HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սասունիկցի 20 ընտանիք աղբանոցի հաշվին է ապրում

11_05-sasunikԱրագածոտնի մարզի Սասունիկ համայնքը մի քանի կմ է հեռու մայրաքաղաքից, սակայն այստեղ գյուղացիների կյանքն այնքան դժվար է, որ նրանցից շատերը նույնիսկ Երեւանի տեղը չգիտեն, քանի որ գյուղից չեն կարողանում դուրս գալ: Սասունիկն ունի մոտ 3400 բնակիչ, որից 700-ը երկար ժամանակով բացակայում է գյուղից: Նրանց գերակշիռ մասը բնակություն է հաստատել հանրապետությունից դուրս: «Սասունիկի գուղացիների սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է, չգիտեմ, երեւի դա կապված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ: Գյուղացիների վատ վիճակը երեւում է նաեւ հարկերի հավաքագրումից, քանի որ, եթե նախորդ տարիներին իրենց կամքով բերում հարկերը վճարում էին, հիմա մի տեսակ պարտադրանքով ենք հարկերը հավաքագրում: Հենց հիմա մեր աշխատողները գնացել են հարկեր հավաքելու եւ հիմնականում կարողանում են հարկերը գանձել միայն պետական աշխատողներից: Այսօր գյուղացին հիմնականում ապրում է իր անասունով ու հող մշակելով, բայց վարձերն այնքան բարձր են, որ գյուղացին չի կարողանում իր սեփական հողը մշակել: Ճիշտ է, մեր աշխարհագրական դիրքը լավ է, բայց հողերը բերրի չեն, եւ գյուղացին եկամուտ չի ստանում: Մի քանի տարի առաջ գյուղացիների մեծ մասն իրենց խաղողի այգիները քանդեցին, որ ցորեն ցանեն, հացի հարց լուծեն, բայց տեսնելով, որ բերք չեն ստանում` ընդհանրապես չմշակեցին: Տարեց տարի մշակովի հողերի քանակը նվազում է»,- «Հետքի» հետ զրույցի ժամանակ ասաց Սասունիկի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Հակոբյանը: Գյուղն ունի 1600 հեկտար հող, որից վարելահող է 600 հեկտարը, սակայն դրանից մշակվում է միայն 130 հեկտարը, այն էլ` բացառապես ցորեն, գարի եւ առվույտ: Հողն այնքան ուժասպառ է, որ այստեղ բանջարաբոստանային մշակաբույսեր չեն մշակում: Գյուղում որոշ չափով զարգացած է միայն անասնապահությունը, սակայն քչերն ունեն խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերելու հնարավորություն: Պարզվում է` Սասունիկում հիմնականում կանայք են աշխատում, քանի որ Էջմիածնից խոշոր հողատերեր բանվորական ուժը հենց այս գյուղից են տանում: «Մեր գյուղի կանայք օրը 2-3 հազար դրամով գնում աշխատում են այդ հողատերերի մոտ ու դա իրենց համար ավելի եկամտաբեր է, քան իրենց հողը մշակելը: Իմ անձնական օրինակով ասեմ: Ես էլ հող եմ ունեցել, մի տարի ցանեցի, տեսա, որ նույնիսկ իմ ծախսերը չեմ հանում. արդեն չեմ մշակում: Ոռոգման ջրի վարձերը բարձր են, ապրիլի 1-ից էլ խմելու ջուրը, էլեկտրաէներգիան ու գազը թանկացան: Դա գյուղացու համար իրոք հոգս է: Պարարտանյութերը շատ թանկ են, գյուղատնտեսական տեխնիկա չկա, գյուղացին էլ ինչպե՞ս հող մշակի: Այսօր թոշակառուն ոչ մի դրամ տուն չի տանում, թոշակը ստանում է ու տուն է տանում մի 4-5 հատ չեկ, քանի որ իր ստացածը հազիվ վարձավճարներին է բավարարում»,-ավելացրեց տիկին Հակոբյանը: Ըստ նրա` գյուղում բնակչության հիմնական մասը գործազուրկ է: Ճգնաժամի պատճառով արտագնա աշխատանքի մեկնողներն էլ են քչացել, եւ փողոց դուրս գալով` կարելի է նկատել սա: Սասունիկի տղամարդիկ գյուղում պարապությունից նարդի կամ բլոտ են խաղում: Հավանաբար դա է պատճառը, որ շատ գյուղացիներ առավոտից երեկո գյուղի սկզբնամասի աղբանոցից իրենց համար օգտակար բաներ են փնտրում, որ վաճառեն հացի գումար ունենան: «Շատ եմ ամաչում այս մասին խոսելուց, բայց սասունիկցի որոշ ընտանիքների եկամուտը իրոք գյուղի սկզբնամասի աղբանոցն է: Այնտեղից շշեր, գունավոր մետաղներ են հավաքում, տանում հանձնում են, որ ապրեն: Նույնիսկ հաց էլ են հավաքում այնտեղից: Դա շատ ցավալի հարց է. մի 20 ընտանիք աղբանոցի հաշվին է ապրում: Ամոթալի է մեզ համար, բայց փաստ է»,-ասաց Ս. Հակոբյանը: 11_05-sasunik-1 Աղբանոցում գտնվող մարդիկ չցանկացան մեզ հետ խոսել, միայն նրանցից մեկը բղավեց, թե. «Ի՞նչ գործ ունես ստեղ, դու գնա քո ասֆալտի վրա հանգիստ քայլի, կյանքը ձերն է, խի մենք մա՞րդ ենք, որ եկել ես մեր հետ խոսաս»: Սասունիկը ծերանում է, քանի որ երիտասարդները ցանկացած հնարավորություն օգտագործում են այնտեղից հեռանալու համար: Բայց այս տարի արդեն գյուղում բնակչության փոքր աճ է արձանագրվել: «Դա երեւի պայմանավորված է երեխայի ծննդի կապակցությամբ պետության տրամադրած միանվագ գումարով, ինչը շահագրգռում է երիտասարդ ընտանիքներին»,-ասաց գյուղապետարանի աշխատակիցը: Անդրադառնալով գյուղի մշակութային կյանքին` Սուսաննա Հակոբյանը նշեց, թե նոր գյուղապետ` Արման Մարգարյանի օրոք Սասունիկում մշակութային կյանքը սկսել է կենդանանալ: «Բազմաթիվ միջոցառումներ ենք գյուղում կազմակերպում, նշում ենք բոլոր տոներն, ու գյուղացին դրա անմիջական մասնակիցն է դառնում: Բայց գյուղի մշակույթի տունը անմխիթար վիճակում է: Շենքը կառուցվել է 1968 թվականին ու կառուցման օրվանից երբեւէ չի վերանորոգվել: Դահլիճի նստարանները ամբողջովին կոտրված են. եթե որեւէ միջոցառում է լինում, դպրոցից ենք նստարաններ բերում: Վերջերս մեր պարի խումբն իր 1-ամյակը նշեց, լավ միջոցառում էր կազմակերպված, բայց նստարան չկար, որ մարդիկ նստեին, մարդկանց կեսը ոտքի վրա էր կանգնած: Այս տարի ավելացրել ենք մշակույթի աշխատողների թիվը: Ունենք ասմունքի, պարի, սպորտային խմբակներ: Սկսել է գործել գյուղի գրադարանը: Հունիսի 1-ին էլ պատրաստվում ենք մեծ շուքով նշել երեխաների տոնը»,-պատմում էր Ս. Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter