HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Բալես, թող, թող ես իմ դարդով տապակվեմ»

Այսօր Շուշիի ազատագրման օրն է: Եռաբլուրում մարդիկ սովորականից շատ են: Տեղ-տեղ գերեզմանաքարերի մոտ կռացած են սեւազգեստ կանայք:  Տիկին Փիրուզայի համար այսօր հերթական շաբաթ օրն է: Նա ամեն շաբաթ եւ կիրակի գալիս է այստեղ՝ Եռաբլուր, ուր Ղարաբաղում զոհված որդու գերեզմանն է: Սպիտակամազ,  ամբողջովին սեւազգեստ տիկին Փիրուզան որդու՝ Էդուարդի գերեզմանի վարդերն է մշակում, փոշին  է մաքրում, նստում է, նայում քարի վրա պատկերված որդու աչքերին ու ծանր հոգոց հանում: 61-ամյա կինը արդեն 17-րդ տարին է աչքերը բացում, գիտակցելով, որ որդին չկա: Էդուարդ Կամսարի Ղարաբաղցյանը 21 տարին չլրացած զոհվեց:

«Ընկերներն ասում են, որ վիրավորված ձեռքով մինչեւ վերջ ա կռվել, ի՞նչ իմանամ, ասացի` մի գնա, չլսեց: Ասում էր, որ չգնամ, ո՞վ գնա, բոլորս պետք է գնանք: Էդուարդս ամբողջ օրերով  իրա փոքրիկ զինվորներով խաղում էր, մի ուրիշ երեխա էր, տանից դուրս չէր գալիս, բայց իրա կռիվ-կռիվ խաղերից խելքն իրանը չէր, միայն ինձ չլսեց, թողեց գնաց  կռվի, ինձ չլսեց... Ասում են `պետք է հպարտանաս: Ես իրանով ի՞նչ հպարտանամ, որ ինձ սենց թողեց մրմռալու: Ես 2 տարեկանից որբ եմ մեծացել, ես ու քույրս մենակ ենք եղել, սով եմ տեսել, փողոցում եմ գիշերել, երեք երեխա եմ մեծացրել մենակ , ինչ ասես չեմ քաշել բայց որդուս ցավն ինձ կոտորում ա, ավելի հեշտա առանց ծնող մեծանալ, քան առանց որդի ծերանալ, ջիգյարի մրմուռը ահավորա: Ինձ չլսեց` գնաց... Ես էլի տղա ունեմ, բայց Էդուարդս ուրիշ էր, ինքը նման չի ուրիշներին»,- ասում է մայրը: «Ես ուզում եմ շուտ գնամ, որ ղեկավարությանը չտեսնեմ:  Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն էր, եկել էին, լիքը ծաղիկ էին բերել, լրիվ թափվում էին: Ոչ մեկը ոչ  մոտեցավ, մի ծաղիկ չբերեցին, տեսան ես մենակ ստեղ նստած եմ, մի բարեւն ի՞նչ է , որ չտվեցին, վերաբերմունք չեմ տեսնում, չկա, իրենք որ այդ աթոռին տիրացան, իմ նման խեղճ մերերի զոհված երեխեքի ու ամուսինների հաշվին, նրանց արյան գնով... Ինձ Վազգեն Սարգսյանը մի օր տեսավ` որդուս գերեզմանի վրա նստած, հարցրեց. «Ձեր որդին  ա՞», ասի ` հա, ասաց՝  Մայրիկ, ամբողջ կյանքդ ճակատդ  բարձր պահի, դու տենց զավակ ես ունեցել»: «Բալես, թող, թող ես իմ դարդով տապակվեմ, ամեն ինչ անիմաստ ա:  Սիրտս պատռվում ա, տեսա՞ր, ինձ չլսեց, գնաց»,- ցածր ձայնով դիմելով ինձ` ասաց տիկին Փիրուզան: Սեւազգեստ կինը կռանում է նյարդային շարժումներով, ավելորդ խոտերն է հանում վարդերի թփերի արանքից, արցունքները հոսում են աչքերից, իսկ շուրթերը մեխանիկորեն կրկնում են նույն բանը. «Ինձ չլսեց, գնաց… »:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter