«Առանց նախապայմանների» քաղաքականությունը հենց սկզբից ձախողված էր
Հայտարարություն
2009 թ. Ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ երկու կողմերը «համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով»: Այս համատեքստում սահմանվել է «ճանապարհային քարտեզ», ինչը նշանակում է, որ ըստ էության ավարտված են հաշտեցման շուրջ բանակցությունները, և գոյություն ունի երկկողմ համաձայնեցված փաստաթուղթ։
Եղեռնի 94-ամյակին, ՀՀ ներկայացուցիչները «առանց նախապայմանների հարաբերությունների» անվան տակ, փաստորեն ընդունել են խայտառակ նախապայմաններ՝ սեփական կամքով վերահաստատել են «Կարսի» պայմանագիրը Ապրիլի 24-ի նախօրեին, ընդունել են ցեղասպանության պատմական իրողության փաստի ոչնչացման՝ «կնճռոտ հարցերի» պատմաբանների հանձնախումբ ստեղծելու Թուրքիայի նախապայմանը, ինչը հիասթափություն եւ մտահոգություն առաջացրեց սփյուռքահայության եւ նրա կազմակերպությունների, միությունների եւ քաղաքկական ու հասարակական գործիչների մոտ:
Մենք, ներքոստորագրողներս գտնում ենք, որ «առանց նախապայմանների» քաղաքականությունը հենց սկզբից ձախողված էր: Հայաստանի ղեկավարությունը իր սողացող եւ ստորաքարշ քաղաքականությամբ ամեն քայլի եւ ամեն հանդիպման ժամանակ՝ թրքական կողմին զիջել է իր դիրքերը եւ այսօր մերկ կանգնած է բիրտ եւ հզոր հարեւան երկրի առաջ: Եւ դա արվել է այն դեպքում, երբ հայկական կողմն ունեցել է նախապայմանների միջազգային ճանաչողություն եւ ընդունելություն ունեցող ամենահրաշալի պայմանները՝ իր հակառակորդին թելադրելու համար:
Հայկական կողմը ճանաչելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հողային ամբողջականությունը, համամիտ լինելով «ցեղասպանությունը ուսումնասիրող հանձնաժողովի» ստեղծման մտքի հետ՝ մեր ազգային խնդիրները իվնաս հայ ժողովրդի արդեն «լուծել» է եւ գնում է, որ նորանոր հակահայի պայմանագրեր ստորագրի:
Մենք գտնում ենք, որ այդ «համապարփակ շրջանակի» եւ «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարությունը Ապրիլ-24-ի նախօրեին ՀՀ արտաքին քաղաքականության ձախողման ապացույցն է, ինչը հանգեցրել է մեծ նահանջների: Դա այլ բան չէ, ինչ ողջ հայության, նամանավանդ եղեռնի զոհերին անհարգալից վերաբերմունք եւ սեփական ձեռքերով հանցագործի արյունոտ ձեռքերը մաքրել:
Հայաստանի ղեկավարությունն իր կոալիցիոն կուսակցություններով հանդերձ օրըստօրե իր զիջողական քաղաքականությամբ Հայաստանի պետական եւ համազգային շահերը զիջել է Թուրքիային ու Ադրբեջանին:
Այդ սողացող զիջումները տեղի է ունեցել տարիների ընթացքում հասարակության աչքից հեռու: Հայաստանի պետականությունն այսօր կանգնած է վտանգավոր պահի առաջ: Եթե 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդը մեծ կորուստ տվեց ուրիշի յաթաղանի տակ գտնվելով, այսօր դա կարող է տեղի ունենալ Հայաստանի աթոռապաշt ղեկավարների ստորաքարշ քաղաքականության ջանքերով:
Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության նեղ շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին ընդունված եւ լույս 23-ին արված հայտարարությունը եւ դրա դրույթները իրականացնող «Ճանապարհային քարտեզը» անօրինական են եւ անբարոյական: Անօրինական են, որովհետեւ նախքան հայտարարելը քննարկման համար ոչ՛ Ազգային ժողովին, եւ ոչ՛ էլ հասարակությանն են ներկայացվել:
Անօրինական եւ անբարոյական են, որովհետեւ ցեղասպանության, «պատմական փաստերի», ուսումնասիրությունը սփյուռքի համար արդեն վաղուց ավարտված է եւ որպես փաստ արժանացել է տասնյակ պետությունների քաղաքական գնահատականին, այն է՝ ցեղասպանությունը ճանաչվել է նրա կողմից որպես ապացուցված փաստ:
Ուստի, qանի որ խոսքը գնում է վերջնական համաձայնեցված շրջանակների մասին, ներքո ստորագրող կազմակերպություններս պահանջում ենք այս փաստաթղթի հրապարակումը եւ կոչ ենք անում նաեւ հայ ժողովրդին, բոլոր մտահոգ անձանց, եւ նամանավանդ սփյուռքում աշխատող քաղաքական եւ հասարակական բոլոր այն կազմակերպություններին եւ գործիչներին, ովքեր անհանգստացած են ստեղծված ներկա իրավիճակից, չբավարարվել միայն մտահոգություններ արտահայտելով, այլ պահանջել ՀՀ ղեկավարությունից` անհապաղ հրապարակել ողջ հայության շահերին առնչվող այս փաստաթուղթը։
- Եվրոպայի Հայերի Համագումար (Assembly of Armenians of Europe (AAE)
- Հայ Ազգային Մշակութային Կենտրոն (Գերմանիա)
- Նախաձեռնուղ խումբ (Եվրոպա)
29 Ապրիլի 2009 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել