HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Զոհված ազատամարտիկների ծնողները դեմ են հողերը հանձնելուն

 «Վերջին անգամ երբ Արարատը գնաց, ասի. «Արո ջան, ե՞րբ կգաս, մեկ էլ որ գնացիր»: Ասաց. «Մամ, մինչև Շուշին չազատագրենք, չեմ գա: Ու այդ նպատակը կիսատ մնաց. Շուշիին չհասավ»,- այսօր` Շուշիի ազատագրման օրը, պատմեց «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Մխիթար Էլբակյանի մայրը` տիկին Կլարան: Այսօր նա Եռաբլուր էր այցելել: Մխիթարի տապանաքարի վրա Արարատն է պատկերված: Տիկին Կլարան ասաց, որ Մխիթարին բոլորը Արարատ անունով էին դիմում:

«Իմ որդին Ռուսաստանում բարձրագույն կրթություն էր ստանում, երբ էս շարժումը սկսվեց: Թողեց-եկավ էնտեղից: Ասի` Արարատ ջան, ինչի՞ ես եկել: Բա. «Մամ, ո՞նց թե ինչի եմ եկել: Երկիրը կռվի մեջ է: Դու ասում ես` ինչի ՞ ես եկել: Սովորելը երբ լինի, կլինի»: Ու էդպես գրանցվեց «Մալաթիա» ջոկատին: 88թ.-ից միշտ շարժման մեջ է եղել: Գնացին Խոջալու: Այն ժամանակ Վահան Զատիկյանն էր Մալաթիա ջոկատի ղեկավարը: Խոջալուում մնացին շրջափակման մեջ մի ամիս: Հազիվ մի կերպ դուրս եկավ այնտեղից: Ընդհանրապես ամեն տեղ ինքը միշտ իրեն առաջինն է դրսևորել»,- ասաց տիկին Կլարան: Արարատի երազանքներից մեկը խաղաղություն հաստատվելուց հետո Գետաշենում ապրելն էր: «Միացում էին ուզում: Ուզում էին, որ իրենք ազատագրեին Արցախը, ու այն միանար Հայաստանին, միասին մի հատ Հայաստան լիներ: Դրանից հետո երազում էր Արևմտյան Հայաստանի մասին, որ Արարատ լեռան տակ խորոված աներ»,- ասաց տիկին Կլարան: Արարատը զոհվել է Խոջալուի ազատագրման ժամանակ: 1996թ.-ին պարգևատրվել է Արիության մեդալով: Ազատամարտիկի մայրը կարծում է, որ այսօր իսկական հերոսները մոռացված են: Առաջ Արարատի ընկերները ըմբշամարտիկ ազատամարտիկի անունը կրող ըմբշամարտի մրցումներ էին կազմակերպում, բայց հիմա դադարել են:  «Ֆինանս է պետք: Ես էլ չեմ կարող վճարել, որ անեն: Քանի դեռ Զատիկյանը կար (Զատիկյանը Մալաթիայի մեր թաղապետն էր), իրենք էին ֆինանսավորում այդ մրցումները: Հիմա Զատիկյանի անունով են այդ մրցույթները կազմակերպվում»,- ասաց տիկ. Կլարան: Նա անհանգստացած է տարածքների հանձնման մասին խոսակցություններից: «Ի՞նչ հանձնել: Էս մարդիկ գնացին հողի համար իրենք իրենց կյանքը զոհեցին, իրենք էս հողը կռվով, արյունով վերցրին: Առանց արյուն տան ադրբեջանցիներին, թե առեք-տարե՞ք: Ոչ մի դեպքում: Էսքան երիտասարդը գնաց-կորավ դրա համար: Մարդիկ Արցախում ի՞նչ ձևով էին ապրում: Հիմա ո՞նց գնան էլի էդ թուրքի լծի տակ ապրեն: Լրիվ սխալ է, որ ուզում են հանձնել հողերը»,- ասաց զոհված ազատամարտիկի մայրը: Նա կողմ է, որ հակամարտությունը «առանց կռվի, հաշտ ու համերաշխ» լուծվի, և եթե հայերը ինչ-որ բան տան, ապա միաժամանակ նաև ուզեն. «Էդ ինչի՞ Գետաշենը տվեցին: Հայկական հող է: Թող իրենք տան էդ Գետաշենը, Շահումյանի շրջանը, ամեն ինչը»: «Ազատագրեցին, բայց հիմա էլ հողի պայքար է, որ նորից հետ տան: Էսքան էրեխեքին ո՞վ պիտի պատասխան տա»,- ասաց Եռաբլուր այցելած մեկ այլ ծնող` «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանի մայր տիկին Մարոն: Նա համամիտ է, որ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: Տիկին Մարոյի որդու շիրիմը Արարատ էլբակյանի շիրմի կողքին է: «Տիգրանը Արցախի համար ուզում էր անկախություն, միավորում Հայաստանի հետ: Հողերը ազատագրել: Մի սիրուն, լավ կին ունի: Ասում էի` «Էս սիրուն աղջկան թողում ես, դու գնացել ես ընկել որտեղները, ամիսներով չես գալիս»: Ասում էր. «Դե, հիմա կինը, երեխան իր տեղն է, բայց հողը, մեր պապական հողերն են»,- ասաց տիկին Մարոն: Տիգրան Սարգսյանը 1996թ.-ին հետմահու արժանացել է Մարտական առաջին աստիճանի խաչի: Մայրը հատուկ ընդգծեց, որ որդին ինքնուրույն սովորել և տիրապետել է յոթ լեզվի: «Կարդում ու թարգմանում էր: Վերջին լեզուն, որ ուզում էր սովորել, ճապոներենն էր: Մոնթե Մելքոնյանի հետ հաճախակի հանդիպում էին: Ասում էր. «Գիտես, չէ՞, Մոնթե, քեզ զիջում եմ նրանով, որ ճապոներեն չգիտեմ»: «22 տարեկան էր: Երեք տարի կռվեց: 91թ.-ի դեկտեմբերին պաշտպանում էր Հյուսիսային Արցախը: Մարտակերտում է եղել, Ստեփանակերտում, Բուզլուխ, Մանաշիդ: Էրքեջ գյուղում ինքը զոհվեց 91թ.-ի դեկտեմբերի 9-ին: Սխրանքները շատ մեծ են եղել, չգիտեմ` ինչ ասեմ»,- Տիգրան Սարագսյանի մասին պատմեց մայրը: Նա ևս կարծում է, որ հասարակությունը հերոսներին հիշում է միայն հատուկ օրերին, ինչպես այսօր: Իսկ ընդհանրապես, ըստ տիկին Մարոյի, իսկական հերոսները գնահատված չեն: «Ես եմ գնացել Ղարաբաղ, իր նյութերը հավաքել-բերել եմ: Մի սյուժե կազմեցինք: Նաև իր մասին կենսագրական բուկլետն ենք արել, որպեսզի անունները հիշատակվեն»,- ասաց տիկին Մարոն: Երբ սկսվեց պատերազմը, Տիգրան Սարգսյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: «Դիպլոմի պաշտպանության վրա էր, և թեման Հյուսիսային Արցախի պաշտպանությունն էր: Հենց էդ թեման էր ընտրել: Ամսի 30-ին պիտի գար, որ դիպլոմը պաշտպաներ: Չհասցրեց: Ամսի 30-ին վիրավորված եկավ: Չհասցրեց»,-ասաց տիկին Մարոն: Երբ ազատամարտիկը զոհվեց, որդին 4 ամսական էր: Այժմ Տիգրան Սարգսյանի որդին սովորում է նույն ֆակուլտետի Տիգրան Սարգսյանի անվան լսարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter