HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հակոբյանն օգնել է բարձրաստիճան ոստիկանին եւ թույլ չի տվել նրան ծեծել

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում որպես վկա հարցաքննվեց նաեւ Արթուր Խաչատրյանը: Վերջինս 2008 թ. մարտի 1-ին ներքին զորքերի հրամանատարի տեղակալն էր (այժմ նա այդ պաշտոնից ազատվել է): Վկան դատարանին պատմեց, որ 2008 թ. մարտի 1-ին, երբ եկել է Մյասնիկյանի արձանի մոտ, նկատել է, որ ներքին զորքերի ռազմական տեխնիկան շատ մոտ է կանգնած ժողովրդին: Դրանք տարածքից հեռացնելու իր մտահոգությունը հայտնել է ներքին զորքերի հրամանատարին եւ ստանալով վերջինիս համաձայնությունը` անմիջապես անցել է գործի: Բարձաստիճան ոստիկանի խոսքերով` ռազմական տեխնիկան, մասնավորապես «BTP»-ը, նույնիսկ ոչ մարտական վիճակում (առանց զրահամեքենայի վրա տեղադրված գնդացրի), եթե անցներ հակառակորդ ուժերին, կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: «Այնտեղ այնպիսի իրավիճակ էր առաջացել, որ ինչ-որ մարդիկ ուզում էին գնալ սկանդալի: Ես տեսա, որ այդպիսի մի խմբի դիմաց կանգնած էր Հակոբ Հակոբյանը եւ փորձում էր մարդկանց հանդարտեցնել: Հասկացա, որ նա (Հակոբյանը) դրականորեն է տրամադրված,- դատարանին պատմեց վկա Խաչատրյանը: - Հակոբյանն ինձ նկատեց եւ ժեստերով հարցրեց, թե ինչ եմ ուզում: Ես էլ հասկացրի, որ տեխնիկնան պետք է դուրս բերվի: Գլխով արեց եւ սկսեց գործել»: Ըստ վկայի` Հակոբ Հակոբյանը, որպես ԱԺ պատգամավոր եւ պատերազմ անցած մարդ, իր հեղինակությամբ կարողացավ այնպես անել, որ մարդիկ իրեն լսեն եւ թույլ տան դուրս բերել ռազմական տեխնիկան: «Ես ուրիշ պատճառ չեմ տեսնում, որովհետեւ այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ հնարավոր չէր ինչ-որ ձեւով ասել, գոռալ կամ հրամայել, որպեսզի մարդիկ քեզ լսեին»,- ասաց ներքին զորքերի նախկին փոխհրամանատարը: Նա շեշտեց, թե ժողովուրդն այնպիսի վիճակում էր, որ հանգստացնելու համար չէր բավարարի նույնիսկ Հակոբ Հակոբյանի նման 10 հեղինակության ջանքերը: «Եթե լիներ կազմակերպված ուժ, գուցե հնարավոր լիներ կազմակերպված ձեւով ինչ-որ բան անել: Բայց անհատի կողմից ինչ-որ բան փոխելը հնարավոր չէր»: Արթուր Խաչատրյանը պատմեց նաեւ, որ վերջին տեխնիկան դուրս բերելիս հանկարծ 4 կողմից սկսել են իրեն հարվածել: Սակայն հեռվից այդ ամենը նկատել է Հակոբ Հակոբյանը եւ դարձյալ միջամտել է` թույլ չտալով բարձրաստիճան ոստիկանին ծեծել: Մեղադրող Հովսեփ Սարգսյանը վկային հիշեցրեց, որ վերջինս նախաքննության ժամանակ հայտնել է, թե Հակոբյանը եղել է իր մարդկանցով` 15-20 հոգու հետ: «Ի՞նչ է նշանակում «իր մարդկանցով»: Այդքան ժողովրդի մեջ ես ո՞նց պետք է տարբերեի, թե ով է Հակոբյանի մարդը կամ կոնկրետ քանի հոգին են նրա հետ»,- տարակուսեց Արթուր Խաչատրյանը: Նա մանրամասնեց, որ Հակոբ Հակոբյանին ճանաչում է շատ վաղուց, իրենք մարտական ընկերներ են, եւ իրենց ընդհանուր ծանոթներից կամ մարդական ընկերներից որեւէ մեկին այդ պահին Հակոբյանի կողքին չի տեսել: Հակոբ Հակոբյանն էլ նկատեց, որ երբ միջամտել է, որպեսզի Արմեն Խաչատրանին չծեծեն, ինքը եւս ստացել է մի քանի հարվածներ. «Եթե իմ մարդիկ` 15-20 հոգով հետս լինեին, պարզ է, որ նման բան չէր լինի»: Վկան նշեց, որ ինքը Հակոբ Հակոբյանի կողմից որեւէ հակաօրինական արարք կամ անկարգություններ կազմակերպելու` ջարդելու, փշրելու, դիմադրություն ցույց տալու եւ ոստիկաններին չենթարկվելու կոչեր չի լսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter