Ալավերդիում նշվեց հաղթանակի տոնը
Հայրենական մեծ պատերազմում զոհված ալավերդցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ այսօր ին տեղի ունեցավ հաղթանակի 64-ամյակի տոնակատարություն, որին մանակցում էին Ալավերդու գրեթե բոլոր հիմնարկ ձեռնարկությունների աշխատողները: Հանդիսավոր միջոցառումը բացեց քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Ալավերդու պատերազմի և աշխատանքի վետերանների խորհրդի նախագահ Սուրեն Իսրայելյանը ասաց, որ 2005թ.-ին Ալավերդիում եղել են 273 Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, նրանցից այսօր մնացել են 25-ը: Տոնակատարությանը մասնակցում էին 7 վետերաններ:
«Հետքը» տոնի առթիվ շնորհավորեց տոնակատարությանը մասնակցող Հայրենական Մեծ պատերազմի բոլոր մասնակիցներին, իսկ Մեծ Հայրենականի 2-րդ կարգի հաշմանդամներ Աղվան Մկրտչյանին, Սամվել Նալբանդյանին և Զարմայր Հակոբյանին խնդրեցինք պատմել իրենց ռազմաճակատային կյանքի էջերից:
Սամվել Նալբանդյան. «Ռազմաճակատ եմ մեկնել 1941թ.-ին, տանկիստ եմ եղել: Պատերազմից զորացրվել եմ 1947թ.-ին: Մասնակցել եմ Բուդապեշտ, Վենգրիա, Ավստրիա, Ռումինիա, շուրջ 11 քաղաքների ազատագրմանը, հասել եմ Գերմանիա»,-ասաց 85-ամյա Սամվել Նալբանդյանը: Հետո էլ ավելացրեց. «Այտա, դե ինչ որ պրեմիա-մրեմիա կար, կտրատեցին, նկարս են ստի-ընդի կպցնըմ, թե ինչիս ա պետքը»:
Զարմայր Հակոբյան. «Պերվի Ուկրաինսկի ֆրոնտում: Ռազմաճակատ եմ մեկնել 1941թ.-ի նոյեմբերին: Ծառայել եմ Ուկրաինայում: Մինչև Գոմել գնացել ենք: Պարգևներս էլ էնա էս ա»,- կրծքին փակցված շքանշանները ցույց տալով` ասաց նա: Պատերազմի ընթացքում իր ստացած պարգևների մասին 86-ամյա ծերունին ասաց. «Օրդերնի են էլի եսիմ: Ռազմաճակատից տուն եմ եկել 1944թ.-ի նոյեմբերի 17-ին: Ոտներս ա վիրավոր, հետո կանտուժի եմ եղել: Հա, բա, թոշակ ստանում եմ, 2-րդ կարգի էլ հաշմանդամ եմ: Թոշակս 57 հազար դրամ ա»:
Թե ամեն մայիսի 9-ի, Հաղթանակի օրը ինչ է զգում, Զարմայր Հակոբյանը պատասխանեց. «Հա դե ապրըմ ենք էլի, ոչինչ, գոհ եմ ախպեր, գոհ ենք: Իրեք երեխա ունեմ, իրեքն էլ արդեն իրենց հմա ամուսնացած են: Պառավս ա մահացած»:
Աղվան Մկրտչյան. «Էս տոնական օրը զգում եմ 1945թ.-ին առաջին հաղթանակը, որ եղավ: Ես գտնվում էի Նովոսիբիրսկում: Բլագանովեցկի ֆրոնտում էինք մենք: Հիշում եմ էն ու չեմ պատկերացնում, էդքան տարիներ, 64 տարի ոնց է անցել ու ես կենդանի եմ մնացել: Կռվել եմ «Սեվերնի Կավկազ» ռազմաճակատում, «Պերվի Ուկրաինսկի» և «Դալնի Վաստոչնի» գծի վրա: Մեր զորամասով ազատագրել ենք Նովոռոսիյսկ, Գելենջիկ, Կիև, Դառնիսա: «Դալնի Վաստոչնի» գծում էլ կռվել եմ Ճապոնիայի դեմ: Պատերազմից վերադարձել եմ 1947թ.-ին: 75 տարեկան եմ, 18 տարեկանում եղել եմ ֆրոնտում, կամավոր եմ գնացել, կամավոր, 1942 թ.-ի հոկտեմբերին եմ մեկնել ռազմաճակատ, դեռ 10-րդ դասարանը չէի վերջացրել: Երկու անգամ վիրավորվել եմ ոտքից, հետո կանտուզիա եմ ստացել, Դառնիսիայում բամբյոշկի տակ եմ մնացել, էդքան բանից հետո կենդանի եմ մնացել: Հայրենականի թոշակ եմ ստանում, Հայրենականի 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Բնակարանով ապահովված եմ, բայց դե տանիքները լավը չի, խոստանում են, որ կվերանորոգեն, մինչև հիմա մնում է: Առաստաղը փլվելա: Իրենց ասել եմ, ասել են` հա կգանք, կգանք, տենց էլ մնում ա: Եսիմ: Չորս երեխա ունեմ, 21 թոռնիկ»,- պատմեց Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Աղվան Մկրտչյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել