HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին գումարներ են փոշիացվում

11_05-alaverdiԱյս տարվա մարտի 20-ից Ալավերդիում սկսվել էին 2007 թ.-ին տեղադրված Եղեռնի հուշարձանի շրջակայքի բարեկարգման աշխատանքները: Շինարարական  աշխատանքների ընթացքում Ալավերդիում շատերին զարմացնում էր այն փաստը,  թե ինչո՞ւ չի բարեկարգվում հուշարձանին հարակից 600-700 մ տարածքը, որը կարելի էր քաղաքի բնակիչների համար հանգստի կանաչ գոտի դարձնել: Տարածքը ձմռան աղբից ու մացառներից քիչ թե շատ մաքրվեց, սակայն կանաչապատման, ծառատնկման ու բարեկարգման աշխատանքներ այդպես էլ չկատարվեցին: Ապրիլի 22-ին հորդառատ անձրևի տակ կատարվում էին  հուշարձանի շրջակայքի բարեկարգման վերջին աշխատանքները, որը Ալավերդիում դիտվում էր որպես անձնազոհ արարք շինարարաների կողմից: Բարեկարգման աշխատանքներն իրականացնում է Վանաձորի «Ժիրայր Սահակյան» ՍՊԸ-ն: «Նախատեսված է 600 քմ տարածքի բարեկարգում Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի շրջակայքում: Կատարվել է եզրաքարերի տեղադրում, մոտեցումներ են արվել բազալտի սալիկներով, 4 կողմից պետք է տեղադրվեն 300 հատ մատղաշ տնկի և 330 հատ թուփ: Մենք այդ ամենն անելու ենք»,- ասաց աշխղեկ Հ. Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ շինաշխատանքները կատարում են 7 բանվորներ, որոնցից 5-ը Վանաձորից են, 2-ը` Ալավերդուց: Կհասցնե՞ն մինչև ապրիլի 24-ը նախատեսված աշխատանքները կատարել: Աշխղեկ Հ. Հակոբյանը պատասխանեց. «Պիտի որ հասցնենք»: Ապրիլի 24-ին հուշարձանի մոտ մի քանի հարյուր ալավերդցիներ հարգանքի տուրք  մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին, իսկ հաջորդած օրերին քաղաքում սկսեցին լուրեր շրջանառվել, որ հուշարձանի բարեկարգման ընթացքում չարաշահումներ են եղել: Պարզեցինք, որ Ալավերդի համայնքի 2009 թ. բյուջեից 6,2 մլն դրամ է հատկացվել քաղաքի Թումանյան փողոցին հարող զբոսայգու կառուցման համար: Եղեռնի զոհերի հուշարձանը գտնվում է հենց այս տարածքում: Փաստորեն, Վանաձորի «Ժիրայր Սահակյան» շինարարական ՍՊԸ-ն Եղեռնի հուշարձանին հարող փոքր տարածքը բարեկարգել է զբոսայգի կառուցելու համար նախատեսված 6,2 մլն դրամ գումարով: Աշխղեկ Հակոբյանի ասած 300 հատ մատղաշ տնկին ու 330 հատ թուփը պետք է տնկվեին զբոսայգու ամբողջ տարածքում, ոչ թե միայն հուշարձանի չորս կողմը, որը իրականում հնարավոր չէր և չի էլ կատարվել: Մայիսի 8-ին մեր հաշվարկով պարզեցինք, որ 330 թփի փոխարեն հուշարձանի շրջակայքում փաստացի տնկված է 40 թուփ, 300 մատղաշ տնկիների փոխարեն` ճիպոտ հիշեցնող 10 տնկի և 10 փոքրիկ եղևնի: Հուշարձանի դիմացի վարդի 3 խոշոր թփերը խորհրդային տարիների հիշողություն էին: Չնայած հատկացված պատկառելի գումարին` շինարարական կազմակերպության կողմից անգամ չէր վերանորոգվել հուշարձանը երկաթգծից բաժանող քայքայված ցանկապատը: Հուշարձանը անհեթեթ կերպով շրջափակվել էր այգում տեղադրելու համար նախատեսված 10 նստարաններով: 11_05-alaverdi-2Զբոսայգում կատարված բարեկարգման աշխատանքների վերաբերյալ մեր հարցմանը մայիսի 8-ին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «6,2 մլն դրամի աշխատանքներ են կատարվել, մնացել է աղբի հեռացումը ու մի քանի մանր-մունր գործ: Գումարները հատկացվել են համայնքապետարանին` 2009 թ.-ին պետբյուջեից Ալավերդի համայնքին հատկացված 103 մլն դրամ բնապահպանական վճարների մասհանումներից»: Այսինքն` այլևս չպետք է հուսալ, որ ծառատնկումը կշարունակվի: Արթուր Նալբանդյանը նաև հայտնեց, որ բյուջեի նույն միջոցներից հատկացումով, նույն «Ժիրայր Սահակյան» շինարարական ՍՊԸ-ի կողմից, այս պահին վերանորոգվում է նաև քաղաքի Հայրենական Մեծ պատերազմում զոհված ալավերդցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այստեղ էլ նախատեսված են 6,9 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Մայիսի 8-ին` ժամը 17-ի սահմաններում, հուշարձանի վերանորոգման աշխատանքները դեռ չէին ավարտվել, և հուշարձանը պատրաստ չէր Մայիսի 9-ին` ժամը 11-00-ին, Մեծ Հայրենականում զոհված ալավերդցիների հիշատակին նվիրված արարողությանը: Հուշարձանի մոտ աշխատող միակ բանվորը Անուշավանն էր: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ աշխղեկ Հ. Հակոբյանը քար բերելու համար գնացել է Վանաձոր, ու քանի որ շինանյութ չկար, բանվորները ցրվել էին: Անուշավանը ներկայացրեց նաև հուշարձանում նախատեսված ու իրենց կատարած աշխատանքները. «Ուղղելու ենք ծռված բորդյուրները, տեղադրել ենք այս 10 նստարանները և փոխում ենք հուշարձանի շուրջ 200 քմ սալահատակը»: Թե էլ ուրիշ ի՞նչ աշխատանքներ կկատարվեն, Անուշավանը տեղյակ չէր: Հայրենական Մեծ պատերազմում զոհված ալավերդցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի վերանորոգման համար հատկացված 6,9 մլն դրամ գումարի արդյունավետ ծախսումների մասին ավելի հանգամանալից կարելի է խոսել այնտեղ շինաշխատանքներն ավարտելուց հետո, որը սարերի ետևում չէ: Սակայն ակնհայտ է, որ վերջին տարիներին Ալավերդի համայնքին պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենցիաները փոշիացվում են քաղաքի այս կամ այն շինարարական կառույցում, մասնավորապես զուգարանի, հենապատերի, ջրագծերի (ահավասիկ նաև շուրջ 21 մլն դրամ բնապահպանական սուբվենցիաներով 2008 թ.-ին կառուցված Ակներ և Սանահին գյուղերի խմելու ջրի ջրագծերը, որոնցով առ այսօր գյուղացիները ջուր չեն ստացել), հեղեղատարների, փոսալցումների և խաղահրապարակների կառուցման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter