Տնտեսագիտական Ֆորումի հայտարարություն
Ներկայումս բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու հեղինակավոր տնտեսագետները կանխատեսում են խորը և երկարատև տնտեսական անկում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Մյուս երկրների հետ Հայաստանը նույնպես զերծ չի մնա այդ գործընթացների հետևանքներից: Ավելին, բացասական ազդեցությունը կարող է է'լ ավելի խորանալ առևտրային հիմնական գործընկեր երկրների տնտեսական դրամատիկ անկման պատճառով:
Հայաստանում ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու դրա հետևանքները քննարկելու, ինչպես նաև ճգնաժամի բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Policy Forum Armenia միջազգային կազմակերպությունը նախաձեռնում է բարձր մակարդակի Տնտեսագիտական Ֆորում, որին կմասնակցեն արտերկրի` համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ, միջազգային կազմակերպությունների հեղինակավոր պաշտոնյաներ, ինչպես նաև տնտեսագիտական ոլորտի` անկախությունից ի վեր առաջատար հայաստանյան գործիչներ:
«Հայաստան. Դիմակայելով համընդհանուր աղետին» ֆորումը կնպաստի ֆինանսական ճգնաժամի միջազգային եւ հատկապես Հայաստանին հատուկ միտումների վերաբերյալ ակտիվ քննարկմանը: Այն կամփոփվի ՀՀ վարչապետների կլոր սեղանով, որի ընթաացքում կքննարկվեն տնտեսական քաղաքականության ապագա ուղղությունները:
Ֆորումը տեղի կունենա 2009 թվականի մայիսի 25-ին Երևանում: Ֆորումի ինֆորմացիոն հովանավորներն են՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը, «ԱրմինիաՆաու» և «Հետք» թերթերը: Ֆորումի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.pf-armenia.org ինտերնետային կայքը:
Policy Forum Armenia կազմակերպությունը շահույթ չհետապնդող, անկախ միություն է, որը նպատակ ունի երկխոսություն ծավալել Հայաստանի տնտեսական զարգացման ու ազգային անվտանգության հացերի շուրջ և դրանով իսկ օգնել Հայաստանի պետական քաղաքականության ձևավորմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել