ մարդիկ:
 
Հերցեպտինի հաջորդ կուրսը Էլենը պետք է ստանա երեք շաբաթ անց, այսինքն՝ օգոստոսի առաջին հնգօրյակում, և այսպես` մինչև 2012թ. ապրիլ ամիսը: Սակայն Էլեն Քալաշյանն ու նրա ընտանիքը բավարար միջոցներ  չունեն: Մինչդեռ առանց այդ դեղամիջոցի նրա բուժումը չի կարող արդյունավետ լինել:
 
«Ես հավատում եմ հրաշքին, տատիկս նման մի վիրահատությունից հետո տասնյակ տարիներ ողջ է ու արդեն 91 տարեկան: Բացի այդ, Աստված ինձ տարբեր իրավիճակներից է փրկել, անգամ կյանքս պահպանել սարսափելի ավտովթարից հետո: Ես պարզապես հնար չունեմ հեռանալու: Պե՛տք է և ուզում եմ ապրել»,- վերջում ասաց Էլենն ու գրկեց իր Կասյա կատվին, որ եկել ու նստել էր տիրոջ մոտ. «Ցավող մասերս անգիր գիտի»…

Զարուհի Մեջլումյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter