HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Բանաստեղծն ու դերասանը փորձում են պաշտպանել Շիրազին

«Հային բոլորովին չի սազում իր ամանի մեջ թքել, սեփական արժեքները հավասարեցնել մոխիրների, ժողովուրդն է իր երջանկության դարբինը եւ այսօր իրավունք չունենք լուռ նայել, թե ինչպես են մեր հսկաներին վերացնում»,-այսօր Հայելի ակումբում ասաց գրող Մետաքսեն: Նրա եւ դերասան Ազատ Գասպարյանի վրդովմունքի պատճառը «Ազատամտություն» թերթում տպագրված հոդվածն է Հովհաննես Շիրազի մասին: Հոդվածի հեղինակ Արտյոմ Խաչատրյանը գրում է, թե Շիրազը մեծ պոետ չէ, այլ ընդամենը միջակություն, որը տեղ չունի համաշխարհային գրականության մեջ, իսկ հայկականում նրա հետքը բավական աննշան է. «Հայ իսկապես մեծ բանաստեղծների` Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի համեմատ Շիրազը խամրում է: Եթե ինչ-որ մեկը չի հավատում ասածիս, թող դուրս գա Հայաստանի սահմաններից և փորձի ինչ-որ բան լսել Շիրազի մասին: Ոչինչ չի լսի, քանի որ քաղաքակիրթ աշխարհում նման բանաստեղծ չկա, նա կա միայն նացիոնալիստորեն տրամադրված հայրենական պլեբսայի և կեղծ մտավորականության բորբոքված երևակայության մեջ»: Հեղինակը բազում բողոքներին ի պատասխան նշում է, թե Հայաստանում բավական է Վազգենին սպարապետ չկոչել, իսկ Շիրազին` մեծագույն բանաստեղծ, և անմիջապես կհայտնվես կասկածելի ծագում և ֆինանսական աղբյուրներ ունեցող կասկածելի անձանց շարքում: Ըստ Մետաքսեի` Շիրազը սերունդներ է դաստիրակել, եւ այսօրվա հոդվածները քարեր են, որ շպրտում են Արարատի վրա. «Ներքին վարձկանները, ըստ երեւույթին, ուզում են անպայման բանան եւ նարինջ ուտել»: Ազատ Գասպարյանն էլ նշեց, որ Հովհ. Շիրազը եղել է Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի հարցերում զարկերակ. «Շիրազն էր, որ արձագանքում էր ամեն ժամ, այդպիսի օր չկար, որ չասեր Ղարաբաղս գերի է: Նա մեզ դաստիարակեց, բերեց հասցրեց 1988 թ.»: Արտյոմ Խաչատրյանն էլ իր հոդվածում գրում է. «Մեր ընդդիմախոսները համարում են, որ Շիրազը ազգային սրբություն է և մեծագույն բանաստեղծ, և դա փաստարկում են նրանով, թե իբր Շիրազն անզուգական հայրենասեր էր և նացիոնալիստ: Այս առնչությամբ հարկ է ասել, որ մտածողին մեծարելը և դա նացիոնալիզմով ու հայրենասիրությամբ հիմնավորելը միջնադարյան տկարամտության նշան է: Կարելի՞ է արդյոք նացիոնալիստ անվանել Գյոթեին կամ Բայրոնին, Հեգելին կամ Պուշկինին, Նարեկացուն կամ Դանթեին: Իհարկե ո՜չ: Մտածող-բանաստեղծի առաքելությունը հոգևոր արժեքներ ստեղծելն է, հանրային զարգացման և սոցիալական հանրակեցության օպտիմալ ճանապարհների բացահայտումը, բարոյական գերակայությունների սահմանումը և, ամենագլխավորը, նորի, ապագայի մասին խոսելը, անցյալի ու նրա ողբերգությունների վրա չկենտրոնանալը: Թվարկվածից թեկուզ մի բան արե՞լ է Շիրազը: Պատասխանն ակնհայտ է...» Ազատ Գասպարյանը կարծում է, որ սա մտածված քաղաքականություն է, որի սկիզբը դրվել է 1945 թ-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում հետախուզական կենտրոնի ապագա նախագահ Ալեն Դալեսի ճառով, որը կոչ էր անում քաոս ստեղծելով վերացնել Սովետական Միության հանրապետությունները. «Իրական արժեքները կեղծելով, կստիպենք նրանց հավատալ կեղծ արժեքների, գրականությունից եւ արվեստից աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, թատրոնը, կինոն եւ գրականությունը պետք է փառաբանեն ամենազազրելի մարդկային զգացումները»,-կարդաց Ազատ Գասպարյանը: Դերասանը հետեւություն է անում. «Գողը որ տանից լինի, եզը երդիկից կհանե: Ախր Շիրազը միակն էր, որ արձագանքում էր Արցախի մասին, հիմա այդ հոդվածագիրը ո՞վ է, ո՞վ է իրեն հովանավորում: Մեր ոգու մեջ թքում են օր ու ցերեկով»: «Ինչու մտավորականները չեն ձեռնարկում քայլեր, եթե վերացվում են ազգային արժեքները» հարցին ի պատասխան դերասանը պատասխանեց, որ չեն կարող, իրենք այն կռվողը չեն. «Մենք արարողն ենք, ստեղծողն ենք, իսկ ստեղծողին պահապան է պետք, մեր տերը պետք է մեզնով հետաքրքրվի»: Իսկ տերը, ըստ մտավորականների, պետք է լինի Մշակույթի նախարարությունը, ԱԺ-ի մշակույթի հանձնաժողովը: Ազատ Գասպարյանը խորհուրդ տվեց նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին էլ հետաքրքրվել ստեղծված իրավիճակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter