HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Մովսեսաշենում սպասում են լույսին

Մովսեսաշենցի Մովսեսը 9 տարեկան է: Գյուղում է ծնվել ու մեծացել, իրեն իր հայրենի գյուղում շատ լավ է զգում: Նա ընտանիքի միակ անդամն է, որի ծննդավայրը Քաշաթաղի շրջանի Մովսեսաշեն գյուղն է:

Դասերից հետո փոքրիկ Մովսեսը հասցնում է նաեւ օգնել ծնողներին` անասունն է հանդից տուն բերում, հոր հետ փայտ ջարդում: Նա երբեք չի տրտնջում, չնայած որ ոչ միշտ է հնարավորություն ունենում ասենք հեռուստացույց դիտելու, քանի որ գյուղում էլեկտրաէներգիա չկա, եւ հեռուստացույց դիտում են գեներատորի միջոցով: 11_05-ashotՆրա ընտանիքը 1999 թվականից է այս գյուղում: Հայրն ու մայրը գյուղի դպրոցում են աշխատում, նաեւ անասնապահությամբ ու մեղվապահությամբ զբաղվում: Մովսեսի հայրը` Աշոտ Սիմոնյանն ասում է, որ գոհ են իրենց ապրուստից. մոտ 80 հազար դրամ կայուն եկամուտ ունեն, իսկ ընտանիքի կարիքների մի մասն էլ ապահովվում է բանջարանոցից ստացած բերքի, անասնապահության եւ մեղվապահության հաշվին: «Իսկ ով վատ է ապրում` իր մեղքով է: Ապրելու համար աշխատել է պետք, մանավանդ որ պետությունը աջակցում է կողքից` ինչպես նորաստեղծ, բազմազավակ ընտանիքներին, այնպես էլ տարբեր խավերին»,-ասում է Աշոտ Սիմոնյանը:  Խոսելով տարածքների հանձնման մասին շրջանառվող հայտարարություններին, նա պնդում է, որ գյուղից հեռանալու մտադրություն ընդհանրապես չունի: 11_05-hamikՄովսեսաշենը գտնվում է Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածում` շրջկենտրոն Բերձորից մոտ 50 կմ հեռավորության վրա: Այստեղ ընդամենը 6 ընտանիք է բնակվում, որոնցից մեկն էլ Համիկ Մկրտչյանի բազմազավակ ընտանիքն է: 2002-ին են եկել Մովսեսաշեն: Սկզբից սկսեցին անասուն պահել, իսկ հետո նաեւ գյուղի դպրոցում աշխատանք ունեցան: Համիկը դպրոցի  ֆիզկուլտուրայի ուսուցիչն է  ու զինղեկը, իսկ կինը դպրոցի հավաքարարուհին է: Երկուսի աշխատավարձը նույնպես 80 հազար է կազմում: Բացի այդ բանջարանոց ունեն, անասուն են պահում: 6 երեխա ունեցող Համիկ Մկրտչյանն ասում է, որ գնալով կյանքը լավանում է, քանի որ աշխատում են, այլապես չեն կարող գոյատեւել: Բացի այդ էլ, ինչպես մեր զրույցի ժամանակ կես-կատակ կես-լուրջ նշեց, աղջիկներին ամուսնացրել է, ու ընտանիքը «թեթեւացել է»: Նախկինում գյուղ տրանսպորտ չէր աշխատում:  Նախագահ Բակո Սահակյանը  անցած տարի այցելելով Մովսեսաշեն խոստացել էր լուծել այդ խնդիրը:  Մոտ երկու ամիս առաջ Արախիշի համայնքին, որի մեջ է մտնում նաեւ Մովսեսաշեն գյուղը, ՈՒԱԶ մակնիշի մեքենա է տրամադրվել, որն ամսվա ընթացքում որոշակի օրերի Բերձոր է տանում եւ բերում ինչպես Մոսվսեսաշենի, այնպես էլ մոտակա Շալուա եւ Վակունիս գյուղերի բնակիչներին: Գյուղում առաջնայինը էլեկտրաէներգիայի խնդիրն է, որն էլ նախագահն իր այցի ժամանակ խոստացել է լուծել: «Եթե հոսանք լինի` շատ ընտանիքներ կգան այստեղ ապրելու»,-ապագայի նկատմամբ լավատեսությունն այսպես են արտահայտել մովսեսաշենցի գրեթե  մեր բոլոր զրուցակիցները:  Հոսանքի բացակայության պատճառով գյուղից պատրաստվում է հեռանալ բազմավազակ ընտանիքներից մեկը: Գյուղի բնակիչների մոտ, իրոք, հույս կա, որ այս տարի գյուղում էլեկտրաէներգիա  լինելու, քանի որ նախագահը խոստացել է: Բերձոր հասնելուն պես փորձեցինք շրջվարչակազմից ճշտել, թե ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտաշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ շրջանի գյուղերի էլեկտրաֆիկացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Մինչեւ 2006 թվականին կառուցված գծերն ամբողջությամբ ենթակա են փոխելու: Ոչ միայն կորուստներն են շատ, այլ նաեւ կյանքի համար էլ են վտանգ ներկայացնում»,-ասաց  Արտաշ Մխիթարյանը: Նա նաեւ հայտնեց, որ 2009-ին նախատեսված է Շալուա, Վազգենաշեն գյուղերի էլեկտրաֆիկացումը, իսկ Մովսեսաշենի հարցը դեռ պարզ չի: «Ծավալներն են հստակեցված, ոչ թե բնակավայրերը, իսկ ծավալների մասին տեղյակ չեմ»,-ավելացրեց վարչակազմի ղեկավարի տեղակալը: (Տես նաեւ՝ «Այստեղ հաճելի խաղաղություն է» )

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter