HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Նա ուսումնասիրում է մարդկանց քթերը ու հետո ինքն է սարքում քիթ

11_05-nose32-ամյա Ռուդոլֆ Սարգսյանն արդեն 7-րդ տարին է, ինչ Վերնիսաժի այցելուներին զվարճություն է պատճառում իր յուրահատուկ քթերով: Ռուդոլֆն ասում է, որ Վերնիսաժի իր սեղանի մոտ ծիծաղն ու հումորն անպակաս են: «Մարդիկ անցնում են, նայում, ոմանք ծիծաղում են, ոմանք` խոժոռվում, բայց անտարբերություն չկա. դա ամենակարեւորն է»,- ասում է Ռուդոլֆը: Տարօրինակ հուշանվերը ստեղծելու Ռուդոլֆի այս գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ մի քանի քանդակներ էր բերել Վերնիսաժում վաճառելու, սակայն դրանք այդքան լավ չէին վաճառվում: «Այդ ժամանակ մտածում էի, որ պետք է մի շատ օրիգինալ բան հնարեմ, որ ոչ մեկի մոտ չլինի: Եւ եկավ այդ գաղափարը վերեւից, այնքան Աստծուց խնդրեցի, ինձ այդ լավ գաղափարը տվեց»,- պատմում է Ռուդոլֆը: Ռուդոլֆն ասում է, որ շատ է աշխատել այդ գաղափարն իրականացնելու համար. «Ես սկսել էի ուղղակի քիթ սարքել, հենց զուտ հայկականի վրա շեշտը դնելու գաղափարը ավելի ուշ առաջացավ: Մշակել եւ ստեղծել եմ մոտ 30 հետաքրքիր մոդել, ավելի շատ կարող եմ անել, բայց իմաստ չունի, որովհետեւ ինչքան տեսականին շատ է, այդքան գնորդի համար դժվար է կողմնորոշվել»: Նա պատմում է, որ մարդկանց նայելիս ամենասկզբում ուսումնասիրում է քիթը. «Ընդհանրապես աչքերին էլ եմ նայում, բայց քիթը միշտ ուշադրությանս կենտրոնում է»: Ռուդոլֆը հիշում է, որ դեռ մանկապարտեզում պլաստիլինով հետաքրքիր հերոսներ էր սարքում, հետո նկարում էր, ապա` ծղոտների վրա նախշեր անում: Այդ աշխատանքները կախել էին դպրոցի պատերից: 11_05-nose-1Ռուդոլֆն ավարտել է Երեւանի Ժողտնտեսության ինստիտուտը, ինժեներ-տեխնոլոգ է, սակայն մասնագիտությամբ գրեթե չի աշխատել. «Երեւանի Ոսկերչական գործարանում որոշակի ժամանակով աշխատեցի, բայց ինձ համար չէր. ստեղծագործելու հնարավորություն չկար: Իսկ ուսանողական տարիներին զբաղվում էի արծաթագործությամբ Սերգեյ Սահակյանի մոտ»: Ռուդոլֆը նշում է, որ ինչ էլ քանդակի, միշտ այնպես է անում, որ զուտ գեղեցիկ իր լինելուց բացի` նաև ինչ-որ տեղ կիրառվի: «Իմ գործերում ես պրակտիկը համադրում եմ արվեստի ու գեղեցիկի հետ, ինչ-որ պատից կախելու նկար չեմ անում, այլ նարդի, որը մարդիկ կբացեն, կխաղան, մրգամաններ, որոնք կրկին գործածական են: Նույնն էլ` քթերը. զուտ միայն քիթ չէ, այլև ակնոց դնելու շատ օգտակար հարմարանք»: Բացի քթերից` նա պատրաստում է փորագրված նարդիներ, մրգամաններ, գրքերի փայտյա կազմեր. «Շատ բաներ եմ անում, բայց քթերն իմ էքսկլյուզիվ աշխատանքներն են. նույնիսկ հեղինակային իրավունք եմ գրանցել, որ գաղափարս չգողանան»: Ռուդոլֆն ասում է, որ քիթը, իրոք, մեծ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մեջ: «Մարդիկ շատ հետաքրքիր են, գալիս են ասում են` իմ քիթը քանդակիր, կամ էլ ընկերոջ նկարն են բերում, ասում են` քանդակիր, ծնունդին նվեր պիտի տամ: Համ հումորով է, համ էլ` օգտակար»,- ասում է Ռուդոլֆը: «Իմ հավաքածուի մեջ հիմնականում մեծ ու հետաքրքիր, անսովոր կառուցվածքով քթերն են: Կան Ֆռունզի, Առնո Բաբաջանյանի քթերի օրինակներից: Լինում են այնպիսի դեպքեր, երբ անցնող մարդկանց քթերը մեկից մեկ համապատասխանում են իմ սարքածների հետ: Մի անգամ զույգ էր անցնում սեղանիս մոտով, կինը ուրախ մոտեցավ, վերցրեց քթերից մեկը ու ամուսնուն ասում է. «Նայիր, քո քիթն է»: Ես, իրոք, ապշել էի, ահավոր նման էր` սուր, երկար, մեջտեղն էլ մի գիծ: Կինը երկար համոզեց ամուսնուն գնել, բայց ամուսինը երեւի ամաչեց, չհամաձայնեց: Մի կես ժամից հետո տեսնեմ կինը մենակ, արագ վազելով գալիս է. մոտեցավ եւ ամուսնուց թաքուն գնեց քիթը»: Ռուդոլֆի պատրաստած նարդիները արժեն մոտ 150- 250 հազար դրամ, մրգամանները` 10.000 դրամ եւ ավելի, քթերը` 5000-10.000 դրամ: Քթերը Ռուդոլֆը պատրաստում է միայն ընկուզենու փայտից. «Որպես հումք` շատ թանկ է, բայց ես ուզում եմ, որ որակյալ լինի: Ընկուզենին խիտ փայտ է. շատ որակյալ կառուցվածք ունի»: Նա ասում է, որ երբեք էլ չի ուզել մեկնել Հայաստանից. «Ես դժգոհ չեմ, ընտանիքս պահում եմ, նորմալ ապրում եմ, Վերնիսաժն էլ իմ տունն է, այստեղ ընկերներ շատ ունեմ»: Շատ արտասահմանցիներ են գալիս եւ գնում նրա աշխատանքները, բոլորի մոտ էլ ծիծաղ է առաջանում: «Շատ է եղել, որ եկել են եւ պատվիրել իրենց քթերը»,- ասում է Ռուդոլֆը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter