
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանել է տարածքների հանձնման վերաբերյալ տարբեր հայտարարությունների մասին մեր հարցին: Նա նշել է, որ զինված ուժերի խնդիրը տարածքներ հանձնելը չէ, այլ ժողովրդի անվտանգության ապահովումը, եւ եթե ժողովուրդը որոշի, որ հողերը պետք է պաշտպանել` բանակը պաշտպանելու է: Մովսես Հակոբյանը միաժամանակ ընդգծել է, որ «ազատագրված տարածքներում մարդկային զոհեր են եղել, ամեն մարդ հիշողություններ ունի», եւ այդ տարածքները զիջելու մասին խոսելն անիմաստ է:
«Մենք համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի ավելի կարճ ժամկետում հակառակորդին նորից պարտադրենք նստել սեղանի շուրջ, իսկ դրա միակ ձեւն իր բնօրրանում իրեն պարտադրելն է: Ինչքան պատերազմը տեղափոխենք մեր դաշտ` այնքան այն երկարանալու է, ինչքան շուտ կարողանանք պատերազմը տեղափոխել իրենց խորքը` այնքան պատերազմն ավելի կարճ ժամկետում կավարտվի: Իսկ բանակը նախապատրաստվում է պատերազմի` դրանով ապահովելով խաղաղությունը»,-հավելել է Մ.Հակոբյանը:
Նա նաեւ ավելացրել է, որ զինված ուժերն անում են հնարավորը, որպեսզի Ադրբեջանը պարտադրված լինի նորից բանակցելու եւ զերծ մնա ռազմական գործողություններ վերսկսելուց:
Բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցության հարցին ի պատասխան, Մովսես Հակոբյանը նկատել է, որ եթե բանակցությունները վարվում են ներկայիս ձեւաչափով` արտառոց ոչինչ չկա, քանի որ բոլորը հասկանում են, որ ԼՂՀ խնդիրը լուծվելու է Ղարաբաղում:
«Եւ կարծում եմ, մեզ մտահոգվելու ոչ մի պատճառ չունենք, որովհետեւ ՀՀ նախագահը չի կարող որեւէ որոշում կայացնել, որը վնաս կբերի ԼՂՀ-ին, կամ որին համաձայն չի լինի ժողովուրդը»,-նշել է պաշտպանության նախարարը:
Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների համատեքստում Թուրքիայի վարչապետ Էրդողանի` ղարաբաղյան զինված ուժերի դուրս բերման հայտարարության մասին հարցին նա պատասխանել է, որ Էրդողանը չի որոշում, թե Ղարաբաղում պետք է զորք լինի կամ ոչ: «Ով որոշում է կայացրել, որ զորք պետք է լինի` միայն նա կարող է որոշում ընդունել»,-ավելացրել է Մովսես Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել