
Կառավարության նախկին կազմն այնքան լավն էր, որ մենք նույնիսկ անհանգստանում էինք մի քիչ. կդիմանա՞ ներկայինս, կպահպանվի՞ IQ-ի մակարդակը:
Սակայն մտավախությունները, ինչպես պարզվեց, զուր էին: Այս անգամ էլ ընդհանուր ջանքերով ձևավորեցինք մտքի կատարյալ տիտանների կառավարություն: Եվ տիտաններն այդ ահա արդեն մեկ տարի շարունակ գլուխներից եռման ջուր են լցնում շնորհակալ ազգաբնակչության գլխին:
Թերթի նախորդ համարում` «Ժյուլվեռնի նամակները» ավանդական խորագրի ներքո, հրապարակված էր մեր վաղեմի և բոլորի կողմից սիրված մտացածին հերոսի` Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ Ժյուլվեռն Չիբուխչյանի հերթական նամակը, այս անգամ հասցեագրված բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Եվ ահա երեկ խմբագրություն զանգահարեց նախարարության ներկայացուցիչն ու խիստ ձայնով տեղեկացրեց, որ պարոն նախարարն ուզում է... սեփական աչքով տեսնել նամակի բնօրինակը!!!:
Կարելի էր ի սրտե ծիծաղել ու մոռանալ այդ պատմությունը: Բա'յց: Ինչպես հայտնի է, ԴՆԹ-ի անալիզի համար պիտանի է մաշկի ցանկացած ամենափոքրիկ պատառիկ: Արդյոք այդ հեռախոսազանգը շատ ավելի վտանգավոր երևույթի վկայություն չէ՞: Ովքե՞ր են մեզանում ընդհանրապես նստած կառավարական հաստատություններում:
Ժամանակին Պասկալն ասել է, որ եթե Ֆրանսիան լքեն երեք հարյուր ինտելեկտուալներ, ապա Ֆրանսիան կվերածվի ապուշների երկրի: Հետաքրքիր է, քանի՞ ինտելեկտուալ է լքել խեղճ Հայաստանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել