HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Երեւանցիների վստահությունը շահելու 6+1 տակտիկա

Արդեն տասն օր է, ինչ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցված 6 կուսակցություններն ու միակ քաղաքական դաշինքը քարոզարշավ են իրականացնում։

Ընդհանուր առմամբ, այն ընթանում է բավականին իներտ եւ բացարձակապես չի համապատասխանում այն սպասումներին, որոնք առկա էին մարտ, ապրիլ ամիսներին, երբ քաղաքապետի ընտրությունները մի կողմից չափազանց քաղաքականացվում էին, մյուս կողմից՝ նսեմացվում ընդհուպ որպես «գլխավոր հավաքարարի» ընտրություն։

Այս պասիվությունն ու իներտությունը կարելի է երկու հիմնական գործոնով բացատրել։ Առաջին՝ քաղաքական ուժերի եւ հասարակության ուշադրությունը ներքին քաղաքական խնդիրների տիրույթից տեղափոխվել է տարածաշրջանային, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացի եւ դրանց հետ կապված նոր զարգացումների հարթություն։ Երկրորդ՝ քարոզարշավի առաջին օրերը ցույց տվեցին, որ իշխանական կոալիցիայի մաս կազմող երեք կուսակցությունները եւ կոալիցիայից վերջերս դուրս եկած ՀՅԴ-ն, ինչպես նաեւ արտախորհրդարանական երկու կուսակցությունները՝ «Ժողովրդականը» եւ ՀԱՍԿ-ը, խուսափում են ՀԱԿ-ի կողմից ընտրությունները գերքաղաքականացնելու, դրանց համապետական նշանակություն հաղորդելու մարտավարության ծուղակն ընկնելուց։ Այս հանգամանքը փոքրացնում է քարոզարշավի ընթացքում ինտրիգների, սուր հակասությունների ու բախումների առաջացման հնարավորությունը, ինչը սենսացիաներ սպասող հասարակության համար խիստ անսովոր է։ Ամեն դեպքում, քարոզարշավի անցած 10 օրերը թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ անել, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչպիսի քարոզչական մարտավարություն է որդեգրել եւ ինչու։

ՀԱՍԿ

Կարելի է ասել, որ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ) որեւէ մարտավարություն ընտրելու հոգս իրեն չի պատճառել։ ՀԱՍԿ-ը ընտրություններին մասնակցում է՝ առանց լուրջ ֆինասական, մարդկային ու տեխնիկական ռեսուրսների ներգրավման։ Ակնհայտ է, որ կուսակցությունն անգամ չի փորձում այս ընտրություններն օգտագործել իրեն ճանաչելի դարձնելու համար։ Միակ լեյտմոտիվը Կարեն Դեմիրճյանի անունը օգտագործելն է եւ այն կուսակցության հետ կապելը, ինչը արվում է չափազանց ոչ գրագետ կերպով ու, բնականաբար, համոզիչ լինել չի կարող։ ՀԱՍԿ-ի քարոզարշավի այս բնույթը թույլ է տալիս ենթադրելու, որ կուսակցությունը կամ զուտ հետաքրքրության համար է մասնակցում ընտրություններին, կամ նրա հիմնական դերակատարությունը երեւալու է քվեարկության ու ձայների հաշվարկի ժամանակ։ Դեռեւս չեն վերացել կասկածները, թե այս կուսակցությունը քվեարկության ժամանակ փորձելու է ընտրությունների նկատմամբ լուրջ հետաքրքրություն չդրսեւորած ընտրողներին շփոթության մատնել իր անվան միջոցով եւ այդպիսով խլել ՀԱԿ-ի պոտենցյալ ձայների թեկուզ փոքր մասը։

Ժողովրդական կուսակցություն

Տիգրան Կարապետյանի կուսակցության մասնակցությունը ընտրությունները մի քիչ զվարճալի է դարձնում։ Ակնհայտ երեւում է, որ ԺԿ-ն եւս քարոզարշավի համար որեւէ մարտավարություն չի ընտրել։ Կարապետիչը հանրության հետ շփվում եւ մայրաքաղաքի կառավարման վերաբերյալ իր օրիգինալ գաղափարները տարածում է հիմնականում մամուլի ասուլիսների միջոցով։ Նա դուրս չի եկել քաղաքապետարանի գործառույթների նկատմամբ խորհրդային կարծրատիպերի շրջանակներից, ինչի պատճառով հաճախ հնացած ու պարզունակ մոտեցումներ է արտահայտում։ Երեւանում ճաշարաններ բացելու, հացի տեսքը բարելավելու, լոլիկ ու վարունգ աճեցնելու համար երեւանցիներին փոքրիկ «տնամերձներ բաժանելու» իր մտադրությունների մասին Կարապետիչը լրագողներին հայտնում է դեմքի ամենալուրջ արտահայտությամբ։

Օրինաց երկիր

Այս ընտրություններում ամենախոցելի քաղաքական ուժն է։ Նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ը կորցրեց իր պոտենցիալ ընտրողների մեծագույն մասին, փոշիացրեց իր քաղաքական կապիտալը՝ հեղինակությունն ու վստահելիությունը։ Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ-ը լուրջ հավակնություններ ունենալ չի կարող` չնայած չի փոխում նախկինում մեծ էֆեկտ տվող պոպուլիզմին ապավինելու մարտավարությունը։ Այս ընտրությունները ՕԵԿ-ի համար միայն ուժի փորձարկման հնարավորություն է՝ պարզելու, թե իրականում ինչպիսի ընտրազանգված ունի։ Յոթ տոկոսանոց արգելքի հաղթահարումը ՕԵԿ-ի համար չափազանց մեծ նվաճում կլինի։ Եվ կուսակցությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է հենց այս առավելագույն նպատակի իրականացմանը։ Հեղինե Բիշարյանի թեկնածության առաջադրումը որոշակի թարմություն է հաղորդում ՕԵԿ-ի քարոզչությանը։ Սակայն Բիշարյանն ինքը սկզբունքային քաղաքական գործչի կերպար կերտելու խնդիր ունի։ Քաղաքականապես ակտիվ երեւանցին շատ լավ հիշում է, թե նախագահական ընտրություններից առաջ եւ հետո ինչպիսի հակասական դիրքորոշումներով էր հանդես գալիս ՕԵԿ-ի փաստացի երրորդ դեմքը։ Կուսակցության մարտավարության առանձնահատկություններից մեկն էլ Բիշարյանին Արթուր Բաղդասարյանի ֆոնին ներկայացնելն է։ ՕԵԿ-ի քարոզչական պաստառներն այս իմաստով շատ նման են, նույնիսկ կրկնում են ԲՀԿ-ի պաստառները, որոնցում կուսակցության ցուցակի առաջին երեք դեմքերը եւս ներկայանում են Գագիկ Ծառուկյանի ժպտացող դեմքի ֆոնին։ Սակայն այն հանգամանքը, որ Արթուր Բաղդասարյանը խուսափում է ակտիվորեն ներգրավվել քարոզարշավում, ցույց է տալիս, որ նա չի ցանկանում դառնալ ընտրություններում ՕԵԿ-ի հնարավոր ձախողման հիմնական պատասխանատուն։

ՀՅԴ

Դաշնակցության հիմնական առավելությունը նրա կայուն ընտրազանգվածն է, որի վրա եւ նա հույս է դնում։ Սակայն քարոզարշավի նախօրյակին իշխանական կոալիցիայից դուրս գալը, օրենսդիրում եւ գործադիրում քաղաքական եւ հայեցողական պաշտոններից հրաժարվելը, ապա խորհրդարանի մշտական հանձնաժողովներից երկուսի նախագահի պաշտոնները ՀՀԿ-ի առաջարկով կրկին վերցնելը խիստ հակասական պատկեր են ստեղծել։ Այսօր ոչ ոք չի կարող ասել՝ իրականում հիմա ինչքա՞ն ձայներ ունի ՀՅԴ-ն։ Սպասելի էր, որ այս քարոզարշավը կուսակցությունը կծառայեցնի իրական ընդդիմություն դառնալու իր որոշումը հանրության համար ընկալելի դարձնելու նպատակին։ Սակայն մանր-մունր քննադատություններից, կսմիթներից բացի` ՀՅԴ-ն որեւէ լուրջ հարցում իշխանությունների նկատմամբ սկզբունքային հակասություն հանդես չի բերում։ Չայած բավականին կենդանի ու աշխույժ են կուսակցության ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանին ներկայացնող գովազդային հոլովակները, լավ են մշակված ընթերցվող տեքստերը, սակայն երկու հարցում բավականին անհաջող տարբերակ է ընտրված։ Առաջինը ՀՅԴ-ի ընտրած կարգախոսն է՝ «Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես», որից բացարձակապես պարզ չի դառնում՝ ինչպիսի՞ «տուն» է առաջարկում ինքը՝ ՀՅԴ-ն, ի՞նչ ակնկալիք կարող է ընտրողն ունենալ կուսակցությունից։ Երկրորդը՝ ցուցակի արաջին դեմքի՝ Արծվիկ Մինասյանի խարզիմայի բացակայությունն է։ Չնայած ընտրողներին ներկայացվում է կիրթ, ինտելեկտուալ անձնավորություն, սակայն չեն զգացվում նրա համարձակությունը, նախաձեռնողականությունը, անհատականությունը։

ԲՀԿ

«Բարգավաճ Հաաստանի» հիմնական ռեսուրսը նյութական-ֆինանսական հզոր լծակների կիրառումն է ընտրարշավում։ Իր հիմնական մրցակիցներին՝ ՀՀԿ-ին եւ ՀԱԿ-ին, ԲՀԿ-ն հակադրում է ագրեսիվ քարոզչական հնարքների կիրառումը, որը, սակայն, համակարգված բնույթ չի կրում։ Առաջին պլանում ոչ թե քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշկյանն է, այլ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Մի կողմից դա թիմային մոտեցման տպավորություն է թողնում, սակայն մյուս կողմից Քուշկյանին զրկում է ինքնադրսեւորվելու, որպես ապագա անկախ քաղաքապետ հանդես գալու հնարավորությունից։ Ընտրություններին Ծառուկյանի նման ակտիվ մասնակցությունը ավելի շատ ճնշող ազդեցություն է թողնում։ Ընտրված կարգախոսը՝ «Մեր խոսքը գործ է», ավելի շատ ասոցացվում է ոչ թե ԲՀԿ-ի, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ որպես ԲՀԿ-ի գործունեություն` շատ դեպքերում ներկայացվում է հենց կուսակցության ղեկավարի բարեգործական աշխատանքը, ընդ որում` ԲՀԿ-ից դուրս։ Այս կուսակցությունը պայքարում է առաջին կամ երկրորդ տեղը զբաղեցնելու համար։ Արդյունքը մեծապես կախված կլինի իր մրցակիցների՝ ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի մարտավարությունից։ Թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ԲՀԿ-ի համար կարեւորագույն հարցը ոչ թե առաջինը կամ երկրորդը լինելն է, այլ ՀԱԿ-ին հաղթելը եւ Երեւանի ավագանու կազմում մեծամասնություն լինելու իրավունք ստանալը։ Թե ում գլխավորությամբ դա կլինի՝ Գագիկ Բեգլարյանի՞, թե՞ Հարություն Քուշկյանի, երկրորդական խնդիր է։ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ մրցակցությունն ընթանում է հիմնականում այս երկրորդական հարթության վրա, որովհետեւ նրանք երկուսն էլ ցանկանում են լինել առաջինը, ու դրանով նոր քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու հնարավորություն ստանալ։ Դրանով է բացատրվում ժողովրդականություն եւ վստահություն վայելելու խնդրի նկատմամբ Գագիկ Ծառուկյանի դրսեւորած ուշադրությունը, ինչը եւ հանգեցրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ հայտնի վիճաբանությանը։ Չնայած այս երկրորդային նպատակադրմանը, ներքին մրցակցությունը իշխանության օգտին է, որովհետեւ այն ծառայում է ընդդիմության ձայների փոշիացմանը։

ՀՀԿ

Հանրապետական կուսակցությունը, հաշվի առնելով իր թեկնածուի քաղաքականապես խոցելի լինելու հանգամանքը, ընտրել է դրա ազդեցությունը թուլացնող մարտավարություն, որը պայմանականորեն կարելի է «բակային» համարել։ Գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Գագիկ Բեգլարյանը հիմնական ուշադրությունը ընդհանուր հարցերից տեղափոխել է կոնկրետ բնակչի հիմնախնդիրներին, որոնց փորձում է ծանոթանալ եւ լուծումներ առաջարկել բակային հանդիպումների միջոցով։ ՀՀԿ-ի «քարոզչական» զինանոցում մեծ դեր է հատկացվում ադմինստրատիվ ռեսուրսների օգտագործմանը։ Մասնավորապես համայնքապետարաններն իրենց պլանային գործունեությունն իրականացնում են ՀՀԿ-ի եւ նրա թեկնածուի անունից։ Արդեն անգամ ՀՀԿ-ականները չեն թաքցնում այսպես կոչված «100 տոկոսանոց» ցուցակների շրջանառության փաստը։ ԿԸՀ-ում ՀՀԿ-ի ներկայացուցիչ Աբրամ Բախչագուլյանն անգամ դրանք համարեց «համակրության» ցուցակներ։ ՀՀԿ-ի ընտրած կարգախոսը՝ «Քեզ համար, Երեւան», երկակի զգացումներ է առաջացնում։ Մի կողմից այն ասոցացվում է նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների հետ, մյուս կողմից` քաղաքապետարանի գործունեությանը կուսակցության թիմային մոտեցում ցուցաբերելու տրամաբանություն, քաղաքական գծի շարունակականության տպավորություն է հաղորդում։

ՀԱԿ

Չնայած ՀԱԿ-ը նախապես հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրությունները վերածելու է նահախագահական ընտրությունների երկրորդ ռաունդի, սակայն կիրառվող քարոզչական քաղաքականությունը բացարձակապես այդ խնդիրը չի լուծում։ Երեւանը «քաղաքական աղբից» մաքրելու ՀԱԿ-ի քարոզչական արշավը զուրկ է այն հասցեականությունից, որի վրա խարսխված էր համաժողովրդական շարժման մարտավարությունը նախագահական ընտրությունների քարոզարշավին։ Այս իրողությունը իշխանական-կոալիցիոն կուսակցություններին ազատում է ՀԱԿ-ի հետ բանավեճի մեջ մտնելու թելադրված պարտավորությունից, ինչը երեւանյան ընտրությունները նախագահականի վերածելու ամենակարճ ճանապարհը կարող էր լինել։ Սա, իհարկե, ավելի հավասարակշռված մոտեցում է։ Սակայն «ավելին, քան ավագանու ընտրություններ» դիրքորոշումը ՀԱԿ-ին թույլ չի տալիս հավուր պատշաճի մտնելու Երեւանի եւ երեւանցիների խնդիրների հարթություն։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Կոնգրեսն իր քարոզչությունն իրականացնում է` ինչ-որ առումով իրականությունից կտրված։ Այս համատեքստում բացարձակապես անտեսվել է Երեւանի կառավարմանը վերաբերող ծրագրեր ներկայացնելու անհրաժեշտությունը։ Դա կամա-ակամա ՀԱԿ-ին դրդում է գտնելու բոլորովին նոր հենման կետեր, որոնցից տեսանելի է առայժմ ընդամենը երկուսը: Առաջին՝ ընտրություններին հնարավորինս շատ մասնակիցների ապահովումը։ Անցած 10 օրվա ընթացքում ՀԱԿ-ի ողջ քարոզչական գործունեությունը եղել է երեւանցիներին ուղղված հորդոր, պահանջ՝ մասնակցելու քվեարկությանը։ Ընդ որում, քարոզարշավի այսպիսի պատկերի ստեղծմանն ամենագործուն կերպով նպաստում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով բավականին ակտիվ կերպով անմիջականորեն մասնակցում է ընտրարշավին։ Երկրորդ՝ ՀԱԿ-ը կազմակերպում է համայնքային մինի հանրահավաքներ։ Սակայն, քանի որ ի սկզբանե իրեն դուրս է դրել Երեւանի պրոբլեմատիկայի շրջանակներից, ստացվում է, որ ամեն հանրահավաքի Կոնգրեսը խոսում է գրեթե նույն բաների մասին։ Դա ընտրողների շրջանում կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, թե Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը սպառում են իրենց ասելիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter