
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինադադարի հաստատումից մինչ օրս բավականին փոփոխություններ են տեղի ունեցել առաջին գծում: Պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանն անընդհատ խախտել է պայամանգրի կետերը: Ադրբեջանական կողմն անընդհատ փորձել է բարելավել իր դիրքերը` ԼՂՀ զինված ուժերը լարված վիճակում պահելու համար, որը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերով, մասամբ հաջողվել է, իսկ մասամբ էլ պաշտպանության բանակի ուժերի շնորհիվ` կանխվել: Առաջնային գծում դիրքերը բարելավելու քայլեր է կատարել նաեւ հայկական կողմը` ավելի նպաստավոր բնագծեր զբաղեցնելով: Պաշտպանության նախարարի խոսքերով, անցյալ տարի ձախ թեւում են դիրքերը բարելավել, իսկ այս տարի` աջ թեւում` Արաքսի ափին, որի արդյունքում դիրքերը մոտ 4 կմ առաջ են քաշվել:
Մովսես Հակոբյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց նաեւ առաջին գծում կրակոցների տվյալները, ըստ որոնց, օրինակ 2006թվականին ադրբեջանական կողմից կրակոցները 589 էին, իսկ մեր կողմից` 116: 2007-ին հակառակորդը կրակել է 1445 անգամ` մեր 431-ի դիմաց, 2008-ին` 3480 անգամ` մեր 728-ի դիմաց, իսկ 2009թ. արդենհակառակորդի կողմից արձանագրվել է 1098 կրակոց, իսկ ղարաբաղյան կողմը պատասխանել է 186 կրակոցով:
«Հակառակորդի բոլոր ոտնձգությունները կանխվում են ՊԲ ուժերի կողմից, եւ իմ հրամանով բոլոր զինվորներին իրավունք է տրված առաջին գծում ինքնուրույն որոշում կայացնելու»,-նշել է նախարարը, ում կարծիքով դրանով հակառակորդին պարտադրում են մնալ իր դիրքերում: Դա մի կողմից բարձրացնում է զինվորի ոգին, իսկ մյուս կողմից հնարավորություն է տալիս առաջին գծում միշտ լինել պարտադրողի դերում, ինչը հաջողվում է:
«Ընդհանուր առմամբ, առաջին գծում իրավիճակը լրիվությամբ վերահսկվում է, որեւէ պրոբլեմ չկա: Ապահովման բոլոր խնդիրները լրիվությամբ լուծված են: Իսկ եթե ունենք որեւէ մի արտառոց դեպք առաջին գծում` դա միայն ու միայն անձնական կարգապահության խախտման արդյունք է»,-ավելացրել է Մովսես Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել