Բակո Սահակյան. «Հիմնական վեճը` տարածքային խնդիրներն են»
«Հայաստանը` ի դեմս ՀՀ նախագահի, ջանքեր է գործադրում առաջին հերթին վերականգնելու բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որի համաձայն ԼՂՀ-ն հանդիսանում է բանակցությունների լիարժեք կողմ»,-այս մասին այսօր Շուշիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը հայտնել է նաեւ, որ Պրահայից ԼՂՀ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ արդեն հնարավորություն է ունեցել խոսել բանակցային գործընթացի այս փուլի մասին, եւ, ըստ նրա, որեւէ մտահոգություն չունեն:
Խոսելով բանակցությունների ոչ լիարժեք ձեւաչափի մասին, Բակո Սահակյանը շեշտել է, որ Ղարաբաղի մասնակցության հարցը բարձրացնում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ:
«Ինչպես նկատել եք, նրանք իրենց հայտարարություններում միշտ նշում են դրա անհրաժեշտությունը: Ոչ մեկ չի ժխտում եւ բոլորը հասկանում են, որ առանց ԼՂՀ-ի մասնակցության անհնարին է որեւէ վերջնական որոշում ընդունել»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի նշած` բանակցություններին համայնքների մասնակցության մասին հարցին ի պատասխան ԼՂՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան կողմը այդ ձեւաչափն ընդունելի չի համարում, եւ այդ տեսակետը հնարավորություն են ունեցել հայտնել համանախագահների հետ հանդիպման ժամանակ:
Հիմնարար սկզբունքների մասին հարցին նա պատասխանել է, որ բանակցային գործընթացում երեք հիմնարար սկզբունքներ են առաջ քաշվել` «տարածքային ամբողջականություն, հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծում եւ ԼՂՀ ինքնորոշման, ավելին` անկախության ճանաչման հարցը»:
«Մենք դեմ չենք խաղաղ տարբերակով հարցի լուծմանը, եւ ամեն անգամ մեր հայտարարություններում դա նշում ենք: Բնական է, հիմնական վեճը` տարածքային խնդիրներն են: Կա նաեւ մի տարածքային ամբողջականություն` դա ԼՂՀ տարածքային ամբողջականությունն է` ամրագրված Սահմանադրությամբ: Դա վեճ է մեր եւ Ադրբեջանի միջեւ: Եւ ինչքան շուտ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը հրաժարվի ներկայիս ծայրահեղ կեցվածքից, կարծում եմ, ավելի շուտ ենք հասնելու հարցի վերջնական կարգավորմանը»,-ավելացրել է ԼՂՀ նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել