HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Նրանք զոհվել են հայրենիքի համար. նրանց ծնողները շարունակում են կրել իրենց խաչը

09_05-yerablur3272-ամյա Արամայիս Ավալյանը որդու գերեզմանին յասամանի ծառ է տնկում, ասում է. «Լավ է, յասամանը, թող ծաղկի տղիս գերեզմանին: Քաջ էր, է՜, քաջ, մի օր տուն եմ գալիս, 1992 թ. ապրիլին էր, տեսնեմ` տղես չկա, ասում եմ` ո՞ւր ա, ասում են` ընկերոջ հետ գնաց Ղարաբաղ: 92 թ.-ի հենց էս օրը` մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման օրը, որդիս վիրավորվեց: Մեծ տղաս գնաց նրան բերեց, բայց երկար չմնաց, ասում էր՝ պապ, ո՞նց չգնամ: Ես դեկտեմբերի 30-ի գիշերը վատ երազ տեսա, թե Գագոյիս հետ տուն ենք գալիս, մեկ էլ տեսնեմ` ինքը ճամփից շեղվում ա, ես գոռում եմ, թե` այ Գագո, ու՞ր ես գնում, չպատասխանեց: Ես զարթնեցի, սիրտս վատ բան էր հուշում,  հեռուստացույցը միացրի, ասում էին, թե շատ թեժ կռիվներ են եղել էդ գիշեր, ու երկու կողմից զոհեր կան: Ծնկներս թուլացան, միանգամից ասացի` երեխես գնաց»: Այդպես էլ եղավ: Մի քանի ժամ հետո Արամայիսին հայտնեցին, որ դիպուկահարի արձակած գնդակը դիպել է որդու գլխին: Գագիկ Ավալյանը զոհվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 31-ին` 23 տարեկան հասակում: «Ես հպարտ եմ, որ ինքն իրեն ազգին նվիրեց: Ես ասում էի` Գագո, հերիք ա, դու էդքան կռվեցիր, արի տուն: Ինքն ասում էր. «Պապա, ո՞նց կլինի, բոլորը գնան, բա ո՞վ կռվի»: Դա իր ճակատագիրն էր, ինքը տենց պիտի ապրեր»,- ասում է Արամայիս Ավալյանը: Նա եւս երկու զավակ ունի` 43-ամյա որդի եւ 34-ամյա դուստր, սակայն նրանք չեն աշխատում: «Աղջիկս շատ ծանր էր տանում Գագիկի մահը, եւ մի հատ էլ, որ 96 թ.-ին  ավարիայի տակ ընկավ, հոգեկան շեղում ստացավ. իրան չի տիրապետում: Նույնն էլ կինս, աշխատում էր, հետո կրճատեցին, իսկ Գագիկի մահից հետո էդ ապրումներից հոգեկան  հիվանդություն ստացավ, հիշողության հետ էլ խնդիրներ ունի: Անհանգիստ ա, գիշերները չի քնում, վեր ա կենում, քայլում ա, նյարդային ա: Մենակ ես եմ աշխատում»: 72-ամյա Արամայիսը երկու տեղ է աշխատում եւ կարողանում է իր ընտանիքը պահել: Պետությունից կինը ամսեկան 26 հազար դրամ է ստանում` որպես զոհված ազատամարտիկի ծնող: «Ես աշխատում եմ, դրա համար էլ ինձ էդ թոշակից չեն տալիս: Բան չկա, ես չեմ բողոքում. որդիս հերոս ա, ինչի՞ բողոքեմ: Մենակ որ աղջիկս հիվանդացավ, դա  է ինձ անհանգստացնում: Մեկ էլ վատն էն ա, որ թոռ չունեմ, գոնե թոռներով փարատվեի: Աղջիկս չամուսնացավ, տղես չամուսնացավ,  թե չէ մնացածը լավ է»: Արամայիս պապիկը փորձում է ուրախ երեւալ, բայց աչքերում հայտնվող արցունքներն ու կոկորդը խեղդող վիշտը հաճախ ընդհատում են նրա ձայնը: «Հիմա լավ սերունդ է եկել, հիմա ամեն ինչ լավ է լինելու: Էս տղերքն իրանց խաղաղությանը տվեցին, իսկ էս սերունդը թող խաղաղ ապրի, բաց երկինք լինի: Իսկ մենք մեր խաչն ենք կրում, քիչ մնաց տանջվելու»,- երկնքին նայելով` ասում է Արամայիս Ավալայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter