HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երեխաներն իրենց անկողինը կիսում են օձերի ու կարիճների հետ

Եթե շատերն անհամբեր սպասում են, թե երբ է եղանակը տաքանալու, եւ ամառը գալու, ապա Շահումյան գյուղում ապրող Հայկուշ Կարապետյանի ընտանիքն ահ ու դողով է սպասում ամռան գալուն: «Հեսա եղանակները որ տաքանան, օձի, կարիճի ու մորմի դարդից մեր տունը տեղ ու դադար չի ունենա: Անցյալ տարի ենք տեղափոխվել ստեղ, օձը մտել էր տուն, մի րոպե էլ ուշ տենայինք` երեխուն կկծեր:

Ամառը վախից չենք կարում քնենք, կարիճները վրեքներովս ման են գալիս: Ամբողջ գիշեր պահակ ենք նստում, որ գոնե երեխեքին չկծեն: Արդեն դարդ եմ անում, մի քանի ամսից երրորդ թոռս կծնվի, ու՞ր պիտի պահենք, որ կարիճ կամ օձ չկծի»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Հայկուշ տատը:

Արդեն մի քանի տարի է` 5 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է երկաթյա ժամանակավոր տնակում: «Առաջ մեր դոմիկն ուրիշի հողի վրա էր դրված, ընդեղից մեզ հանեցին, որ փողոցում չմնայինք. գյուղապետարանը նախկին թռչնաֆաբրիկայի հողից մի կտոր առանձնացրեց, տվեց մեզ: Դոմիկը դրել ենք էդ հողի վրա: Հիմա չգիտենք` էդ հողը մե՞րն ա, թե չէ: Մեր ձեռքին ոչ մի փաստաթուղթ չունենք. օդի մեջ ապրում ենք: Կարող ա էսօր էլ գան, ասեն` ձեր դոմիկն առեք, ստեղից գնացեք: Անձրեւը գալիս ա մեր վրա ա լցվում, կարկուտը մեր վրեն ա թափվում, էս երեխեքը մեղք են, էս պայմաններից շաբաթը մեկ հիվանդանում են: Ջանիդ ղուրբան, մեր ընտանեկան վիճակը շատ ծանր ա, մի կերպ յոլա ենք գնում: Տանը 2 թոռ ունեմ, շուտով երրորդն էլ կծնվի, բայց ապրելու հնարավորություն չունենք: Զիբիլանոցով, պարտքերով մի կերպ գլուխներս պահում ենք: Ամեն օր գնում զիբիլանոցից վառելիք ենք հավաքում, շշեր ու այլ բաներ ենք բերում, մաքրտում, հանձնում ենք, մի երկու կոպեկ փող ենք առնում, հաց ենք առնում, որ յոլա գնանք: Մի օր խնամուս եմ խնդրում ալյուր ա բերում, մի օր հարեւանս ա տալիս: Ինչքա՞ն պիտի մուրացկանի նման ապրենք, չգիտեմ: Վիճակներս էնքան վատ ա, որ մերս ամեն օր մի կերպ քայլելով, 2 աման ճաշ ա բերում, որ գոնե թոռներս ուտեն, մենք էլի ջհանդամը, մի կերպ կդիմանանք, հաց լինի` կուտենք, չլինի` չենք ուտի»,- ասում է  տիկին Հայկուշը: Հայկուշ Կարապետյանի ընտանիքը ամսական ստանում է 21 հազար դրամ նպաստ: Սա ընտանիքի միակ հաստատուն եկամուտն է: 11_05-shahumyan-4

Ընտանիքը գյուղում ոչ մի սեփականություն չունի` բացի փտած ու ժանգոտած տնակից: Տարածքը, որի վրա դրվել է ժամանակավոր տնակը, մշակելի հողակտոր չունի, եւ գյուղում ապրելով` ամռանը հարեւաններից են կանաչի, լոլիկ խնդրում: Տնակի առջեւի քարից մի փոքր սենյակ են սարքել, որ ձմռանը վառարանը վառելիս տնակը չայրվի: Այդ սենյակի հատակը հողապատ է, իսկ տանիքի թիթեղները ծակծկված են. երբ անձրեւ է գալիս, տնակի ներսը ջրի մեջ կորում է:

11_05-shahumyan-3

«Շունն էլ ա ապրում, մենք էլ: Ցավդ տանեմ, մտի սաղի տները նայի, էս գյուղում մեզանից վատ ապրող չկա: Ամեն ինչի կարիք էլ ունենք, բայց որ չկա, ումի՞ց պահանջենք: Գոնե աշխատանք լիներ, էլի մի տեղ կաշխատեինք, գլուխներս կպահեինք: Տղես առավոտը ժամը 8-ին տնից դուրս ա գալիս, գնում բանվորություն ա անում, գիշերը 10-11-ին տուն ա գալիս, բայց օգուտ չկա, էլի չենք կարում ապրենք: Իրիկունը տղուս ձեռքերից արյունը թափվում էր, ամբողջ մատները ճղճղվել են, նստել լացել եմ, բայց էսքանից հետո էլ իրա երեխան էսօրվա դրությամբ սոված ա: 1500 դոլարի չափով մենակ տոկոս ունենք, չհաշված մանր-մունր պարտքերը: Չիմանաք, թե էդքան պարտքը, որ հավաքվել ա, քեֆերի կամ մեզ թազա շոր առնելու համար ենք կուտակել` ալյուր, յուղ, ձեթ ենք առել: Չենք կարեցել քիչ-քիչ տանք, էդքան շատացել ա»,- հուզված պատմում էր տիկին Հայկուշը: Շահումյանի գյուղապետարանի առաջատար մասնագետ Ջուլիետա Կոշկերյանը զարմացավ, երբ իմացավ, որ իրենց գյուղացի Հայկուշ Կարապետյանի անապահով ընտանիքի մասին ենք գրում: «Իրենք անապահո՞վ են: Չէի ասի, որ անապահով են, շատ էլ լավ են ապրում: Ճիշտ է, տուն չունեն, բայց լավ են ապրում»: Տիկին Կոշկերյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են լավ ապրում, երբ դեղի ու հացի գումար նույնիսկ չունեն: Գյուղապետարանի աշխատակիցը նշեց. «Դրսից է երեւում, որ վատ ապրող են, բայց լավ են ապրում, ամեն դեպքում, դռներն ընկած հաց չեն հավաքում: Ո՞վ է մեղավոր, որ տոկոսի տակ են ընկել: Մարդն իրա խելքից է տուժում»: Պարզվում է` այս գյուղում անապահով համարվելու իրավունք ունեն միայն այն մարդիկ, ովքեր դռնեդուռ ընկած` հաց են մուրում կամ էլ փողոցներում են թափառում: Գյուղապետարանի աշխատակիցների համար մտահոգության պատճառ չէ, որ մանկահասակ երեխաները քնելու անկողին չունեն, եւ տուն թափանցող օձերն ու կարիճները իրական վտանգ են ընտանիքի անդամների կյանքի համար: Համոզված ենք, որ տիկին Ջուլիետան երբեւիցե այդ ընտանիքին չի այցելել: Առաջատար մասնագետի ասելով` Հայկուշ Կարապետյանի ընտանիքը սեփականաշնորհված հողակտոր չունի, քանի որ հողերի սեփականաշնորհման ժամանակ սեփական հողամաս ունենալու համար գյուղապետարան դիմում չի ներկայացրել:

«Երեւի չեն ուզել սեփական հողամաս ունենալ եւ դիմում չեն գրել: Եթե գրեին, հաստատ կստանային, որովհետեւ այդ ժամանակ մարդիկ նույնիսկ իրենց երեխեքի անուններով էին հողեր ստանում: Միայն անցյալ տարի է տիկին Հայկուշը մեզ դիմել, թե` դրսում ենք մնացել, հողամաս չկա, որ դոմիկը տեղադրենք, գյուղապետարանն էլ ընդառաջել է ու թռչնաֆաբրիկայի տարածքից հող է հատկացրել, որ ժամանակավոր դոմիկը տեղադրեն: Մեզ ուրիշ հարցով երբեք չեն դիմել»,- ասաց Ջ. Կոշկերյանը:

Ջուլիետա Կոշկերյանին հարցրինք` արդյոք հնարավո՞ր է, որ այդ հողամասը սեփականության իրավունքով հատկացվի այդ ընտանիքին, որպեսզի նրանց այլեւս չսպառնա տեղից տեղ տեղափոխվելու վտանգը: «Ինչու՞ չէ, հնարավոր է: Երեւի պիտի հողի կադաստրային արժեքը մուծեն, ու հողը դառնա իրենց սեփականությունը»,- պատասխանեց նա: Մեր այցելության պահին երեխաների հայրը՝ Գրիգոր Սաֆարյանը, գնացել էր աշխատանքի: Նրա կինը` Ռուզաննան, կարտոֆիլ էր մաքրում: 5-ամյա Հայկուշիկն արդեն չէր դիմանում, թե երբ պիտի իրեն կերակրեն ու, պատի տակ խելոք նստած, սպասում էր, թե երբ է կարտոֆիլը եփվելու: Երբ Հայկուշիկին հարցրինք, թե ի՞նչ կցանկանար ունենալ, առանց երկար-բարակ մտածելու ասաց. «Մամայից մառոժնի եմ ուզում, բայց չի առնում»: Փոխարենը երազանք ուներ նրա տատը. «Երազանքս էն ա, որ գոնե մի 2 հարմար սենյակ լինի, իմ երեխեքը մարդավարի ապրեն»: Ռուզաննան 4 ամիս անց երրորդ երեխան լույս աշխարհ կբերի:

«Չգիտեմ` մեր կյանքն ինչպես կդասավորվի: Ամուսինս բանվորություն է անում, բայց աշխատավարձը ժամանակին չեն տալիս: Ընդհանրապես հույս չունեմ, որ մի օր դուրս կգանք այս վիճակից: Ոչ մի պետական մարմնի էլ չենք դիմել, թե մեզ օգնեք, որովհետեւ գիտենք, որ չեն օգնելու. իզուր ինչի՞ դիմենք: Համ էլ, որ ճիշտն ասեմ, ամաչում ենք»,-ասաց Ռուզաննան:

11_05-shahumyan-11

Հինգ անձից բաղկացած ընտանիքը քնում է մի փոքր սենյակում` ընդամենը 2 մահճակալի վրա: Թեեւ Հայկուշիկը բավականին մեծ է եւ այս տարի դպրոց է հաճախելու, սակայն, հարմարություն չունենալու պատճառով, մինչեւ հիմա օրորոցում է քնում, իսկ նրա 7 տարեկան եղբայրը տատիկի հետ նույն անկողնում է տեղավորվել: 5-ամյա Հայկուշն արդեն գիտի, որ ամիսներ անց ծնվելու է նոր երեխա, եւ ինքն իր օրորոցը պետք է զիջի փոքրիկին: Նա մի քիչ ուրախ է դրա համար, մտածում է` իր համար նոր մահճակալ կառնեն: Հայկուշ Կարապետյանը շաքարային դիաբետ հիվանդությամբ է տառապում:

«Նույնիսկ դեղ չեմ կարում առնեմ խմեմ, որ չմեռնեմ: Երեկ հարսիս աղբորն եմ խնդրել, 1000 դրամ տվել ա, 13 հատիկ դեղ ենք առել: Դեղերս ձրի ստանալու համար, ասեցին, պիտի գնաս Երեւանի հիվանդանոցը պառկես, բայց չկարողացա. շատ մեծ գումար ուզեցին: Եթե թոշակավորվեի, դեղերս էլ անվճար կլինեին: Երեկ էնքան վատ էի, մի կոճակ դեղ չունեի, որ խմեի: Հարսս վախեցել էր, մտածում էր` հեսա կմեռնեմ, դեղաբույսերով թուրմ ա սարքել, տվել ա խմել եմ, մի քիչ խելքս գլուխս ա եկել»,- ավելացրեց Հայկուշ տատը: Երբ հրաժեշտ տվեցինք իրար, ասաց. «Տղա ջան, երեւի ոտքդ խերով լինի, ու մի բարի դուռ էլ մեզ համար բացվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter