ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը
Սիրելի հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի թանկագին վետերաններ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հարգելի զինվորներ, սպաներ, գեներալներ
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ, տոն, որն անչափ թանկ ու հիշարժան է բոլորիս համար: Այն դարձել է մեր ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը:
Հաղթանակ Մեծ Հայրենականում, որին մասնակցել են տասնյակ հազարավոր արցախցիներ: Կռվելով տարբեր ռազմաճակատներում` նրանք պաշտպանում էին նաեւ հայրենի երկիրն ու հայ ժողովրդի հուսալի ապագան: Նրանց կյանքը հերոսության, սխրանքի ու խիզախության դաս էր հետագա սերունդների համար, այն հայորդիների, ովքեր ոտքի էին ելել պաշտպանելու հարազատ հողում ազատ ու անկախ ապրելու իրենց իրավունքը: Մենք պարտավոր ենք ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատել Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին: Հաղթանակ Արցախյան պատերազմում, որի փառավոր պսակը հանդիսացավ Շուշիի ազատագրումը: Դա ազգային-ազատագրական պայքարի բովում կազմավորված մեր պաշտպանության բանակի ռազմական հաջողությունների սկիզբն էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը մեր հպարտությունն է, մեծագույն ձեռքբերումներից մեկը, որն այսօր էլ պատվով է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները: Հայրենակիցներ, պետք է միշտ հիշենք, թե ինչ գնով մեզ հաջողվեց նվաճել այս հաղթանակները: Հիշենք` հանուն մեր զոհված քույրերի ու եղբայրների, հանուն նրանց կիսատ թողած գործի, նրանց նպատակների ու երազանքների իրականացման: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նահատակներին: Մեր պարտքն է այսուհետ էլ սատար կանգնել նրանց ընտանիքներին, լինել կարեկցող, օգնական ու աջակից: Այս տոնական օրը ես երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց անգնահատելի ավանդն են ունեցել մեր հաղթանակների կերտման գործում: Դա ողջ հայ ժողովրդի, նրա տոկունության, միասնականության ու համախմբվածության հաղթանակն էր, եւ այդ հաղթանակի խորհուրդը պետք է առաջնորդի մեզ մեր առօրյա կյանքում, հետագա բոլոր ձեռնարկումներում: Երախտագիտություն եմ հայտնում նաեւ մեր պաշտպանության բանակի բոլոր զինվորներին, շարքային զինծառայողներին ու բարձրագույն սպայական կազմին, ովքեր այսօր էլ անձնվիրաբար ծառայում են Հայրենիքին: Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն, հանգիստ ու ապահով կյանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել