HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Հաղթանակի ու Խաղաղության տոնը Կապանում նշվեց զինվորական շքերթով

09_05-veteran_kapan1Մայիսի 9-ը` Հաղթանակի ու Խաղաղության տոնը, Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկեց ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի պսակադրության արարողությամբ, ինչին հաջորդեց զինվորական շքերթը Գարեգին Նժդեհի հրապարակում: Առաջին բանակային կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանը, ընդունելով շքերթը, ողջունեց ու շնորհավորեց բոլորին: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորելով բոլորին, հատկապես Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին, ասաց. «Բոլոր ազատագրական պայքարները սկսվել են Սյունիքից: Մայիսյան հաղթանակների առթիվ առաջին հերթին շնորհավորում եմ մեր վետերաններին` տարած հաղթանակի եւ հետպատերազմյան սերնդի հայրենասիրական դաստիարակության համար: Շնորհավորում եմ նաեւ մերօրյա պատերազմի բոլոր ազատամարտիկներին: Անկասկած, պետք է ցավով, ափսոսանքով, նաեւ հպարտությամբ հիշենք բոլոր նահատակներին, որոնք իրենք կյանքի գնով կերտեցին մեր այսօրվա հայրենիքը»: 09_05-shqert«Տարեցտարի նոսրանում են վետերանների շարքերը եւ դրան զուգահեռ մեծանում մեր սերնդի պատասխանատվության զգացումը` կրկնակի հոգածությամբ վերաբերվելու Ձեզանից յուրաքանչյուրին: Առավել եւս, որ մեզ էլ բախտ վիճակվեց երկիր, հող ու սահման պահելու, կռվելու եւ հաղթելու»,- ասաց Կապանի քաղաքապետը` վետերաններին ու ազատամարտիկներին մաղթելով ժամանակի փորձությունններին դիմակայելու կամք ու մեծ հավատ վաղվա օրվա հանդեպ: ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ ասաց, որ իր երկու պապերը Հայրենական մեծ պատերազմում են զոհվել. «Օրը այդ իսկ պատճառով խորհրդանշական է, եւ միշտ, ինչքան հնարավոր է եղել, Հաղթանակի տոնը նշել եմ Սյունիքում»,- ասաց նախարարը: Մարզի 300 վետերաններին Ա. Մովսիսյանը դրամական պարգեւների արժանացրեց: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով պատվոգրերի, «Մարշալ Հովհաննես Բաղրամյան» ու «Վազգեն Սարգսյան» հուշամեդալների արժանացան Մեծ Հայրենականի սյունեցի վետերաններ, մերօրյա պատերազմի ազատամարտիկներ, ինչպես նաեւ բժիշկներ, պահեսազորային սպաներ: Պարգեւները հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: «Սա նշանակում է, որ վետերանները, ազատամարտիկները միշտ գտնվել են մեր կառավարության ուշադրության կենտրոնում: Ինչով կարողանում ենք` աջակցում ենք Ձեզ»,- ասաց Մ. Սարգսյանը: Սյունիքի մարզպետի շնորհակալագրերով էլ պարգեւատրվեցին hայոց բանակում ծառայող սպաները: Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվին նաեւ տոնական ճաշկերույթ էր կազմակերպվել: «Մենք միշտ ուժեղ ենք ու պատրաստ էլի մարտնչելու: Ինչ հող հանձնելու մասին է խոսք գնում այս օրերին: Մենք ոչ մի ազտագրված հող չենք փոխանակի»,- հայտարարեց 86-ամյա վետերան Գարեգին Մելիքսեթյանը: Իսկ տոնական միջացառումները եզրափակվեցին երեկոյան Կապանի քաղաքային մարզադաշտում` հայ էստրադայի աստղերի համերգով ու հրավառությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter